Ռեժիսոր Բորիս Գրաչեւսկին երեխաներին ու նրանց ծնողներին համախմբելու մի գեղեցիկ տարբերակ է գտել, որի անունը «Երալաշ» մանկական երգիծական կինոհանդես է, եւ որի ուրախ մեղեդային ազդանշանները էկրանին են գամել սկզբում՝ մեր ծնողներին, իսկ արդեն՝ մեր երեխաներին։ Ծնվելով խորհրդային ամենազոր ցենզուրայի պայմաններում, այդ հանդեսը կարողացավ բավականին լուրջ հեղաշրջում անել՝ հիշեցնելով, որ կա անբռնազբոս ազատություն ու միայն մանուկներին հատուկ ամբողջականություն։ Առանց որեւէ գրաքննության մի քանի րոպեանոց ֆիլմերում ներկայացվում է երեխաների ազատ աշխարհը, որտեղ սիրում, խանդում ու կռվում են բոլոր ժամանակների հերոսները՝ տղաներն ու աղջիկները։ Կռիվները կարող են դաժան լինել, իսկ սերը՝ կործանիչ, բայց այդ ամենը հենց կյանքից է վերցված, եւ դրա շնորհիվ էլ՝ հետաքրքիր է։ Հումորի բնությունը Բ.Գրաչեւսկին շատ հակիրճ է ձեւակերպում՝ ասելով. «Հումորը կյանքի շարժիչն է։ Սկզբում պետք է կյանք լինի»։
Բ.Գրաչեւսկին, ով այցելել էր Երեւան՝ որպես «Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ կինոփառատոնի պատվավոր հյուր, հայաստանցի հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Տանիք» ֆիլմը։
Ֆիլմը երեխաների ու ծնողների խճճված փոխհարաբերությունների, սիրո պաշարի ու սիրո պակասի մասին է։ «Տանիքն» իրականում շատ ցավալի ու տխուր հարցեր է բարձրացնում, հումորն այնտեղ չի ընդգծվում, ընդգծվում է միայնությունը։ «Լսեք, ինչպե՞ս է հնչում. միայնակ երեխա։ Դա ուղղակի սարսափելի է»,- նկատում է ռեժիսորը։ Ի դեպ՝ ֆիլմի բեմադրող օպերատորը երեւանցի Արտո Խաչատուրյանն է։ Բ.Գրաչեւսկին ասում է, որ «Տանիքը» նկարահանել է այն մարդկանց համար, ովքեր ոգի ունեն ու չեն մոռացել՝ ինչ է նշանակում սիրել, տառապել, մտահոգվել ու կարեկցել։ «Ընդհանրապես այս ֆիլմը մարդիկ կամ սիրում են, կամ էլ ատում են, բայց բոլորը պարտադիր լաց են լինում։ Ինձ համար ամենաթանկ մարդկային ռեակցիան խորհրդանշեց այն հանդիսատեսի կարծիքը, որն ասաց` ֆիլմի դիտումից հետո անհաղթահարելի ցանկություն ունեցա շուտափույթ երեխաներիս զանգահարել ու հարցնել, թե նրանք ի՞նչ են անում, որտե՞ղ են, ինչպե՞ս են իրենց զգում»,- ասում է նա։
«Տանիքի» հերոսուհիները երեք աղջիկներ են, որոնք մեծ իմաստով այս կյանքում միայնակ են, նրանց ծնողները միշտ զբաղված են եւ միշտ տանը չեն: Մայրերից մեկը, որը մի քանի տեղ է աշխատում, զանգահարում է դստերն ու ասում՝ դու ինձ մի քանի օր չես տեսնի, բայց դրա շնորհիվ ես քեզ համար նոր կոշիկներ գնելու փող կաշխատեմ: Միգուցե աղջիկը կունենա նոր կոշիկներ, բայց արդյո՞ք դա նրան պետք կգա այն պահին, երբ նա կկանգնի տանիքի վրա ու կնայի անդունդի մեջ։
– Պարոն Գրաչեւսկի, կյանքի ռիթմը արագացել է, ծնողները պտտվում են խելագարի պես` երեխաներին կերակրելու համար: Հասկանալի է նաեւ, որ կանայք փորձում են աշխատանքի մեջ ոչ միայն փող, այլեւ իրենց գտնել: Կարելի՞ է արդյոք նրանց մեղադրել։
– Օր ու գիշեր աշխատելով՝ մայրերը ոչ թե գտնում, այլ կորցնում են իրենց: Եվ արդյունքում՝ նրանց երեխաները մնում են միայնակ, սկսում են չարանալ ու պատրաստ են լինում ցանկացած խելագար քայլ անել: Իմ ֆիլմում աղջիկներից մեկը՝ դիմելով մորն, ասում է` մամ, ես չեմ ուզում նոր կոշիկներ, պատրաստ եմ միայն ջինս ու մեկ բաճկոն ունենալ, բայց առանց քեզ ապրել չեմ կարող (ուզում ես՝ պայթիր մեջտեղից, բայց երեխան առանց մայր չի կարող): Եվ երբ խցիկը հեռանում է այդ աղջկանից, մենք տեսնում ենք, որ իրականում նա խոսում էր մոր խալաթի հետ:
– Հուզիչ է:
– Հենց այդ հուզմունքին հասնելու համար էլ նկարահանել եմ ֆիլմը: Ընդհանրապես ցանկացած իրավիճակում ես միշտ ընդունում եմ երեխայի տեսակետն ու կանգնում եմ նրա կողքին։ Այո, երբ երեխան երջանիկ չէ, մեղավորը առաջին հերթին նրա ծնողներն են։ Երեխաներին խաբել, եւ առավելեւս՝ օգտագործել չի կարելի։
– Ինչպե՞ս օգտագործել։
– Օրինակ, երեխաներին անտեսելով՝ արդարացնել սեփական անձնական կյանքի անհաջողությունները կամ ամուսնու բացակայությունը։
– Կային կարծիքներ, որ ֆիլմի ֆինալում չարացած եւ հրեշներ դարձած աղջիկներին տանիքից գցելով, կարելի էր ավելի մեծ ազդեցության հասնել։ Բայց Դուք նրանց կենդանի թողեցիք։
– Շատերն էին դա ինձ ասում, բայց ինչպե՞ս կարելի է երեխային «սպանել»։ Դա էլ մեր ցավերից մեկն է. մենք արյունարբու սրիկաներ ենք դարձել։
– Դուք արդեն երեխաների մի քանի սերնդի հետ գործ ունեք, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, ինտերնետն է գրոհում: Իսկ հումորը փոխվե՞լ է:
– Հիմա մանկական լսարանը 10 տարով երիտասարդացել է, մեզ դիտում են արդեն 5 տարեկանները: Հումորն էլ փոքր-ինչ կոպիտ է դարձել: Հանդիսատեսը մեծացել, խելոքացել է: Իսկ երբ փոխվում է երեխան, փոխվում է նաեւ կյանքը: Այլ կերպ լինել չի կարող: Իսկ ինտերնետի հետ մենք չենք պայքարում, այլ փորձում ենք երեխայի համար բացահայտել ինտերնետի գաղտնի դռները, որպեսզի երեխան միանգամից ինտերնետի հանդեպ հետաքրքրությունը կորցնի: Շատ դժվար է դիմադրել ինտերնետից հորդող «պոռնուխային» ու բռնությանը: Եվ, իհարկե, դա պետք է գրագետ ու ճիշտ անել, բայց անելն անպայման պետք է: Կարեւորում եմ լեզվական փոփոխությունները, այսօրվա երեխաներն իրենց ծնողների նման չեն խոսում ու արդեն բոլորովին նոր լեզվական կուլտուրա են ձեւավորել։ Մեծահասակները երեխաների հետ շփվելիս՝ լրջագույն սխալ են անում՝ ոչ մի կերպ չհասկանալով, թե ինչպես են երեխաները մտածում եւ խոսում, նրանք երեխային իրենց նման են դարձնում։ Ֆիլմերում օգտագործվող ցանկացած հնչերանգ, բառախաղ ես անպայման ստուգում եմ մանկական լսարանի արձագանքով, քանի որ նույն պատմությունը մեծահասակն ու երեխան տարբեր կերպ են պատմում։
– Հիմա «Երալաշում» Ձեր անձնական դիկտատուրան է: Դուք ասում եք, որ ամեն բան ստեղծում եք սեփական գեղարվեստական ճաշակի համաձայն: Կինոյում ամեն բան անհա՞տն է որոշում։
– Կյանքում ամեն ինչն է հիմնված անհատների վրա: Այլ կերպ մտածողներն ուղղակի հիմարներ են: Միայն անհատը կարող է ինչ-որ բան ստեղծել: Այո, ես ավտորիտար անձ եմ ու ցանկացած հագուստ կարում եմ` հաշվի առնելով սեփական չափանիշները: Նույնիսկ կոճակներն են կարվում այնտեղ, որտեղ ես եմ ուզում։
– Փոխարինողների թեկնածուներ չունե՞ք։
– Իմ աջ ձեռքը՝ «Երալաշի» փոխնախագահ Արկադի Գրիգորյանը հանգիստ կարող է փոխարինել ինձ ցանկացած ֆինանսական կամ կազմակերպչական հարցերում, բայց ստեղծագործական հարցերում՝ ոչ։ Գրիգորյանը փայլուն ուղեղ ունի, բայց չի խառնվում սցենարական, նկարահանման պրոցեսներին եւ ընդունում է, որ այդ գործն իրենը չէ։ Այնպես որ, «Երալաշում» իրոք իմ ճաշակի դիկտատուրա կա։
– Իսկ աշխարհում կա՞ն «Երալաշի» անալոգները։
– Ոչ, դա զուտ ռուսական նախագիծ է։ Այն բծախնդրությամբ, որով մենք ենք աշխատում, ոչ ոք աշխատել չի կարող, քանի որ նախեւառաջ դա շատ թանկ գործ է։ Մեր ստեղծած բոլոր ֆիլմերն էլ փոքր գլուխգործոցներ են, որոնց հանդիսատեսը սպասում է։ Հավատացնում եմ ձեզ, ես կարող եմ այլեւս չնկարահանել նոր «Երալաշը» եւ հանգիստ ապրել՝ պարզապես վաճառելով նախկինում ստեղծված ֆիլմերի «պրոկատի» իրավունքը։ Բայց չեմ անում դա, որովհետեւ ինձ հետաքրքիր է հենց ստեղծագործական պրոցեսը։ Ընդհանրապես, երբ ինչ-որ բան անշարժացնում ես, այլեւս՝ դրա տերը չես։ Բաց թողեցիր՝ կկորցնես։ Ստեղծագործական պրոցեսը բաց թողնել չի կարելի։ Առանց սեթեւեթանքի կարող եմ ասել, որ ինձ փողը բոլորովին չի հետաքրքրում, ունեմ լավ բնակարան, լավ մեքենա, իսկ մնացածը կարեւոր չէ։ Ինչ ունեմ՝ ունեմ, հերիք է։ Ես աշխատել եմ ուզում։ Երբ, օրինակ, սկսեցի նկարահանել «Տանիքը», իմ գլխավոր օգնական Գրիգորյանն ուղղակի աղաչում էր՝ պետք չէ դա անել, դա մեծ ռիսկ է, առանց դրա էլ բոլորը մեզ սիրում են, պետք չէ հարվածի տակ դնել գումարներն ու հեղինակությունը։ Բայց ես արեցի այդ քայլն ու երջանիկ եմ։ Եվ Արկադին էլ դիտելով ֆիլմը՝ աղի-աղի լաց էր լինում։ Ճիշտն ասած, նույնիսկ ես ինքս էի լաց լինում, այնքան էր այդ ֆիլմն իմ ներաշխարհը տակնուվրա արել։ Ֆիլմն իրականում ինձ գումարային կորուստներ բերեց, ռուսական «պրոկատը» լավ չանցավ, բայց ես, միեւնույն, է հպարտ ու երջանիկ եմ, որ կարողացա անել ֆիլմն այնպես, ինչպես նախատեսում էի: Այն ուղղակի սրտիցս եմ պոկել։
– Նոր ֆիլմ նկարահանել պատրաստվո՞ւմ եք։
– Հիմա աշխատում ենք սցենարի վրա։ Կարող եմ ասել, որ ֆիլմում երեխաներ չեն լինի։ Լեսկովի խոսքերով ասած՝ ինձ միշտ հետաքրքրում են կրքերի ու կյանքի փոխհարաբերությունները։ Եթե նայենք, թե ինչո՞ւմն է այսօրվա ֆրանսիական կինոյի հաջողության գաղտնիքը, կտեսնենք, որ կարեւորը հենց կյանքն ու կիրքն է, որոնց փոխազդեցությունը մարդն ամեն վայրկյան իր մեջ վերլուծում է։ Ֆրանսիական կինոն կարողացել է պահպանել իր «շկոլան», հոգեբանական հիմքը, որը ամերիկյան ֆիլմերի գրոհի պայմաններում պահպանելը հիմա շատ բարդ է։ Իսկ իտալական կինոն հիմա ընդհանրապես անհետացել է, իտալացիները տարեկան ընդամենը 4-5 ֆիլմ են նկարահանում, եւ մեծամասամբ՝ անհաջող։ Մի քանի տասնյակ տարիներ առաջ իտալական կինոն առաջատար էր, իսկ հիմա այն պարզապես չկա։
– Ռուսաստանը «շկոլան» չի՞ կորցրել։
– Ռուսաստանը «շկոլան» բառիս բուն իմաստով՝ փշուր-փշուր է արել եւ կինոլորտից դուրս է մղել «ծերերին» ու վաստակավորներին, ասելով՝ ձեր ժամանակն ավարտվել է։ Համոզված եմ, որ ինչպես չի կարելի առանց գիպսե արձանի ճշգրիտ վերարտադրություն անելու ունակության սյուրռեալիստական նկար ստեղծել, այնպես էլ չի կարելի առանց «շկոլայի» ֆիլմ նկարահանել։ Օրինակ՝ Սալվադոր Դալիի հանճարեղությունը նրանում է, որ նա աչքերը փակ ու ձախ ոտքով հանգիստ կարող է ցանկացած նկարչի ոճը կրկնօրինակել։ Վարպետի մեծությունը հենց ամեն ինչ կարողանալու մեջ է, ինչից հետո էլ արդեն գալիս է գեղարվեստական ընտրությունը։ Պետք է սպունգի նման որքան կարելի է շատ ներառել, ներծծել կյանքը, որպեսզի այն ճիշտ ֆորմա ընդունի արվեստի մեջ։ Ես ինքս շատ երկար ճանապարհ եմ անցել՝ ուսումնասիրելով երեխա-էկրան փոխհարաբերությունները։ Ես անընդհատ նայում, ուսումնասիրում եմ, ինձ ամեն ինչը հետաքրքիր է: Ամենից շատ վախենում եմ բաց թողնել, չորսալ լավ անեկդոտը, կատակը կամ հնչերանգը: Դա ինձ թույլ է տալիս միշտ շարժման մեջ լինել ու այդ շարժումը «Երալաշի» թողարկումներ տեղափոխել:
– Իսկ ինչպիսի՞ կարծիք ունեք հայկական «Գժուկ» մանկական կինոհանդեսի մասին:
– Իհարկե, ֆիլմերի որակը շատ բարձր չէ, բայց մենք էլ ենք դժվարությամբ սկսել մեր «Երալաշը»: Այնպես որ, ձեզ մոտ ամեն բան դեռ առջեւում է: Կարող եմ ասել, որ կարեւորը լավ ռեժիսորի հավաքելն է: Ես մի քանի խորհուրդ եմ տվել «Գժուկի» ստեղծողներին, չգիտեմ՝ որքանո՞վ կհետեւեն դրանց, բայց անձամբ ես ավելին անել չեմ կարող։ Դուք ինքներդ պետք է ճիշտ ֆորման գտնեք։
– Իսկ հնարավո՞ր է՝ համատեղ ֆիլմեր ստեղծվեն:
– Ոչ, դա բացառվում է: Եթե Արմեն Վաթյանը լավ սցենար գրի, ես այն պարզապես կգնեմ ու ռուսական իրականության մասին ֆիլմ կնկարահանեմ: Ընդհանրապես ես միշտ խուսափել եմ ազգային թեմատիկայից, քանի որ հենց մանկական թողարկումներից մեկը անեմ հայերի մասին, ապա դրան անպայման պիտի հաջորդեն ադրբեջանական կամ վրացական թեմաները: Իսկ դա բավականին վտանգավոր ուղի է: Եվ հետո էլ ես այնքան ծեր եմ, որ ջարդել սկզբունքներս արդեն չեմ կարող:
– Ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչո՞ւ են ինքնատիպ հումոր ունեցող հայերը կորցնում այդ հումորը, երբ ֆիլմ են նկարահանում։ Մեր ստեղծած ֆիլմերը դրամատիկ լինելու փոխարեն՝ կեղծ հնչերանգներ են ձեռք բերում։
– Հայերի մասին խոսելիս, անպայման պետք է խոսենք նաեւ հրեաների մասին, որոնք հսկայական ուժ ունեցող հումորային գործեր ունեն ու զարմանալիորեն կարողանում են իրենց ինքնությունը պահպանել ոչ միայն անեկդոտների, այլեւ ֆիլմերի ու գրականության մեջ։ Հայերի մոտ դա, չգիտես ինչո՞ւ, չի ստացվում։ 1,5 մլն հայ է սպանվել, 6 մլն հրեա է ոչնչացվել, եւ թվում է՝ ուզես թե չուզես, ետ ես վարժվում ծիծաղելուց։ Այսպիսի անեկդոտ կա՝ ինչո՞ւ հրեաները անալգին չեն խմում։ Պատասխան՝ որովհետեւ չեն ուզում ցավը խլացնել։ Դա պարադոքս չէ, եթե ցավը չես խլացնում, ծիծաղել շարունակելու հնարավորությունն ես պահպանում։ Հրեաների գլխավոր ու ամենացայտուն հերոսը կաթնավաճառ Տեւյեն է, ծիծաղելի փոքրիկ մի մարդ, որի կերպարը ստեղծելով՝ գրող Շոլոմ-Ալեհեմը դասականների շարք մտավ։ Ընդհանրապես հումորի եւ ողբերգության համադրումը շատ նուրբ ու հետաքրքիր գործ է։ Իմ ամենասիրելի գրողն, օրինակ, Գոգոլն է, որն աներեւակայելի հումոր ուներ։ Լավ գրականությունն ընդհանրապես ամենաարժեքավոր բանն է, որի հետ չեն կարող համեմատվել հաստափոր պատմական հետազոտությունները։ Կարծում եմ՝ ազգայինը պետք է փնտրել գրականության մեջ։
– Խոսենք ազգային կինոյի մասին։ Ռուսական կինոն 1990-ականներին ողողվեց «չեռնուխա» ֆիլմերով, իսկ նոր դարում շեշտը դրվեց կոմեդիաների վրա։ Դա վերածնե՞ց կինոն։
– Կարող եմ ասել, որ ճիշտ հակառակ պատկերը տեղի ունեցավ։ Ռուսական էկրանը հիմա հեղեղված է մեկը մեկից վատ կոմեդիաներով։ Որոշ ռեժիսորներ հասցնում են կոմեդիաներով փող աշխատել, իսկ ոմանք էլ՝ ոչ, պարզապես նկարահանում են, քանի որ դա մոդա է։ Ամեն գնով ծիծաղ կորզելն իրականում ծիծաղելի զբաղմունք է։ Կինոն հենց կյանքն է, իսկ կյանքը միայն ծիծաղելի լինել չի կարող։