Ողնաշարի օստեոխոնդրոզի ամենածանր ձեւը միջողնաշարային դիսկերի ճողվածքն է: Այս դեպքում զարգանում է ցավի այնպիսի ախտանիշ, որը կարող է հանգեցնել նույնիսկ պարեզի կամ ներքին վերջույթների պարալիզման, զգայունության խանգարման, կոնքի շրջանում գտնվող օրգանների աշխատանքի խանգարման եւ այլն: Նման հիվանդների մոտ 20 տոկոսի մոտ զգացվում է վիրահատական միջամտության կարիք:
Հիվանդությունն առաջանում է միջողնաշարային դիսկի կտրվելու արդյունքում: Այս հիվանդությամբ տառապողների մոտ ուժեղ ցավեր են լինում, եւ որպես կանոն՝ դրանք առաջանում են պատանի տարիքում` ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, աշխատավայրում անընդհատ անհարմար դիրքով նստելուց կամ անհարմար անկողնում քնելուց: Այս հիվանդությանը նաեւ բնորոշ են գոտկատեղի մասում առաջացող կտրուկ ցավերը: Առանձնացվում է հիվանդության զարգացման 2 էտապ: Առաջին էտապում գոտկատեղի մասում առաջանում է ցավ, որը խոսում է դեգեներատիվ-դիստրոֆիկական պրոցեսի մասին: Այս փոփոխությունների արդյունքում թուլանում է ողնաշարի ճկունությունը: Խանգարվում է արյան շրջանառությունը եւ սկսում տեղային հյուսվածքների այտուցում: Իսկ երկրորդ էտապում ցավի սինդրոմի բնույթը փոխվում է: Սկսվում է խախտվել նաեւ այլ օրգանների աշխատանքը:
Սովորաբար միջին ծանրության ցավերի ժամանակ հիվանդին խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ` գոնե 2-3 շաբաթ, եւ ցավազրկող պրեպարատներ: Բայց երբ անկողնային ռեժիմն ու շատ դեղերի գործածումը օգուտ չեն տալիս, ուրեմն պետք է դիմել բուժական մարմնամարզության օգնությանը, իսկ եթե դա էլ չի օգնում, անպայման պետք է դիմել վիրահատական միջամտության օգնությանը: