Հույսը վերջի՞նն է մեռնում

19/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հինգօրյա եվրոպական տուրնեն, ավելի ճիշտ, դրա հիմնական մասը կազմող «ռուսական չվերթը» շարունակում է զբաղեցնել ամերիկյան քաղաքական միտքը, որը ճգնում է գտնել հասարակությանը հուզող գլխավոր հարցի պատասխանը. ի՞նչ ուղղությամբ են զարգանալու Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները եւ, վերջին հաշվով, Ատլանտյանի երկու ափերում ի՞նչ կարող են մարդիկ ակնկալել իրենց ճակատագրերը տնօրինողներից, եւ ոչ միայն նրանք` այլեւ աշխարհի մյուս ժողովուրդները: Սրանք հռետորական հարցադրումներ չեն, քանի որ հիմնված են նոր վարչակարգի առաջ քաշած կոնկրետ սկզբունքների եւ բանաձեւերի վրա, որոնք էապես տարբերվում են Բուշի քաղաքական պոստուլատներից եւ գործելակերպից: Ամերիկյան կողմը շատ է կարեւորում Լեհաստանում ու Չեխիայում հակաօդային «վահան» տեղադրելու պլաններից իր հրաժարումը, հուսալով տեսնել ռուսական կողմի նույնարժեք ռեակցիան երկկողմ հարաբերությունների դինամիկայում, մասնավորապես, Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան եռանկյունու սահմաններում: Ընդհանրապես, ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացումը այստեղ մինչեւ վերջերս դիտվում էր լավատեսական տեսանկյունից: Դրան, անշուշտ, նպաստեց Հիլարի Քլինթոնի այցելությունը Մոսկվա: Ի դեպ, պետք է նշել, որ անկախ այցելության արդյունքներից՝ պետնախարարն իրեն դրսեւորեց որպես դիվանագիտական արվեստին եւ տեխնիկային տիրապետող քաղաքական գործիչ: Նա զինաթափող ժպիտով հայտարարեց, որ գոհ է այցելությունից, եւ, որ «բանակցությունների համար հնարավորությունները սպառված չեն»: Իսկ վերադառնալով տուն, ABC հեռուստակայանի «Բարի լույս, Ամերիկա» ծրագրում հայտարարեց. «Եթե անհրաժեշտ լինի կիրառել պատժամիջոցներ (Իրանի դեմ.- Ա.Ն.) Ռուսաստանը մեզ նեցուկ կկանգնի»: Մինչդեռ ամերիկացիները կարծես թե հեռու են իրենց արտգործնախարարի լավատեսությունը կիսելուց, ինչն ունի իր պատճառները: Ճիշտ է, Սմոլենսկայա հրապարակում սկզբում հնչեցին խոստումնալից ուղերձներ. Սերգեյ Լավրովը ողջունեց հակաօդային «վահանի» տեղադրման` Օբամայի քայլը, այն անվանելով «կարեւոր քաղաքական-հոգեբանական պահ»: Սակայն Մոսկվայի տոնը հետո սկսեց նկատելիորեն խստանալ: Նախ, Լավրովը Վաշինգտոնից պահանջեց` նրա հակաօդային պաշտպանության ալտերնատիվ ծրագրերի պարզաբանում, այն ծրագրերի, որոնք առաջ է քաշել Օբաման: Նախարարը զուգահեռաբար հանդես եկավ ստրատեգիական-հարձակողական զենքի ռուս-ամերիկյան պայմանագրին բոլոր միջուկային տերությունների միացման հետաքրքիր առաջարկով: Սակայն երկու գերտերությունների երկխոսության հարցերի հարցը եղել եւ մնում է Իրանից եկող միջուկային սպառնալիքը: Այն ինչ-որ մի տեղ հիշեցնում է սառը պատերազմի տարիներին «սովետների» հանդեպ ամերիկացիների տածած ֆոբիայի` վախի զգացողությունը: Եվ դա ունի իր հիմքերը: Այստեղ շրջանառության մեջ է դրված այն ինֆորմացիան, որ իրանական Կում քաղաքում վերսկսվել են միջուկային զենքի ստեղծման աշխատանքները եւ ՄԱԳԱՏԵ-ի այն փաստաթուղթը, թե պարսիկները շարունակում են միջուկային մարտագլխիկների պատրաստումը: Ամերիկացիները մեծ հույսեր են տածում, որ ռուսների հետ համատեղ կկարողանան զսպել Թեհրանի միջուկային «ախորժակը»: Սակայն այդ հույսերը, կարծես թե, աստիճանաբար մարում են, մանավանդ Պեկինում Պուտինի արած այն հայտարարությունից հետո, թե «սանկցիաների կիրառումը Իրանի նկատմամբ վաղաժամ եւ ապակառուցողական է»: Ռուսական պրեմիերի կոշտ մոտեցումը ամերիկյան վերլուծաբանները փորձում էին, գոնե իրենց համար, հավասարակշռել Մեդվեդեւի համատեղ գործելու պատրաստակամությամբ, եւ նրա ու Պուտին միջեւ մտացածին հակամարտությամբ, որի հեղինակը, իմ կարծիքով, իրենք` արեւմտյան վերլուծաբաններն են: Այդ անուրջները եւս կարծես թե անհետանում են Մեդվեդեւի Կուրսկում արած հայտարարության ֆոնին. «Ռուսաստանը մտադրություն չունի սրել միջազգային իրադրությունը, սակայն իր քաղաքացիների դեմ սպառնալիքի առաջացման դեպքում հանդես կգա ջախջախիչ հակահարվածով»:

Իսկ Թեհրանի միջուկային սպառնալիքը առաջվա նման կախված է օդում, ըստ որում, մեզ շատ մոտ տարածության վրա: Եթե Իրանը դառնա միջուկային տերություն, Հայաստանը կնմանվի փղի հետ միեւնույն ննջարանում գիշերողի:

Նյու Յորք-Երեւան