Մտել է փակուղի

21/10/2009

Թուրքիայի մի խումբ պատգամավորներ, ադրբեջանցի օրենսդիրների հրավերով, հոկտեմբերի 25-28-ը կժամանեն Ադրբեջան: Թուրք պատգամավորները Միլի Մեջլիսում կներկայացնեն Թուրքիայի դիրքորոշումը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: «Ես կարծում եմ, որ խորհրդարանը հավանություն չի տա այս արձանագրություններին, որովհետեւ արձանագրություններում մեզ համար կարեւոր մի քանի կետեր ներառված չեն, եւ դա Թուրքիային անհանգստացնում է: Այնպես որ, չեմ կարծում, թե սահմանները շուտ կբացվեն»,- երեկ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական խմբակցության պատգամավոր Շյուքրյու Էլեկդագոմը: Նրա խոսքերով, այն երկու ամիս ժամանակը, որը նախանշված է սահմանները բացելու համար, վերաբերում է արձանագրությունները վավերացնելուց հետո եկող ժամանակահատվածին, «իսկ այդ վավերացման հարցը փակուղի է մտել»: Հարցին, թե ի՞նչը կխանգարի վավերացմանը` Էլեկդագոմը պատասխանել է, թե առաջին հերթին կա Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոստումը` տված Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: «Վարչապետը հավանաբար ետ չի կանգնի իր խոսքից: Երկրորդ, պատմության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը մի քանի հարցադրումներ է ուղարկել Արտգործնախարարության հանձնաժողովին` կապված արձանագրությունների հետ: Այդ հարցադրումներում արտահայտվում է Թուրքիայի անհանգստությունը՝ կապված արձանագրությունների հետ»,- ասել է նա: Ի դեպ, ըստ Թուրքիայի արտգարծնախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկնելու է Ադրբեջան: Բացի այն, որ Դավութօղլուն կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների հանդիպմանը, նա պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: