Նրանք տասը հազար են։ Փակ աչքերով երեք րոպեում քանդում ու հավաքում են
Կալաշնիկովի ավտոմատը։ Նրանք կարողանում են լիցքավորել նռնականետները եւ
գիտեն թունաքիմիկատներից ռումբեր պատրաստել։ Այլ խոսքով՝ բազային ռազմական
պատրաստություն ունեն։ Հարյուր հազարը, եթե անգամ նրանք դեռ չեն
կարողանում ավտոմատ քանդել, ծնվել ու մեծացել են լիովին ռազմականացված
տարածաշրջաններում, ինչպիսիք են Աֆղանստանն ու Սոմալին։ Նրանք մանուկ
հասակից պատերազմով են ներծծված։
Նրանց միջին տարիքը 14-55 է, կրթությունը՝ միջնակարգ, ունեն կոշտ
համոզմունքներ, մայրերն ու կանայք աջակցում են նրանց, եւ բոլորով
պատրաստվում են համընդհանուր ապստամբության։ Միացյալ Թագավորության սրտում
իսլամական ապստամբությունը կարող է բռնկվել, եթե նոր հակաահաբեկչական
օրենքներին համապատասխան սկսեն փակել մզկիթները, ուր հաճախում են
ծայրահեղականները։ Բացառված չէ, որ այդ ապստամբությունն արդեն սկսվել է,
որովհետեւ հնարավոր է, որ լոնդոնյան ահաբեկչությունները ոչ թե առանձին
դրվագներ են, այլ ապստամբության նախաշեմը։ Իհարկե, սա մղձավանջային սցենար
է, քաղաքական ֆանտազիա, բայց տագնապի ազդանշանը բրիտանական կառավարությանը
հասել է M15-ից, որը Նորին մեծության ներքին գաղտնի ծառայությունն է։ Այս
տագնապալի տեղեկությունը քննարկվել է «Ուայթհոլի բարձր մակարդակի
ժողովներում»։ Սովորաբար այս արտահայտությունը նշանակում է վարչապետ Թոնի
Բլերի եւ նրա ամենակարեւոր նախարարների մասնակցությունը։
Այս ամենը տեղի է ունենում Լոնդոնում, որն արդեն քանի օր ապրում է
սյուրռեալիստական անդորրի մեջ՝ սպասելով երրորդ հարձակմանը։ Այս անգամ
վտանգ կա, որ ահաբեկչությունն իրագործեն կանայք ու երեխաները, այլ խոսքով՝
կասկած չհարուցող կամիկաձեները։
«Այլեւս կասկած չկա, որ Ալ Ղայիդան ձեր մեջ է, ձեր երկրում»,- հայտարարել
են Սաուդյան Արաբիայի փորձագետներն իրենց բրիտանացի գործընկերներին։ Բայց
անցյալի գործունեությունից ավելի տագնապահարույց են ապագայի ծրագրերը։ Դա
իսլամական հնարավոր ապստամբության ազդանշանն է։ M15-ի վերլուծաբանը «The
Independent»-ին ասել է, թե շատ մուսուլման էմիգրանտներ Մեծ Բրիտանիա են
եկել՝ փախչելով պատերազմներից ու բռնապետություններից, բայց երկրում կա
պատրաստված մարդկանց բավական մեծ խավ, որը վաղ թե ուշ կարող է ներգրավվել
մահացու ծրագրի իրագործման գործում։
Տ.Պ.