«Թուրքիան կվավերացնի արձանագրությունները»,- ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Արիս Նալջին

19/10/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Թուրքիայի վարչապետը սահմանի բացման հարցը շարունակ կապում է ԼՂ հարցի հետ: Այս առումով ի՞նչ տրամադրություններ կան Թուրքիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու հասարակ ժողովրդի շրջանում:

– Եթե խոսես քաղաքական գործիչների հետ, նրանք բնականաբար սահմանի բացման հարցը կապում են ԼՂ-ի հետ: Բայց չեմ կարծում, թե ժողովուրդն էլ է սահմանի բացումը կապում ԼՂ հարցի հետ: Ժողովրդի մեծ մասը ԼՂ-ի մասին ոչ մի բան չգիտի, տեղն էլ չգիտի: Միայն լսել են, որ ԼՂ հարցով Ադրբեջանի հետ կապված ինչ-որ խնդիր կա: Նրանք, ովքեր խոսում են ԼՂ-ն Ադրբեջանին վերադարձնելու մասին, շատ հաճախ հասկանում են Ստեփանակերտն ու ԼՂԻՄ նախկին տարածքը Ադրբեջանին հանձնելը: Բայց երբ մի քիչ ուսումնասիրում են, ԼՂ-ն Ադրբեջանին վերադարձնել ասելով՝ հասկանում են ԼՂԻՄ-ի հարակից 5 շրջանները: Քաղաքական գործիչներն էլ ԼՂ-ի մասին խոսելիս հասկանում են ԼՂ-ի հարակից հինգ շրջանները: Շատ լրագրողներ նույնիսկ Հայաստանի մասին հստակ պատկերացում չունեն: Օրինակ, երբ Ստամբուլում 19 տարեկան մի տղա դաժանաբար մի աղջկա էր սպանել, «Յենի Շաֆաք» թերթում գրվեց, թե այդ տղան տեսնվել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանին: Մյուս բոլոր թերթերը copi past արեցին, համարելով, որ իշխանական թերթը սխալ ինֆորմացիա չէր կարող տալ: Այսինքն` նույնիսկ քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտեին ու կկարծեին, թե Ռուսաստանի հետ սահման ունի: Այդ տղան, ի դեպ, մեկ ամիս առաջ բռնվեց Ստամբուլի մեջ:

– Ձեր կարծիքով, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ: Հնարավոր է, որ վավերացնի արձանագրություններից միայն մեկը, ասենք` դիվանագիտական հարաբերություններ հաստատելունը, իսկ սահմանները չբացի:

– Ոչ, վստահ եմ, որ կվավերացնի երկուսն էլ: Հոկտեմբերի 21-ին արձանագրությունները ուղարկվելու են պառլամենտ, եւ արտգործնախարարը այն ներկայացնելու է պատգամավորներին: Սա, իհարկե, մեկ օրվա գործ չէ, մի քանի ամիս կարող է տեւել: Բայց իշխող կուսակցությունը բավարար ձայներ ունի արձանագրությունները վավերացնելու համար: 550 պատգամավորներից եթե 140-ը մասնակցեն նիստին ու կողմ քվեարկեն, արձանագրությունները կհամարվեն վավերացված:

– Ի՞նչ խնդիրներ ունեն Թուրքիայում ազգային փոքրամասնությունները: Նրանց կալվածքների հետ կապված Եվրամիությունը շարունակ պահանջներ է ներկայացնում Թուրքիայի կառավարությանը:

– 1936թ.-ին թուրքական կառավարությունը փոքրամասնությունների կալվածքների վերաբերյալ ցուցակ պահանջեց փոքրամասնություններից: Եվ քանի որ այդ ժամանակ փոքրամասնությունները շատ էին վախենում ճնշումներից, մտածեցին, թե կալվածքների ցանկը կառավարությունը ուզում է, որպեսզի դրանք վերցնի փոքրամասնություններից: Ուստի կալվածքների ամբողջ ցանկը չտվեցին, ամեն ինչ չգրեցին այդ ցանկի մեջ: 1972-ին կառավարությունը ասաց, թե ինչ-որ այդ ցանկում գրվել է 1936-ին, միայն դրանք են Ձեր կալվածքները, եւ ցանկի մեջ չեղածները սկսեցին ետ առնել հայկական ու հունական եկեղեցիներից: Քանի որ հայ եւ հույն համայնքները դատ բացեցին կառավարության դեմ Եվրախորհրդում, մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը առաջարկեց փոքրամասնությունների եկեղեցիներին ներկայացնել մինչեւ 1972թ.-ն կալվածքների սեփականության վերաբերյալ փաստաթղթերը` խոստանալով դրանք դարձյալ հետ վերադարձնել: Հիմա 774 հունական, հայկական ու հրեական կալվածքների վերաբերյալ ցանկ է ներկայացվել կառավարությանը, որից 190-ը հայկական է, եւ հիմա կսպասենք, տեսնենք, ետ պետք է տա՞ն, թե՞ ոչ: Բացի այս 190 հայկական կալվածքներից, որոնք Ստամբուլի մեջ են, Դիարբեքիրում եւս հայկական կալվածքներ կան, որոնց սեփականության վերաբերյալ փաստաթղթերը միայն հայերեն են, դրա համար էլ վերցված էին հայերի ձեռքից: Հիմա Եվրախորհրդում դատի է տրված Թուրքիայի կառավարությունը: Երբ Դիարբեքիրի քաղաքապետը տեսավ այս թղթերը, ասաց, որ եթե դրանք ճիշտ են, ուրեմն Դիարբեքիրի կեսը հայկական կալվածք է: Այսինքն` հայկական եկեղեցին շատ մեծ տարածքներ ունի Դիարբեքիրում: Եթե սա ու Ստամբուլի 190 կալվածքները վերադարձվեն, հայկական համայնքի տնտեսական խնդիրները գրեթե ամբողջությամբ կլուծվեն:

– Որքա՞ն հայ կա Թուրքիայում, ի՞նչ հայկական դպրոցներ ու եկեղեցիներ կան:

– Հայերի թիվը, եթե պատրիարքարանի արխիվների մեջ նայենք, Ստամբուլում 40-45 հազար է, իսկ Անատոլիայի մեջ հայ գրեթե չկա, թվով 20 հոգի հայ կարելի է գտնել այնտեղ: Բայց մտածում ենք, որ մի 20-25 հազար էլ Հայաստանից Թուրքիա եկած աշխատողներն են: 14 դպրոցներ ունենք հայերեն լեզվով եւ դրանց կից 14 հիմնադրամներ ու 32 եկեղեցիներ ու նույնքան հիմնադրամներ: Խնդիրն այն է, որ օրենսդրությունը թույլ չի տալիս փոքրամասնությունների դպրոցներին ուսման վարձ վերցնել աշակերտներից, եւ դպրոցների ծախսերը հոգալու համար ստեղծված են այդ 14 հիմնադրամները: Ծնողները, համայնքը ամեն 15 օրը մեկ հավաքվում է եւ 200 հազար դոլարի կարգի գումար հավաքում: Բայց ֆինանսական առումով շատ դժվարություններ կան, հատկապես, երբ բավականաչափ գումար չի հավաքվում: Օրենքը թույլ չի տալիս նաեւ, որ նոր հայկական դպրոց բացվի, բայց թույլ կտա, որ փակվեն դրանք, քանի որ աշակերտների թիվը շատ քիչ է: Հիմա կան 3000-3500-ի մոտ հայ աշակերտներ այս հայկական դպրոցներում, բայց թերությունն այն է, որ դասագրքեր չունենք: Ես սովորել եմ 1876թ.-ին տպված դասագրքով, եւ նոր սերունդը նորմալ է, որ չի սիրում իր լեզուն սովորել, քանի որ այն արդիական չէ եւ երբեմն էլ գրաբար են պարտադրում: Կառավարությունը արդեն ասել է, որ ամեն տարի 58 հազար թեյլե պետք է տա հայերեն դասագրքեր տպվելու համար, բայց դեռ դասագրքերը պատրաստ չեն, եւ քանի որ այս տարի չպատրաստվեցին դասագրքերը, այս տարի այդ գումարը չենք ստանա, ու հայերեն դասագիրք չի լինի: Եթե վերջացնեն գրքի պատրաստման աշխատանքները, հաջորդ տարի կունենանք հայերեն դասագրքեր:

Ստամբուլ-Երեւան