Ում՝ ում, բայց վրացիներին ամենեւին չի զարմացնում Հյուսիսային Կովկասում,
մասնավորապես՝ Դաղստանում, իրավիճակի սրումը։ Վերլուծելով տարածաշրջանի
իրավիճակը, վրացի քաղաքագետներն ընդգծում են իրենց երկրի սահմանների մոտ
նոր պատերազմի վտանգը։ Եվ Ռուսաստանից այս հարցում շատ բան է կախված։
Տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվային ձեռնտու է բուն Վրաստանում
պոտենցիալ հակամարտությունների օջախների գոյությունը։ Ռուսաստանը մի խաղ է
խաղում, որի նպատակներն այնքան էլ պարզ չեն։
Վլադիմիր Պուտինը մերթ մեղմանում է, մերթ՝ կարծրանում։ Նա վերջապես
համաձայնել է տեր կանգնել իր նախորդի՝ Բորիս Ելցինի ռուսական
ռազմակայանները Վրաստանից դուրս բերելու 1999-ին տված խոստմանը։ Զորքերի
դուրսբերումը պետք է ավարտվի 2008 թվականին։
«Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի նոր ղեկավարությանը հաջողվեց
կարգավորել աջարական խնդիրը։ Այդ հանրապետության նախագահը ձգտում էր
անկախության, որպեսզի կարողանար անպատիժ շարունակել իր մութ գործերը։
Բայց Կրեմլն այդպես էլ, մեղմ ասած, ոչինչ չարեց, որպեսզի օգներ լուծել
մյուս երկու խնդիրները, որոնք անմիջականորեն անդրադառնում են երկրի վիճակի
վրա։ Խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնավարությունների
անջատողական ձգտումների մասին է։ Երկու հանրապետությունն էլ ամբողջությամբ
կախված են Ռուսաստանի Դաշնությունից։ Եթե ռուսները ցանկանային, վաղուց
բանակցած կլինեին Վրաստանի հետ եւ Աբխազիային ու Հարավային Օսիային
կպարտադրեին փոխզիջումային որոշում։
Սկզբում Միխայիլ Սահակաշվիլին փորձեց խնդիրը լուծել զենքի ուժով, ինչը
թույլ չտվեցին նրա ամերիկացի բարեկամները։ Հետո, այս տարվա սկզբին, նա
Եվրոպայի Խորհրդին ներկայացրեց Հարավային Օսիային ընդգրկուն
ինքնավարություն տալու իր առաջարկը։ «Մենք առաջարկում ենք ավելի մեծ
ինքնավարություն, քան այն, որը կար այդ տարածաշրջանում խորհրդային
տարիներին, եւ քան այն, որն ունի Հյուսիսային Օսիան Ռուսաստանի Դաշնության
կազմում»։ Բայց ոչ տեղական իշխանիկը, ոչ էլ նրա ռուսական հովանավորները ոչ
մի կերպ չարձագանքեցին այդ առաջարկին։
Ռուսները հոյակապ հասկանում են, որ այս տարածաշրջանում, ուր իրենք ներկա
են արդեն 200 տարի, իրավիճակը հսկելը գնալով ավելի ու ավելի բարդանում է։
«Աբխազիան ռուսների վերջին բաստիոնն է Կովկասում, եթե նրանք այն կորցնեն,
կկորցնեն ամեն ինչ»,- ասում են վրացի քաղաքագետներն, ովքեր ռազմակայանների
դուրսբերումից հետո կանխատեսում են Ռուսաստանի դիրքորոշման կարծրացում։
Տ.Պ.