Հայ-թուրքական արձանագրությունները նախքան ԱԺ-ի վավերացմանը ներկայացվելը քննարկվելու են ՀՀ Սահմանադրական դատարանում, որտեղ որոշվելու է ՀՀ սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը: Այդ մասին «NEWS.am»-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ըստ նրա, նախ ԱԳՆ-ի կողմից նախաձեռնվելու է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո ԱԳՆ-ն փաստաթղթերն ուղարկելու է ՀՀ նախագահին: «Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է ՍԴ, քննարկելու դրանցում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, եւ ՍԴ-ն քննարկելուց հետո որոշում է կայացնում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ»,- ասել է նա` ավելացնելով, որ դրանից հետո ՍԴ-ն որոշումն ուղարկելու է նախագահին: «Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում նախագահը փաստաթղթերն ուղարկելու է ԱԺ` քննարկման եւ վավերացման»,- ասել է նա: