Բաշինջաղյան փողոցի երկու հարեւանների «փակ» սահմանի պատմությունը նույնքան տարեգրություն ունի, որքան հայ-թուրքական սահմանների փակումը:
Ճիշտ նույն թվին` 1993թ., Բաքվից հայրենադարձ Նելլի Հայրյանը Բաշինջաղյան փողոցի 73/3 հասցեում բնակարան գնեց, ավելի հստակ` սեփական տուն, որտեղ նախ բնակվում էր ամուսնու եւ ոչ հարազատ աղջկա հետ, այնուհետեւ` միայնակ (ըստ հարեւանների` նրա ամուսինը մահացավ, իսկ աղջիկը հեռացավ տնից): Այս մասին օրեր առաջ մեր թերթի խմբագրությունում պատմում էր նույն փողոցի բնակիչ, Ն. Հայրյանի հարեւան Մելս Մարգարյանը, ում խոսքերով` իր ընտանիքը դարձել է Հայրյանի դժգոհությունների ու բողոքների նշանակետը: «Ես 1966թ.-ից ապրում եմ Բաշինջաղյան 73/2 հասցեում: Այստեղ էլ ծնվել են երեք տղաներս: Հիմա մի բան չեմ հասկանում` էս պետության համար ես ինչքան եմ արել, ու էդ կինն ի՞նչ ա արել, որ հիմա ինձ էդքան ծանր վիճակի մեջ են դնում»,- ասում է Բաշինջաղյան 73/2 հասցեի բնակիչը, որը մինչ օրս փորձում է հասկանալ, թե իրականում իր ընտանիքն ու ինքը ի՞նչ «թթու» խոսք են ասել Նելլի Հայրյանին, որ վերջինս իրենց «օր ու արեւ» չի տալիս: «Էդ կինը լացելով «Փարոս» ա դասավորել, լացելով իրապահներին բերում ա մեր տուն: Ու մի քանի տարի առաջ իմ տունը քանդման ենթարկվեց` էլի էդ կնոջ արած գործերից էր: Բայց սեյսմոլոգներ ու փորձագետներ եկան, եզրակացություն կազմեցին: Էդ էլ չօգնեց` քաղսովետը մի օր եկավ ու քանդեց»,- ասում է Մելս Մարգարյանը, ում տան տանիքը Երեւանի քաղաքապետարանը 2004թ. քանդեց, չնայած այն փաստին, որ Մ. Մարգարյանն ուներ Աջափնյակի թաղապետարանի` սեփական տունը ձնհալից պաշտպանելու համար տանիքի կառուցման համար թույլտվությունը: «Ու էդպես քաղսովետն եկավ քանդեց: Դե, դատի էին տվել մեզ, ու դատավճռի համաձայն արվեց: Բայց էսօրվա դատարանները գիտեք, չէ՞, դրանք գրպանի դատարաններ են` քաղսովետից վախենում են, կադաստրից վախենում են, ամեն ինչից վախենում են»,- զայրանում է բնակիչը, ում հավաստմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը նույնիսկ հաշվի չի առել տան` 25 էջանոց սեյսմանախագիծը: «Քաղաքապատերանի կողմից քանդելուց հետո տունս քանդվեց` տանս մի մասն էլ ապրիլին փլվեց, որից հետո ուզում էին սարքել առանց մի սանտիմետր առաջ ու հետ գնալու»,- շարունակում է Մելս Մարգարյանը` զարմանալով հատկապես այն երեւույթի վրա, որ մեր օրերում տուն վերանորոգելու համար վերին ատյանների թույլտվությունն է անհրաժեշտ: «Ուղղակի չգիտեի, որ ռեմոնտ անելու համար էլ ա թույլտվություն պետք: Ամբողջ աշխարհը ռեմոնտ ա անում, ու հենց մենք պիտի թույլտվություն վերցնե՞նք»,- նշում է բնակիչը, որի դեմ առ այսօր 75-ամյա Նելլի Հայրյանի գործողությունները շարունակվում են: «Էդ կինն ասում ա` ինչ անես, ես քանդել եմ տալու: Չեմ թողնելու, որ դուք ապրեք: Ախր, ես ի՞նչ եմ արել: Նույնիսկ սկզբից, որ իրենք նոր էին եկել` իմ ընտանիքով օգնում էինք նրանց: Բայց հետո միանգամից փոխվեց, սկսեց մեր դեմ լարվել»,- հարեւանի թշնամության ակունքներն է փորձում գտնել Մ. Մարգարյանը, ով այլ պատճառաբանություն, բացի Ն. Հայրյանի ոչ հավասարակշիռ վիճակից, չի գտնում: «Ես խոսքեր չունեմ` էդ կինը հաստատ գիժ ա: Ես քանի անգամ եմ ասել` եկեք թաղի բնակիչներով կոմիսիա կանչենք, ու գան ամեն ինչ ստուգեն: Քանի անգամ եմ նամակներ գրել` վարչապետին գրեցի, հետ եկավ քաղաքապետարան, գրել եմ պրեզիդենտին` էլի հետ են ուղարկել քաղաքապետարան: Քաղաքապետարանն էլ ինձ ի՞նչ ասի, որ լավ լինի` ասում ա` մեկ ա, մենք ինչ ուզենք, էն էլ կանենք»,- ասում է Մ. Մարգարյանը: «Էդպիսի օր չկա, որ այդ կինը մեր տուն կամ թաղապետարանից, կամ որեւէ տեղից մարդ չբերի: Արդեն հոգնել ենք` ինչքա՞ն պիտի շարունակվի: Հասկանո՞ւմ եք` եթե մարդ 16-17 տարի անընդհատ անեծքներ լսի, ի՞նչ կլինի: Մենք էլ ենք, չէ՞, մարդ, ուզում ենք մի քիչ հանգիստ ապրել: Հեն ա` նոր եմ հիվանդանոցից դուրս եկել: Վերրջերս կորցրի էրեխուս»,- ասում է Մ. Մարգարյանի հարսը, որի դժգոհությունները մեկը մյուսի ետեւից լրացնում էին ընտանիքի անդամները: Վերջիններս փորձում են գտնել գոնե մի հիմնավոր պատասխան, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանը քանդել իրենց տունը` հիմնվելով տան ոչ վաղեմի լինելու վրա: «Դատարանը վճռեց, որ իմ տունը պետք է քանդվի, քանի որ այնքան վաղեմություն չունի, որքան Նելլի Հայրյանի տունը: Բայց էն, որ էսօր էդ կինը ապօրինի առաջ ա տվել տունը, ոչ մեկը չի տեսնում: Դե բա ոնց, երբ ես շքամուտքից մի քանի մետր ավել անցա, որ դուռ դնեմ, էլի եկան քանդեցին: Իմը, ինչպես միշտ, վաղեմություն չունեցող ա»,- նշում է Մ. Մարգարյանը: Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թե՛ Մ. Մարգարյանը, թե՛
Ն. Հայրյանը իրենց տները գնել էին Ստեփան Հակոբյանից: «Էս երկու տունն էլ ինձ ա պատկանել` առաջ էս ամբողջը մի տուն էր: 1966 թվականին մի մասը վաճառեցի Մելսիկ Մարգարյանի վրա, իսկ 1993թ. տան մյուս մասն էլ վաճառեցի Նելլի Հայրյանի վրա: Իսկ տան երրորդ հատվածում էլ իմ տունն ա»,- իր տան պատմությունն է ներկայացնում Ստեփան Հակոբյանը` միաժամանակ զարմանալով տարիներ առաջ դատարանի կայացրած վճռի համար: «Հակառակը` Մելսիկի տունն ավելի վաղեմություն ունի, քան Նելլինը: Բայց բանից դուրս եկավ, որ Մելսիկինը քանդեցին»,- նկատում է Ն. Հայրյանի ու Մ. Մարգարյանի տների նախկին սեփականատերը: Ի դեպ, մենք փորձեցինք գտնել նաեւ Ն. Հայրյանին, բայց վերջինս տանը չէր: «Տեսնես հիմա էլ որտեղ ա գնացել բողոքելու: Հոգնել ենք, տեսնես մեզ ե՞րբ կլսեն: Տեսնո՞ւմ եք` զիբիլը կախել ա մեր տան դիմաց, իսկ իրա կեղտոտ ջուրն էլ թափել ա մեր հայաթ: Ինչքա՞ն կարելի ա, ո՞ւմ բողոքենք»,- իրենց անմիջական հարեւանի արարքներից ամաչելով` պատմում էին Բաշինջաղյան 73/2 հասցեի բնակիչները, ովքեր ավելի շատ հավատում են Հայաստան-Թուրքիա բարեկամությանը, քան Հայրյան-Մարգարյան հարեւանությանը: