«Չմիավորվեց, քանի որ արձանագրությունները վատը չեն»,- ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

21/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կատարվածը ցույց չի՞ տալիս, որ կողմերը անհաղթահարելի տարաձայնություններ ունեն, եւ որ սահմանի բացման գործընթացը ցանկացած պահի կարող է կանգ առնել:

– Ո՛չ, չեմ կարծում: Քաղաքական կատեգորիա չէ այն, երբ ասում են` այս մեկը շատ էր ժպտում, մյուսը չէր ժպտում, կամ որ 10 անգամ զանգեցին` մինչեւ համաձայնություն ձեռք բերվեց եւ այլն: Պարզ է, որ պրոցեսը հեշտ չէ, մենք չպետք է իրար խաբենք: Բայց էմոցիոնալ գործոնները գլխավորը չեն: Կարեւորն այն է, որ փաստաթղթերը ստորագրվեցին առանց որեւէ փոփոխության:

– Բայց հայտարարություն չարվեց, իսկ հետագայում թուրքական մամուլում, նաեւ` մեր որոշ թերթերում տպվեց այդ հայտարարության տեքստը, եւ ենթադրվեց, թե հայկական կողմը համաձայն չի եղել պատմական հարցերով ենթահանձնաժողովի վերաբերյալ հատվածին:

– Նախ` ենթադրություններ անել պետք չէ: Իմ տեղեկություններով էլ` Դավութօղլուի հայտարարության մեջ խոսք էր գնալու ԼՂ հարցի մասին: Տարբեր աղբյուրներից մենք տարբեր ինֆորմացիա ենք ստանում: Ես հակված եմ հավատալ նրան, ինչ կա դե յուրե: Մյուս ենթադրությունները կարող են լինել այս կամ այն կողմից տարածված, այսպես ասած, «բրոշենայա լոժնայա ինֆորմացիա», քանի որ լուրջ ինֆորմացիոն պատերազմ է գնում: Ադրբեջանը, օրինակ, պարզ է, որ պետք է ամեն ինչ անի, որ այս գործընթացները չպսակվեն հաջողությամբ, նաեւ` ինֆորմացիոն դաշտում: Մենք պարտավոր ենք նման ինֆորմացիաների նկատմամբ ուշադիր եւ զգույշ լինել:

– Մտավախություններ ունե՞ք, որ սահմանի բացման գործընթացը կարող է կապվել ԼՂ հարցի հետ:

– Արձանագրություններով ԼՂ հարցը որեւէ ձեւով չկա, բայց մտահոգություն, իհարկե, կա, որ գործընթացների ժամանակ փորձ արվի այս հարցերը կապել: Օրինակ` այսօր վավերացման գործընթացն է, եւ Թուրքիայի ընդդիմությունը կարող է փորձել հայ-թուրքական հարաբերությունների դաշտ վերադարձնել ԼՂ հարցը: Նույնիսկ, երբ վավերացումը լինի (իսկ ես վստահ եմ, որ արձանագրությունները կվավերացվեն եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի կողմից), իրականացման փուլում թուրքերը կարող են նորից պահանջել, որ ԼՂ հարցում առաջընթաց լինի: Եթե Թուրքիայի պառլամենտը շատ ձգձգի վավերացումը` կապելով այն ԼՂ-ի հետ, պարզ է, որ Հայաստանը պետք է դուրս գա այդ գործընթացներից: Կարծում եմ` նման բան չի լինի, բայց եթե վտանգը մեծ լինի, Հայաստանը ուղղակիորեն դուրս կգա պրոցեսից եւ վերջ: Վավերացումից հետո էլ, եթե Թուրքիան փորձի չկատարել արձանագրություններից բխող պահանջները, նախագահն ու ԱԺ-ն ՀՀ Սահմանադրության համաձայն միշտ էլ կարող են չեղյալ համարել այդ պայմանագրերը:

– Հիմնական մտահոգություններից մեկն էլ այն է, որ Թուրքիան կարող է սահմանը բացելուց որոշ ժամանակ հետո այն փակել: Այս դեպքում Թուրքիան ինչ-որ բան ստացած կլինի, քանի որ մենք արդեն ճանաչած կլինենք նրա փաստացի սահմանները, եւ ակնհայտ է, որ դանդաղեցված կամ կասեցված կլինի ցեղասպանության միջազգային ճանաչումը: Իսկ մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջեւ: Ո՞րն է երաշխիքը, որ Թուրքիան բացելուց հետո չի փակի սահմանները:

– Գլխավոր երաշխիքը այս պրոցեսում այն է, որ կան լուրջ միջնորդներ` ի դեմս ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի, ինչ-որ չափով` նաեւ` ԵԱՀԿ-ի (ֆորմալ միջնորդը Շվեյցարիան է): Այդ միջնորդները շատ լուրջ միջնորդներ են եւ նրանց հետ կատակ անել նույնիսկ Թուրքիայի պես մեծ երկիրը չի համարձակվի: Ուրեմն` Թուրքիան վավերացնի, բացի սահմանը ու հետո, ասենք` երեք ամսից, փակի՞ այն: Այդ դեպքում Թուրքիայի դեմ լուրջ քայլեր կկատարվեն այդ միջնորդների կողմից, քանի որ նրանց դերն ու ազդեցության մեխանիզմները եւ, որ ամենակարեւորն է` շահերը շատ մեծ են այս տարածաշրջանում: Պատկերացնո՞ւմ եք`

ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ուզում են, որ սահմանը բացվի ու բոլոր նավթամուղային, գազամուղային, երկաթգծային ծրագրերը անխափան աշխատեն, պրոցեսը արդեն խորացել է, ու հանկարծ ինչ-որ մեկը ուզում է խոչընդոտ առաջացնել: Նրանք ոչ էլ կնայեն` դա Թուրքիա՞ն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Ուղղակի, կներեք, վրայով կանցնեն: Այսինքն` այդ միջնորդների շահերը այնքան ուժեղ են այսօր, որ դրանց դեմ դուրս գալը շատ վտանգավոր է: Թուրքիայի համար որոշիչ էր նաեւ այն, որ Ռուսաստանն էլ գտավ այս պրոցեսում իր շահը, որը կապված է հատկապես Տարածաշրջանում Վրաստանի դերի նվազեցման, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների սպասարկման հետ: Մի քանի օր հետո Մոսկվայում տեղի է ունենալու հայ, թուրք եւ ռուս պատգամավորների հանդիպում: Նախկինում ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ Ռուսաստանի, Թուրքիայի ու Հայաստանի պատգամավորները կարող են նման ձեւաչափով հանդիպել: Որ Թուրքիան սահմանները բացելուց հետո այն չի փակի, մի ուրիշ պատճառ էլ կա, որը շատ ընթերցողների համար կարող է անսպասելի լինել: Ուզում եմ ասել` կներեք` բայց Թուրքիան կայացած ու լուրջ երկիր է: Թուրքիան ընդհանրապես չէր մտնի այս խաղի մեջ, եթե չուզենար կամ շահ չունենար: Ու Թուրքիան լավ գիտի, որ որքան խորանում է այս պրոցեսի մեջ, այնքան դժվար կլինի դուրս գալը: Ուրեմն` այս ձեւի ենթադրություններ կարող են ծագել ադրբեջանա-վրաստանա-հայաստանա տիպի երկրներում, այսինքն` երկրներում, որոնք տրանզիտային փուլում են, որոնք կարող են հեշտ դուրս գալ պայմանագրից, քցել եւ այլն: Սա նրանից է, որ մենք պետականաշինության շատ կարճաժամկետ փորձ ունենք ու միամիտ-միամիտ կարծում ենք, թե այդքան հեշտ է հետ կանգնել ստորագրությունից կամ ինչ-որ գործընթացից, որի մեջ դու մտել ես: Բայց ոչինչ, մենք էլ ենք փորձ ձեռք բերում ու այս տիպի մտավախություններ այլեւս մեզ մոտ մյուս անգամ չեն առաջանա:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Ընդդիմությունը կարծես թե փորձում է միավորվել այս գործընթացի դեմ, բայց չի հաջողվում:

– Պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը այնքան կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ընդդիմության ողջ սպեկտրը իր կարծիքը` համաձայնությունը կամ անհամաձայնությունը, արտահայտեց: Սա շատ նորմալ է: Բայց հաճախ խոսվում է, որ բոլոր ուժերը պետք է միավորվեն: Ես դրան կողմնակից չեմ: Ուժերը միավորվում են տոտալիտար երկրներում: Բոլշեւիկյան Ռուսաստանում, նացիստական Գերմանիայում, իրոք, ուժերը միավորվեցին: Ինչով դա ավարտվեց` բոլորը գիտեն` մյուս ուժերին սկսեցին ոչնչացնել, գնդակահարել: Ես համաձայն չեմ, որ հայ-թուրքական հարաբերություններում բոլոր նյուանսների հետ կապված բոլորը պետք է միակարծիք լինեն: Ավելին, նորմալ եմ համարում, որ նույն ընդդիմադիր դաշտում տարբեր մոտեցումներ կան: Ի դեպ, իմ կարծիքով, ընդդիմադիր դաշտի չմիանալու պատճառը հենց այն է, որ այդ արձանագրությունները վատը չեն: Եթե իսկապես արձանագրությունները վատը լինեին, հավաստիացնում եմ ձեզ` ընդդիմադիր դաշտից, փորձագետներից եւ առարկողներից բոլորը կհամախմբվեին` առանց բացառության: Բայց պարզ երեւում է, որ արձանագրություններին դեմ արտահայտվողների դաշտում նյուանսների, մոտեցումների տարբերություն կա տարբեր կետերի նկատմամբ: