Դուստրերն՝ ընդդեմ Կրեմլի

27/08/2005

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակնհայտ քննադատներից երկուսի
դուստրերը պատրաստվում են զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի մարտահրավեր
նետեն Կրեմլի աճող ցինիզմին ու ավտորիտարիզմին։

Ընդդիմության խարիզմատիկ ներկայացուցիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա
Նեմցովան, դեկտեմբերին պատրաստվում է մասնակցել Մոսկվայի Քաղաքային
դումայի ընտրություններին։ Նա ընդամենը 21 տարեկան է եւ ընտրվելու դեպքում
կդառնա Ռուսաստանի ամենաերիտասարդ պատգամավորը։

Նրա քաղաքական հավակնությունները կիսում է Մարիա Գայդարը՝ հետխորհրդային
Ռուսաստանի առաջին վարչապետ Եգոր Գայդարի դուստրը։ Նրա հայրը մեծ համբավ
ունի Արեւմուտքում, բայց լինելով 1990-ականների Ռուսաստանի շուկայական
բարեփոխումների ճարտարապետը, պարզ է, թե ինչ վերաբերմունքի է արժանանում։

24-ամյա Մարիա Գայդարին առաջարկել են անդամակցել Աջ ուժերի դաշինքին, որը միավորում է լիբերալ ընդդիմադիր կուսակցություններին։

«Ռուսական քաղաքականությունը միշտ էլ ցինիկ է եղել, բայց Պուտինի օրոք
ամեն ինչ ավելի է վատացել,- ասում է Նեմցովան։ -Կրեմլը ոչ մի
ուշադրություն չի դարձնում հասարակ մարդկանց կարծիքին եւ բացահայտ կերպով
զգում է, որ անպատիժ կերպով կարող է նրանցով ձեռնածություններ անել։
Վաղուց ժամանակն է, որ երիտասարդ մարդիկ ավելի ակտիվ մասնակցություն
ունենան քաղաքականության մեջ։ Մենք այս երկրի ապագան ենք, եւ մեր ձայները
պետք է լսվեն»։

Նեմցովան, որ ունի տնտեսագետի կրթություն, ազատորեն տիրապետում է
անգլերենին ու պորտուգալերենին, մինչեւ քաղաքականությամբ հետաքրքրվելն
ուզում էր մոդելավորող դառնալ։ Իր ծնողների աջակցությամբ նա հավաքել է
հինգ հազար ստորագրություն, ինչն անհրաժեշտ է խորհրդարանական
ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար։

Մարիա Գայդարը հեռավոր ապագայում հավակնում է դառնալ իր հոր հայրենի
քաղաքի՝ Սոչիի, քաղաքապետը։ Նրա հայրն, ում երբեւէ տեսնում էին որպես
Ռուսաստանի ապագա նախագահ, շատ մտերիմ էր Պուտինի նախորդի՝ Բորիս Ելցինի
հետ։ Նա հասել էր երկրի վարչապետի աստիճանին, սակայն անցած տարի
չկարողացավ խորհրդարանում տեղ գրավել եւ հիմա պատկանում է այն մարդկանց
թվին, ովքեր բացեիբաց խոսում են Պուտինի դեմ։

Նեմցովան ու Գայդարը Կրեմլի ընդդիմախոսների առաջին երեխաներն են, ովքեր
գնում են իրենց ծնողների հետքերով։ Նրանց նախաձեռնությունը, ինչպես իրենք
են կարծում, թարմ շունչ կհաղորդի երկրի պաշարված ընդդիմությանը, հատկապես
նկատի ունենալով, որ «Նարնջագույն հեղափոխությունից» վախեցած Պուտինն ամեն
կերպ փորձում է ստանալ երիտասարդության աջակցությունը։

Վերջերս նախագահի հավանությանն է արժանացել սովետական տիպի «Մերոնք»
երիտասարդական շարժումը, որին քննադատներն արդեն կոչում են
«պուտինյուգենդ»։ «Մերոնք» շարժմանը հակակշռելու համար ընդդիմությունը
կազմակերպել է ընդդիմադիր շարժումներ, օրինակ՝ «Այո» երիտասարդական
խումբը։

Մակրոէկոնոմիկայի ֆակուլտետի փայլուն ուսանողուհի Մարիա Գայդարն այդ
երիտասարդական խմբի ակտիվ անդամներից է։ Վերջերս նա օգնել է Միխայիլ
Խոդորկովսկուն աջակցող ցույցի կազմակերպմանը։

«Ես դեմ եմ կոռուպցիային եւ գրաքննությանը, որն այսօր կա գործող
ռեժիմում,- ասում է Մարիա Գայդարը։ -Ռուսաստանում շատ դժգոհ մարդիկ կան,
բայց նրանք զգում են, որ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ Կրեմլը չափից
շատ է զորեղ։ Ինձ նման մարդիկ ուզում են դա փոխել»։

Մի երկրում, ուր ընտրողները դեմ են քվեարկում լիբերալ հայացքներ դավանող
բարեփոխիչներին՝ մեղադրելով նրանց հետկոմունիստական բոլոր
դժվարությունների համար, այս աղջիկների գործը շատ դժվար է լինելու։ «Մեզ
ծանր ճակատամարտ է սպասվում, բայց այլընտրանքը Ռուսաստանը լքելն է»,-
ասում է Գայդարը։

Տ.Պ.