Էմպատիայի եւ հարմարվողականության մյուս ծայրին է գտնվում դիվանագետի կանխակալ կարծիքը զրուցակցի, բանակցային կողմի կամ իրեն հյուրընկալած երկրի ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ, որն անվանվում է հարմարվողականության անտիթեզ` հակավարկած: Կանխակալ կարծիքով տառապող դեսպանի համար իր աշխատած երկրում ամեն ինչ վատ է` սկսած եղանակից, վերջացրած վարչակարգով: Ավելորդ է ասել, որ նման մտածելակերպ եւ դիրքորոշում ունեցող դեսպանը հազիվ թե նպաստի իր եւ տվյալ երկրի բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Կանխակալ, գնահատման բացասական սիդրոմով, առաջին հերթին, տառապում են քաղաքական եւ գաղափարախոսական տարբեր բեւեռներում տեղավորված հասարակարգերի քաղաքական գործիչները եւ դիվանագետները:
Խորհրդային Միությունը եւ Արեւմուտքը երբեք չեն դադարեցրել քաղաքական-գաղափարախոսական առճակատումը: Բավական է միայն հիշել Նիկիտա Խրուշչովի դիվանագիտական «մարգարիտները», երբ նա հայտարարում էր, որ թաղելու է կապիտալիզմը եւ կամ կոշիկով թմբկահարում էր ՄԱԿ-ի ամբիոնը, իսկ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունը համարում էր չարյաց կայսրություն: Ի՞նչ էմպատիայի կամ փոխըմբռնման ու հարգանքի մասին կարող է խոսք լինել նման անողոք պայքարի պայմաններում: Սակայն չպետք է կարծել, որ քաղաքական եւ դիվանագիտական հակամարտությունը հատուկ է միայն հակոտնյա հասարակական-քաղաքական տարբեր ֆորմացիաներին, եւ, որ միեւնույն ճամբարում գտնվող երկրների ղեկավարները բանակցում են զուտ հաճոյախոսությունների շրջանակներում:
ԵԱՀԿ-ում անձամբ ականատես եմ եղել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների սուր բախումներին եւ բանավեճերին` ինչպես կարեւոր քաղաքական հարցերի, այնպես էլ՝ տեխնիկական, օրինակ, աշխատանքային հանձնախմբերում միայն անգլերեն լեզվի օգտագործման պատճառով: Նույն Վիեննայում հաճախակի էին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Հունաստանի դեսպանների բախումները:
Հեղինակի անձնական արխիվից
Անվանի դիվանագետ Վիկտոր Պոպովը Անգլիայի պրեմիեր-մինիստր Մարգրետ Թետչերի մասին իր գրքում նկարագրում է, թե ինչպես «Երկաթե լեդին», մեղմ ասած, անտեսում է զրուցակցի կարծիքը: Հեղինակը մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Ժիսկար դգ Էստենի խոսքերը Մ. Թետչերի մասին: «Նրա համար զրուցակիցը որպես այդպիսին գոյություն չունի: Նա պատրաստ է խոսել նրա հետ միայն այն դեպքում, երբ վերջինս լրիվ կիսում է իր տեսակետը: Նրա մտքով անգամ չի անցնում, որ զրուցակցի խոսքերում կարող է հանդիպել որեւէ փաստարկի, որ կարելի է ընդունել՝ ի գիտություն»: Արդյունքում դգ Էստենը առաջին իսկ հայացքից հակակրանք տածեց Թետչերի նկատմամբ եւ անվանեց նրան «խանութպանի դուստր»:
Այսպիսով մեկ անգամ եւս կարելի է փաստել, որ երկրների միջեւ ոչ միայն բարեկամական, այլեւ, գոնե, բնականոն հարաբերությունների զարգացումը բազմաթիվ օբյեկտիվ գործոնների կողքին՝ կախված է նաեւ դիվանագետների զրուցելու կարողությունից եւ ցանկությունից: Եթե մենք խոսում ենք էմպատիայի երեւույթից, որպես բանակցությունների հաջողության գրավականներից մեկի մասին, ապա, իմ կարծիքով, այն պակասում կամ լրիվ բացակայում է Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում՝ հարեւանների, մասնավորապես, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկայում: Դա վաղուց պետք է հասկանային Երեւանում, Բաքվում եւ Անկարայում: Մինչդեռ առանց էմպատիայի գոնե նվազագույն առկայության, իսկ մյուս կողմից` առանց կանխակալ դիրքորոշման հնարավորինս բացակայության, այդ հարաբերությունների փակուղուց դուրս գալը դառնում է պրոբլեմատիկ, եթե ոչ` անհնար:
Իրո՞ք լսելը խոսելուց դժվար է
Դիվանագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ զրույցի հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու, այլ նաեւ լսելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ լռելու ունակությունից: «Խելացի խոսելը դժվար է: Իսկ խելացի լռելն ավելի դժվար է»,- ասել է Սոկրատեսը: Իսկ Պլուտարքոսը ելնելով այն հանգամանքից, որ մենք ունենք մեկ բերան եւ երկու ականջ, խորհուրդ է տալիս երկու անգամ շատ լսել, քան խոսել: Համալսարաններում, այդ թվում՝ նաեւ դիվանագիտական բուհերում, դասավանդում են մի շարք առարկաներ ապագա մասնագետների մտքերն արտահայտելու համար: Բայց լսելու, ընդ որում՝ ակտիվ լսելու, զրուցակցի հետ չընդմիջվող եւ դինամիկ հետադարձ կապ պահելու մասին առարկաներ, դժբախտաբար, չեն դասավանդում: Ուսումնական հաստատությունների այս արատն է նկատի ունեցել Լի Յակոկկան, երբ գրել է. «Ես կցանկանայի գտնել այնպիսի ինստիտուտ, ուր մարդկանց խոսել սովորեցնեին»: Լսել նշանակում է՝ ուշադրություն դարձնել մարդուն եւ հնարավորության սահմաններում փորձել հասկանալ, թե նա ինչ է ուզում ասել: Ամերիկյան հոգեբան Տիմ Սանդերսը նշում է. «Դուք, հավանաբար, նկատել եք, թե որքան դժվար է գտնել մարդ, որն ուզենա ձեզ լսել: Մեզ այնքան աղմուկ եւ ինֆորմացիա են պարտադրում, որ մենք վարժվել ենք անտեսել դրանց մեծ մասը: Կարծում եմ՝ ուշադրությունը շուտով կդառնա նոր դեֆիցիտային ռեսուրս»: Անցյալ դարի 90-ականներին Քեմբրիջի համալսարանի հոգեբանների խումբը Դոնալդ Բրադբենտի գլխավորությամբ մշակեց «Զտման մոդելի» տեսությունը, որի էությունը կայանում է հետեւյալում: Մարդը տիրապետում է ընտրողական զտիչի, որը նվազեցնում է ընդունվող սենսորային ինֆորմացիայի ծավալը: Նոր ինֆորմացիան որոշ ժամանակ դանդաղում է եւ հետո նոր միայն մշակման համար հասնում ուղեղին, բայց սոսկ այն դեպքում, եթե պարզվում է, որ այդ ինֆորմացիան կարեւոր է: Զտված ինֆորմացիան ակտիվացնելու համար պահանջվում է լրացուցիչ խթան: Այս տեսությունը վկայում է, որ իսկապես, գոյություն ունի ուշադրության կենտրոնացման, մարդկանց լսելու լուրջ դեֆիցիտ, ինչը եւ դժվարացնում է նրանց հաղորդակցությունը, իջեցնում է զրույցի օգտակար գործողության գործակիցը:
Լսելը եւ ունկնդրելը նույն հասկացությունները չեն: Մենք մշտապես լսում ենք ֆոնային ձայն եւ դրան ուշադրություն չենք դարձնում: Բայց, երբ, իրոք, ունկնդրում ենք, որոշակի կապ ենք հաստատում մարդու հետ: Հայերենի հարուստ լեզվում «լսել» բառը ունի տասնյակի հասնող հոմանիշներ` իրենց նրբերանգներով հանդերձ. ականջ դնել, ըմբռնել, իմանալ, միտքը հասկանալ, անսալ, մտիկ անել եւ այլն: Այս բազմազանության մեջ մեզ համար կարեւոր է առանձնացնել լսելու այն տեսակը, որը գալիս է լրացնելու էմպատիայի ֆենոմենը, դառնում նրա մասնիկը եւ, վերջին հաշվով, հանդես գալիս որպես զրուցակցին ընկալելու կարեւոր միջոց, նրա հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտ պայման: Զրույցի հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն ուշադիր լսել զրուցակցին, այլեւ կենտրոնանալ նրա ասածների վրա, իրեն դնել նրա տեղը, աշխարհին նայել նրա աչքերով, շոշափել նրա տեսակետը, չընդմիջել եւ չձգտել արտահայտել սեփական կարծիքը: Պետք է կարողանալ լսել առանց դատապարտելու եւ խորհուրդներ տալու: Զրուցակցին վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեն աշխարհում ամենակարեւոր անձնավորությանը` սա զրուցելու արվեստի գաղտնիքներից մեկն է, այն կախարդական բանալին, որը դուռ է բացում զրուցակիցների միջեւ` անկեղծ հաղորդակցություն եւ շարունակական կապեր ստեղծելու ճանապարհին: Հանրահայտ է, որ դիմացինի կողմից «ընդունված» եւ «պահաջարկված լինելը» հանդիսանում է մարդու բազիսային, ունիվերսալ պահանջ: Այդ բնական պահանջը բավարարվում է այն դեպքում, երբ մարդուն լսում են: Երբ քեզ լսում են` օգնում են ստեղծելու քո ինքնությունը, զարգացնելու քո «ԵՍ»-ը: Ուշադիր ունկնդիրը նպաստում է մեր մտքերի ամրապնդմանը եւ հաստատմանը, դրանց արմատավորմանը եւ կյանքի ուժ ստանալուն: Երբ դիմացինը ուշադրություն է դարձնում մեր վրա, ոչ միայն լսում է, այլեւ առանց ընդմիջելու ունկնդրում, ապա մեզ հնարավորություն է ընձեռվում զրուցակցի հետ կիսելու մեր մտքերն ու զգացմունքները, առանց վախենալու, որ մեզ չեն հասկանա, եւ կամ մենք կհայտնվենք ծիծաղելի վիճակում: Երբ զրուցակիցը կամ զրուցակիցները ծիծաղում են ձեր կատակախոսության կամ անեկդոտի կապակցությամբ, դուք ձգտում եք ավելին ասել եւ հաճույք ստանալ դիմացինի ուշադրությունից եւ այն բազմապատկել: Եվ ընդհակառակը, երբ ոչ ոք չի ծիծաղում, ուշադիր չլսելու կամ անեկդոտը անհաջող լինելու պատճառով, ժամանակն ասես կանգ է առնում, դուք շիկնում եք, սենյակում օդն ասես պակասում է: Ոշադրության կենտրոնից դուրս մնալը, զրուցակցի հետաքրքրության կորուստը պատճառում է ուժեղ ֆրուստրացիա, ինչը, բնականաբար, անհաջողության է մատնում դիվանագիտական զրույցը, արդյունքը հավասարեցնում զրոյի: Մենք հաճույքով շփման մեջ ենք մտնում այն անձնավորության հետ, որը մեզ լսում է, այդպիսով ընդգծում է մեր կարեւորությունը: Եթե հանդիպումը պաշտոնական կամ ստիպողական չէ (դիվանագետը նույնպես մարդ է եւ կարիք ունի հոգեհարազատ շփման), ապա մենք դիմում ենք ոչ թե խիստ, քննադատական խառնվածք ունեցող անձնավորության, որը միգուցեեւ ճիշտ խորհուրդ կտա մեզ: Ուրեմն մենք գնում ենք բարի ու մեղմ մարդու մոտ: Նա բարոյագիտության դասախոսություն չի կարդա, ամենքին եւ ամեն ինչ չի քննադատի ու փնովի, այլ ուշադիր եւ ակտիվ կլսի ձեզ: Վերջինիս հետ մենք կարող ենք ազատ խոսել, կիսվել, «պատմել մեր դարդերը»: Եվ նման դրական մոտեցման, «լսված լինելու» շնորհիվ՝ մենք կիմանանք, թե ինչ ենք անելու: Եթե մարդը գիտե լսել, ուրեմն գիտե նաեւ հարգել դիմացինին: Երբ դուք ուշադիր լսում եք զրուցակցին, ապա նրա մոտ պատրաստակամություն է առաջանում հաշվի առնել ձեր տեսակետները ու փաստարկները, եթե անգամ համաձայն չէ դրանց հետ: Լավ հասկանալու համար դիմացինի դիրքորոշումը՝ հարկ է ունկնդրել նրան լրջորեն, առանց ընդմիջելու, ինչը հնարավորություն է ընձեռում վերլուծել իրադրությունը եւ ընդունել ճիշտ, օպտիմալ որոշում:
Քարնեգին իրեն հատուկ հումորով տալիս է հետեւյալ «բարի» խորհուրդը զրույցը վարելու վերաբերյալ: «Եթե դուք ուզում եք, որ մարդիկ խուսափեն ձեզնից, ձեր հետեւից ծիծաղեն ձեր վրա, նույնիսկ արհամարհեն ձեզ, ապա լսեք իմ խորհուրդը. երբեք ոչ ոքի երկար մի լսեք, անդադար խոսեք ձեր մասին, եթե ձեր գլխում միտք է ծագել, պետք չէ սպասել մինչեւ ձեր զրուցակիցը կավարտի խոսքը, համարձակ ընդմիջեք նրան եւ մտեք նրա նախադասության մեջ»: Մի փոքր ցինիկ, բայց շատ դիպուկ է հնչում նաեւ նրա այն միտքը, «թե ձեր զրուցակիցը իրենով եւ իր խնդիրներով հարյուր անգամ ավելի է հետաքրքրված, քան ձեզնով եւ ձեր խնդիրներով: «Նման մարդու համար,- ասում է Քարնեգին,- սեփական ատամի ցավն ավելի կարեւոր է, քան Չինաստանի սովը, որի հետեւանքով զոհվեց հազար մարդ»:
Լսելու ունակությունը հանդիսանում է այն ֆունդամենտալ հատկությունը, որը մեծապես ազդում է զրույցի որակի եւ արդունավետության վրա: Այն կարեւոր է ոչ միայն լուրջ քաղաքական զրույցների ընթացքում, այլեւ առօրյա արարողակարգային միջոցառումների շրջանակներում: Քիչ չեն այն դեպքերը, երբ մարդը մոռանում է մեկ վայրկյան առաջ իրեն ներկայացված անձնավորության անունը: Նա չի հիշում այդ ինֆորմացիան այն պատճառով, որ ուշադիր չի լսել, թե ինչ է ասվել:
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դոնալդ Ռուզվելտը համոզված է եղել, որ մարդիկ երբեք չեն լսում այն, ինչ իրենց ասվում է, իսկ համաձայնում են` ելնելով քաղաքավարությունից: Իր վարկածը հաստատելու համար, նա երբեմն հյուրերին դիմավորում էր հետեւյալ նախադասությամբ. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Այս առավոտ ես սպանեցի տատիկիս»: Հյուրերը որպես կանոն՝ ժպտում էին եւ ցուցադրում դրական ռեակցիա: Միայն մեկ անգամ կին հյուրերից մեկը` ի պատասխան, ցավակցական արտահայտությամբ պատասխանեց. «Ես, համոզված եմ, պարոն նախագահ, որ ձեր տատիկը արժանի էր դրան»:
Լավ լսելը պահանջում է նպատակային մարզում, որը տալիս է հետաքրքիր արդյունքներ: Օրինակ՝ փորձառու դիվանագետը զրույցի ժամանակ ավտոնոմ «միացնում է լսելու ռեժիմը» եւ անջատում «խոսելու ռեժիմը», ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում երկկողմ ռադիոկապի սեանսի ժամանակ: Նա տեղին եւ ժամանակին է օգտագործում նաեւ պաուզան, որին տիրապետելը պակաս կարեւոր չէ, քան լռելու ունակությունը: Այսպես կոչված, «պերճախոս» պաուզան ստիպում է զրուցակցին շտապ լցնել այն սովորաբար չնախատեսված եւ հաճախ բավական անկեղծ խոսակցությամբ: Պաուզան ունի մի քանի նպատակ: Նախ՝ նա խոսողին հնարավորություն է ընձեռում ժամանակ շահել մտածելու եւ հետագա մտքերը կարգի բերելու համար: Լսողն իր հերթին «մարսում» է լսածը: Դերասանները եւ քաղաքական գործիչները լավ գիտեն պաուզայի արժեքը: Հայտնի է, որ Ջորջ Բուշ-Կրտսերը լավ հռետոր չէր:
Սակայն երկար եւ նպատակային պարապմունքներից հետո նրա խոսքը նկատելիորեն բարելավվեց: Բայց նախագահի մոտ ավելի լավ էին ստացվում պաուզաները: Նա դրանցում վարպետացավ, չնայած երբեմն ընկնում էր չափազանցության մեջ:
Հմուտ դիվանագետը ավելի շատ հարցնում է, քան` խոսում: Նա խուսափում է խորհուրդներ տալուց, եթե նրան ուղիղ չեն հարցնում այդ մասին: Նրա հարցերը հիմնականում վերաբերում են զրուցակցին հետաքրքրող, երկրորդական թեմաներին, եւ ավելի պակաս ասես իմիջիայլոց, «լուրջ» հարցերին: Այս սցենարով զրուցելու դեպքում դիվանագետը շահում է զրուցակցի համակրանքը եւ վստահությունը: Իսկ երբ նա տեղում է խոսքերի տարափ եւ արանքում էլ փորձում է ինֆորմացիա «փախցնել», նա զրույցը տանուլ է տալիս, հարաբերություններին հաղորդում է խորթություն եւ սառնություն: Կան մշակված եւ փորձված մեթոդներ, որոնք գրեթե անվրեպ գործում են հաղորդակցության ժամանակ: Անկեղծությունը եւ շիտակությունը, որոնք որպես դիվանագիտական կատեգորիաներ՝ դարեր շարունակ հանդիսանում են վեճի առարկա (այդ մասին մենք հատուկ կխոսենք), միայն նպաստում են զրույցի արդյունավետությանն ու զրուցակիցների մերձեցմանը: Երբ դուք ուշադիր լսելով դիմացինին, որի հետ առաջին անգամը չէ, որ հանդիպում եք, կիսում եք նրա հետ ձեր էմոցիոնալ փորձը եւ ավելին` երբ նրան վստահում եք անձնական գաղտնիք, որը ամենեւին չի շոշափում ձեր պետության շահերը, ապա կարող եք վստահ լինել` շահել եք մի նոր բարեկամ: Խելացի դիվանագետը տարիների ընթացքում սովորություն է ձեռք բերում ասել. «Ես դա չգիտեմ»: Ամենագետներին եւ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, «ծակ փիլիսոփաներին» չեն սիրում ոչ մեզ մոտ, ոչ էլ արտասահմանում: Մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, եւ պետք էլ չէ, որ իմանա: Սակայն քիչ չեն դիվանագետները, որոնք պատրաստ են խոսել այնպիսի թեմաներից, որոնց մասին գաղափար անգամ չունեն: Մինչդեռ անկեղծ խոստվանությունը, որ տվյալ առարկան քեզ անծանոթ է, որ դու իրազեկ չես դրանում, միայն բարձրացնում է քո հեղինակությունը շրջապատի աչքում:
Հոգեբանության առումով հիմնականում գոյություն ունի լսելու երկու տեսակ. ոչռեֆլեկտորային եւ ռեֆլեկտորային: Բառերը ծագում են լատիներեն «reflexus» «արտացոլված» բառից: Ոչռեֆլեկտորային է հանդիսանում լսելու այն տարբերակը, երբ լսող կողմը կարողանում է ուշադիր լռել, «պահում» է խոսակցության թելը եւ ստեղծում ատրակցիայի` վստահության մթնոլորտ:
Ռեֆլեկտորային է կոչվում լսելու այն տարբերակը, երբ մենք խոսողի հետ մտնում ենք ուղիղ, ակտիվ հետադարձ կապի մեջ: Փորձառու դիվանագետը ոչռեֆլեկտորային ունկնդրումը զուգակցելով ոչվերբալ` այսինքն՝ ոչխոսքային հաղորդակցության հետ, զրուցակցին հնարավորինս դարձնում է համոզվող եւ փոխզիջող: Այլ կերպ ասած՝ նա հաջողությամբ «խոսեցնում է» դիմացինին, առաջնորդվելով այն փորձված բանաձեւով, որ գերադասելի է լինել լավ լսող` քան խոսող, եւ թողնել, որ զրուցակիցը խոսի իր ուզածի չափ:
Լսելու արվեստին ավելի լավ տիրապետելու համար սկսնակ դիվանագետների ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փորձարկված գործելաձեւ.
– նախքան զրույցի սկսելը կազմեք հստակ պատկերացում, թե ինչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից,
– թեթեւացրեք զրուցակցի խնդիրը, եթե նա զուսպ է, քաշվող, «ուրբաթախոս»: Նրա մենախոսության ընթացքում արեք քաջալերող մեկնաբանություններ. «հասկանում եմ», «անշուշտ»: Միաժամանակ ժպտացեք, գլխով արեք, նայեք դիմացինի աչքերին, բայց ոչ շատ սեւեռուն, ընդունեք հետաքրքրվածի կեցվածք,
– ստուգեք ձեր լսածի հավաստիությունը «ո՞վ», «ի՞նչ», «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչո՞ւ», «ի՞նչ» բառերի օգնությամբ:
– ուշադիր ունկնդրեք զրուցակցի պաուզաներին, կրկնություններին, ձայնի տատանումներին. այդ ամենը մատնացույց են անում խոսակցի հուզվածությունը,
– խոսեք քիչ, լսեք շատ: Եվ երբ խոսելու հերթը հասնի ձեզ, դուք ավելի հեշտ կշարադրեք ձեր մտքերը: