ԿԲ տեղեկությունների համաձայն, 2005 թ. երկրորդ եռամսյակում միջազգային
դրամական փոխանցումների համակարգով Հայաստան մուտք գործած դրամի ծավալը
2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 11,01 տոկոսով՝
կազմելով 54,1 մլրդ դրամ կամ ավելի քան 110 մլն դոլար: Հայաստանից
կատարվող դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի
համեմատ նվազել է 5,1 մլրդ դրամով՝ կազմելով 8,1 մլրդ դրամ: Այսպիսով,
չնայած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը
շարունակում է անշեղորեն աճել, արտերկրի հայաստանցիների կողմից իրենց
հարազատներին ուղարկվող դրամական օգնությունները նույնպես ավելանում են:
Կամ մեր վիճակագրությունն է ստում (հակառակ դեպքում օգնության կարիք
ունեցողների թիվը, հետեւաբար՝ նաեւ օտարերկրյա տրանսֆերտները պետք է
կրճատվեին), կամ արտասահմանում ապրող մեր հայրենակիցները սկսել են ավելի
շատ սիրել ու կարոտել Հայաստանում մնացած իրենց հարազատներին:
Իրականությունն այն է, որ վիճակագրությամբ արձանագրվող ՀՆԱ աճն ապահովվում
է հենց դրսից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հաշվին, որոնց ծավալն, ըստ
նույն վիճակագրության, նախորդ տարի գերազանցել է 700 մլն դոլարը (միայն
բանկային համակարգով փոխանցված գումարներինը): Իսկ դա տնտեսության իրական
աճի հետ կապ չունի: