Փոշմանե՞լ են

19/10/2009

«ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին` հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած հանդիպումը լավատեսության առիթ չի տալիս»,- շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ընդգծելով, որ բանակցությունները կառուցողական չեն եղել: «Հայկական կողմը հանկարծ սկսեց հարցեր բարձրացնել, որոնք համաձայնեցվել էին դեռեւս երկու-երեք տարի առաջ: Մենք ընդունում ենք սկզբունքը, որի համաձայն, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել` չի համաձայնեցվել ոչինչ, սակայն անհնար է առաջ շարժվել, երբ ստիպված ես վերադառնալ եւ քննարկել հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռեւս երկու-երեք տարի առաջ»,- ասել է Մամեդյարովը` կարծիք հայտնելով, թե հայկական կողմի այդ դիրքորոշումը պայմանավորված է տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումներով, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցմամբ: «Հայկական կողմը հավանաբար կարծում է, որ եթե Թուրքիայի հետ բանակցությունները առաջ են շարժվում, ապա հնարավոր է սառեցնել մյուս գործընթացները»,- ասել է նա` տեղեկացնելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան: