ԵԴ-ն ընդունել է

19/10/2009

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Այդ մասին երեկ հայտարարել է «Բջնի» ընկերության շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը: Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչեւ 2009 թվականի նոյեմբերի 19-ը ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր: «2009 թվականի հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը եւ Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են որպես արդար փոխհատուցում Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ»,- ասված է փաստաբանի հաղորդագրության մեջ: Ի դեպ, մեր տեղեկություններով իշխանական շրջանակներում արդեն որոշել են, թե ինչպես են «պատասխանելու» ԵԴ-ում «Բջնիի» հայցի ընդունման փաստին: Ըստ այդմ, առաջիկայում իշխանական գործիչներն ու քարոզչամեքենան փորձելու են շահարկել Սուքիասյանի հայցը: Լեյտմոտիվը, ինչպես միշտ` լինելու է շատ պրիմիտիվ. «Այս ծանր վիճակում հազիվ կարողանում ենք թոշակ ու նպաստ վճարել, իսկ Սուքիասյանը դիմել է ԵԴ, որը եթե թեկուզ նրա հայցի 10 տոկոսն էլ բավարարի, վճարվելու է Հայաստանի պետբյուջեից, այսինքն` կենսաթոշակառուների եւ անապահով խավի հաշվին»: