Սպասում եմ մահվան

21/10/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

57 տարեկան տիկին Գայանեն շուտով, դժբախտաբար շուտով, կարող է մահանալ: Այնպես, ինչպես վերջերս մահացավ Լիդան, հետո՝ Արարատը, հետո՝ երկու երեխաներին որբ թողած թոքախտավոր մեկ այլ կին:

Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները հերթով մահանում են: Ոմանք՝ թոքախտից, ոմանք՝ նյարդային համակարգի բորբոքումներից, ոմանք էլ՝ քաղցկեղից: Նկուղային հարկի բոլոր բնակիչների սենյակներում ամիսներ առաջ իմ տեսած մարդիկ դարձել են պատերից փակցված սեւ շրջանակների մեջ տեղադրված հանգուցյալների նկարներ: Մի քանի ամիս առաջ տիկին Լիդան ողջ էր, բայց… Նկարում պատկերված կինը Գայանե Ծառատակյանն է, ով ամիսներ առաջ կենսունակ եւ ժպտերես էր: Այսօր արդեն մահամերձ, անկողնային հիվանդ է, ում բժիշկներն ապրելու համար կանխորոշել են առնվազն մեկ ամիս: Տիկին Գայանեի մոտ հայտնաբերվել է թոքերի ճյուղավորված չարորակ ուռուցք, որը բուժման կամ հեռացման ենթակա չէ: Հանրակացարանի նկուղային հարկի կենսապայմանները հերթով ճանապարհում են բնակիչներին հանդերձյալ աշխարհ, որովհետեւ, ինչպես բնակիչներն են ասում` «Էս անասնական պայմաններում մարդը չի դիմանում: Շունը կսատկեր, մենք փաստորեն մեր պետության համար իրավունքներից զուրկ անասուններ ենք»: Հանրակացարանի բառի բուն իմաստով կոյուղաջրերի «ճահճի» մեջ ապրող մոտ 15 ընտանիքները տարեկան ունենում են 4-5 մահ, իսկ մանկահասակ երեխաներից գրեթե բոլորի մոտ հայտնաբերվում է թոքախտ կամ թոքաբորբ հիվանդությունը: Կոյուղաջրերի ճահճուտի առնետները «տնավորվել են» մարդկանց սենյակներում եւ որպես տարածքի «տերեր»՝ պարբերաբար վնասում են մանկահասակ երեխաներին: Այս հանրակացարանի նկուղային հարկի բնակիչների սոսկալի կենսապայմանների մասին մենք պարբերաբար ահազանգում ենք, որից հետո, ճիշտ է, Երեւանի քաղաքապետարանն ու Էրեբունու թաղապետարանը մի քանի օր ակտիվ արձագանքել են, սակայն որոշ ժամանակ անց խնդիրը կրկին մոռացվել է` 16 ընտանիքների կյանքը թողնելով բախտի քմահաճույքին: «Հենց հոդված եք գրում` խառնվում են իրար, բայց որոշ ժամանակ հետո նորից անտերության են մատնում: Չգիտենք էլ ո՞ւմ դիմենք, էլ ի՞նչ անենք, որ մեզ փրկեն: Ախր էս խոնավությունից, էս խոլերայի իրավիճակից մերոնք հերթով մահանում են: Թող գան ցանկացած մեկի դուռը թակեն` արդեն մարդիկ դարձել են հանգուցյալի նկարներ: Ձեր գրելուց հետո եկան, ուսումնասիրություններ արեցին ու ասացին, որ շենքը 4-րդ կարգի վթարային ա, պետք ա բնակիչներին տեղահանեն, քանդման ենթակա շենք ա, բայց…»: Բայց, փաստորեն, քաղաքապետարանում մարդկային կյանքից առավել կարեւոր գործեր կան, դրա համար էլ այս մարդիկ մատնվել են անուշադրության: Անուշադրության էր մատնվել նաեւ հանրակացարանի բնակիչ Զարիկը, որն իր սենյակում թոքախտից մահացել էր, եւ մի քանի օր սենյակում մնալուց հետո դիակը հոտել էր, ամբողջ սենյակն առնետներով ու որդերով էր լցվել: Մարիամ Պապանյանը վրդովված ասում է. «Սա է մեր ապագան: Նայե՛ք Գայանեին ու մեր ապագան պատկերացրեք: Բոլորս հերթով էն աշխարհ ենք գնալու: Էն աստիճանի ենք հասել, որ բարձրաձայն ասում ենք, թե հաջորդն ով ա մահանալու, որովհետեւ թաքցնելու բան չկա, մեզ մոտ դա սովորական երեւույթ ա դարձել: Հեն ա, երկու երեխաների մայրը թոքախտից մեռավ, երեխեքին որբ թողեց: Բա սա պետությո՞ւն ա, իրանց երկու կոպեկի համար երեխեքին անտեր են թողնում ու հետո ասում են` բերեք տանենք մանկատուն: Նույնն էլ իմ հետ կլինի, կհիվանդանամ, կմեռնեմ, իսկ երեխուս պետությունը կպահի: Մի տարվա մեջ 4 դիակ ենք հանել, էն դեպքում, որ 15 ընտանիք ա ապրում»: Ի դեպ, բնակիչները վստահեցնում են, որ մահվան ելքերն արձանագրվում են բժշկական միեւնույն ախտորոշումներով` թոքախտ, թոքերի քաղցկեղ, նյարդային բորբոքումներից առաջացող մահացու հիվանդություններ: Տիկին Գայանեն գիտակցելով, որ շուտով մահանալու է, ինձ հրավիրել է իրենց մոտ, որ գոնե այս օրինակով ՀՀ իշխանություններն «արթնանան»: Ասում է` «Ես համակերպվել եմ մեռնելու հետ, բայց էստեղ են իմ երեխաները, որոնք հաշմանդամ են դարձել, էստեղ են մյուսներն, ովքեր դեռ ողջ են: Խնդրում եմ` ձեր թերթի միջոցով բարձրաձայնեք էս բնակչության անմխիթար վիճակի մասին: Ասե՛ք, որ էստեղ անասուններ չեն, մարդիկ են ապրում: Սերունդ ա մեծանում, որ էստեղ ապրելու պայմաններում մարդը դառնում ա հիվանդ, հաշմանդամ ու վաղը-մյուս օրը պետության համար դառնում ա անպիտան զինվոր»: Տիկին Գայանեն այլեւս չի կարողանում խոսել, շնչահեղձ լինելով «թուլանում է» անկողնու մեջ: Հարեւանուհին` Մարիամը, խնդրում է հարցում անել պոլիկլինիկա եւ համոզվել, որ ամբողջ տարին այս հարկի բնակիչների երեխաները հիվանդ են եւ մշտապես դեղորայք են ընդունում: Ասում են` այստեղ բոլորն էլ սպասում են մահվան: Հանրակացարանի նկուղային հարկի բոլոր սենյակների պատերը թաց են, ու ներսի խոնավության գարշահոտին համակերպվելու համար ինքդ քեզ պիտի հորդորես, որ շուտով դուրս ես գալու ու մաքուր օդ ես շնչելու: Անահիտ Գրիգորյանը օրեր առաջ լվացք փռելիս մահից է փրկվել, որովհետեւ հանրակացարանի ամրապատը հանկարծակի փուլ է եկել: Կաղալով է ման գալիս. «Նյարդային բորբոքում ունեմ, ոտքս հազիվ եմ քարշ տալիս: Ես ջհանդամ, հեն ա՝ Գոռիկս թոքաբորբ, Գոջոս հիվանդ, ախր սենց ո՞նց կլինի, է՛: Ախր մարդ ենք էլի: Ես յոթ տղա, յոթ զինվոր եմ տվել պետությանը, որ էսօր էս խոլերայի մե՞ջ ապրեմ: Արի ներս ցույց տամ, թե կռիսը ոնց ա նկուղից բարձրացել սենյակ, բուն դրել ու գիշերները փոքր թոռնիկներիս վրայով ման գալիս: Վախենում ենք նույնիսկ քնենք»: Մարիամ Պապանյանը վստահեցնում է, որ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուներն էլ ծանոթանալով հանրակացարանի «ողբալի» իրավիճակին՝ իրենց միանշանակ խոստացել են ընտրվելու դեպքում ապահովել կացարաններով, բայց… «Ես նույնիսկ որոշ մարդկանց համար աշխատել, ձայներ եմ հավաքել, որովհետեւ հավատալով նվիրվել եմ իրենց: Դա արել եմ, որ երեխայիս կաշին փրկեմ, որովհետեւ նվիրվել եմ իրանց, հավատացել եմ իրանց խոստմանը, բայց խաբում են, խաբում են ամենաստոր ու ամենաայլանդակ ձեւով: Մարդկանց կյանքի հաշվին սուտ են խոսում ու ստորացնում են մեզ: Ո՞ւր են էդ ընտրյալները, որոնք ընտրությունների ժամանակ հանկարծ գալիս են մեր դուռը»:

Նոր-Արեշ 35 փողոցի հանրակացարանի նկուղային հարկում հանգրվանած շուրջ 15 ընտանիքներն այս հանրակացարանում սենյակ են ստացել 1993-1995թթ.-ին: Խորհրդային տարիներին այս մարդիկ աշխատել են Հայաստանում գործող տարբեր արդյունաբերական գործարաններում, որտեղ աշխատելու պայմաններում ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում՝ մինչեւ պետությունը նրանց կտրամադրեր բնակարաններ: Սովետի փլուզումից հետո բնակարաններ տրամադրելու պետական ռազմավարությունը ուժը կորցրեց, այնպես, ինչպես ուժը կորցրած համարվեց այն ցուցակը, որտեղ հերթագրված էին հազարավոր մարդիկ: Այնպես որ, եթե 1990-ականներին պետությունը խլեց մարդկանց տուն ստանալու հույսն, ապա այսօր արդեն պետությունը խլում է նաեւ նրանց ապրելու հույսը: