ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկը համարվում է կիսաբաց տիպի կալանավայր, որտեղ պատիժ են կրում կիսաբաց, ուղղիչ հիմնարկում կալանքի նշանակված դատապարտյալները:
«Էրեբունի» ք/հ-ում ներկայումս իրենց կալանքն են կրում մոտ 500 դատապարտյալներ, որոնց մեջ գերակշռում են գողության, կողոպուտի, թմրամոլության եւ մարմնական վնասվածք պատճառելու հոդվածներով դատապարտվածները: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում գերակշռում է գողության հոդվածով դատապարտյալների թիվը, որը պայմանավորում են հիմնականում երկրի սոցիալական վատ վիճակով: Այս կալանավայրն ի սկզբանե նախատեսված է եղել 397 դատապարտյալների համար: Սակայն, ինչպես այլ ք/հ-ում, այստեղ եւս հանրապետությունում հանցագործությունների թվի աճի պատճառով սահմանված քանակից ավելի դատապարտյալներ են պահվում: Ի տարբերություն փակ եւ կիսափակ տիպի, խցիկային պայմաններ ունեցող քրեակատարողական հիմնարկների` «Էրեբունի» ք/հ-ում ավելի մեղմ ռեժիմ է. ռեժիմային գոտում դատապարտյալներն «ապրում են» հանրակացարանային շենքերում: «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը հուլիս ամսից է ղեկավարում այս հաստատությունը, իսկ մինչ այդ «Արթիկ» ք/հ-ի պետն էր: Վերջինիս խոսքերով` կալանավայրի գերծանրաբեռնվածությունը ներկայումս թոթափվում է հիմնականում էտապավորումներով: Վերջերս «168 Ժամին» «Նուբարաշենի» մեկուսարանի կալանավորներն ահազանգել էին, որ գերծանրաբեռնվածության պատճառով խցում պահվող կալանավորները մեկ մահճակալից հերթափոխով են օգտվում: «Էրեբունի» ք/հ պետ Արամ Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենց մոտ նման խնդիր չկա, քանի որ այս հաստատությունը խցիկային պայմաններ չունի, հետեւաբար մահճակալների խնդիր էլ չկա: «Ճիշտ է, մեզ մոտ մահճակալների խնդիր չկա, բայց դատապարտյալների համար նախատեսված քառակուսի մետրն է խախտվում: Ներկայումս ոլորտի բարեփոխումների արդյունքում այդ հարցը լուծվում է, եւ շուտով նման խնդիր չի լինի: Մեզ մոտ մեծ սենյակներ են` նախատեսված 6-8 մարդու համար, բայց տեղադրված են ասենք` 10-12 մահճակալներ»: Բարեփոխումների շրջանակներում կարեւորագույն աշխատանքն, ըստ Ա. Խաչատրյանի՝ կալանավորի հետ աշխատանքն է, որը նախկինում պատշաճ ուշադրության չի արժանացել: «Սա կիսաբաց տիպ է, եւ երիտասարդ` 20-22 տարեկան տղաները շատ են: Ինձ համար շատ կարեւոր է սոցիալ-հոգեբանական աշխատանքը, որի միջոցով հնարավոր է կանխել երիտասարդների քրեական աշխարհ մուտք գործելու վտանգը: Այստեղ շատ են առաջին դատվածություն ունեցող մարդիկ, որոնց հետ ճիշտ աշխատանք կատարելու պարագայում կարող ենք վստահ լինել, որ հետ չեն գա նորից հանցագործ աշխարհ: Պետք է ասեմ, որ կոնկրետ օրինակներ ունենք, եւ իմ աշխատողները գիտեն, որ դատապարտվածին պետք է վերաբերվել որպես մարդու, այլ ոչ թե որպես դատապարտյալի»,- ասում է Ա. Խաչատրյանը` հավելելով, որ իր ղեկավարած հիմնարկում սոցիալ-հոգեբանական եւ իրավական գծով մասնագետները յուրաքանչյուր դատապարտյալի հետ անհատական աշխատանք են կատարում, ինչի արդյունքում շատ մարդիկ թողնում են քրեական կյանքը եւ վերադառնում են ընտանիք: Յուրաքանչյուր կալանավոր, մասնավորապես՝ նախնական կալանքի վայրում ունենում է բանտային փսիխոզ, որը հաղթահարելու ճանապարհին կարեւոր է մասնագետի հետ աշխատանքը: Ի դեպ, Ա. Խաչատրյանի կարծիքով` բոլոր դատապարտյալներն էլ ունենում են հոգեբանական խնդիրներ, եւ նրանց անպայման պետք է լսելու հատկություն ունեցող մեկը: Կալանավայրի պետը վստահեցնում է, որ նման դեպքերում վտանգավոր է, երբ դատապարտյալը «կիսվում» է մեկ այլ դատապարտյալի հետ, քանի որ այդ դեպքում նրան «գողական աշխարհ» ներքաշելու վտանգն անխուսափելի է դառնում: «Շատ կարեւոր է, որ դատապարտյալը խոսի մեր մասնագետի հետ, այլապես հետեւանքն ավելի բացասական է լինելու»,- ասում է նա: Վերադաստիարակվելու իմաստով անուղղելի են թմրամոլության հոդվածով դատապարտվածները, քանի որ վերջիններս ոչ միայն չեն ցանկանում ուղղվել, այլեւ` իրենց ծուղակն են գցում մյուս կալանավորներին: Քրեական աշխարհում թմրամոլները համարվում են «կանցավիկներ», ովքեր, ինչպես դրսում, այնպես էլ բանտային կյանքում ունեն նույն հակումներով իրենց համախոհների շղթան: «Կանցավիկները» մեծ ուշադրությամբ հետեւում են յուրաքանչյուր դատապարտյալի վարքագծին, նրան տեսակցողների կարողություններին եւ հասկանալով, թե որ դատապարտյալից կարելի է ինչ-որ բան «քամել»՝ սկսում են նրա վրա աշխատել: Քրեական աշխարհում տարածված խաղամոլությունը (ղումարը) այդ խաղի մեջ ներքաշելու ամենաարդյունավետ եւ աննկատ ձեւերից է: Ի դեպ, «ղումար» խաղում են նաեւ նարդիով, դոմինոյով եւ նույնիսկ «չինգաչունգով»: «Կանցավիկները» թմրադեղ ստանալու համար դիմում են ամենածայրահեղ քայլերի, ընդհուպ վտանգում են հարազատների կյանքը: Ա. Խաչատրյանը պատմում է, որ թմրամիջոց տեղափոխելու հարցում աներեւակայելի են նաեւ դատապարտյալների հարազատների գործողությունները: Օրինակ` դեպքեր են արձանագրվել, երբ դատապարտյալի կինը եւ մայրը թմրադեղի պարկուճը թաքցրել են սեռական օրգանի մեջ: «Էրեբունի» ք/հ-ի պետ Արամ Խաչատրյանի խոսքերով` հուլիս ամսից սկսած այս հաստատությունում հայտնաբերվել է ապօրինի կերպով թմրանյութեր տեղափոխելու 4 դեպք, որից երեքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվել են ձերբակալություններ եւ նյութերը հանձնվել են քննչական բաժին: «Գաղութի տարածքից դուրս` արգելապատնեշից նետվել է մեծ քանակությամբ թմրանյութ: Ներկայումս աշխատանք ենք տանում` պարզելու համար, թե նետված թմրանյութն ում համար է նախատեսված եղել: Դա կատարվել է գիշերվա ժամերին: Ի դեպ, պետք է ասեմ, որ թմրամոլների մի մեծ բանակ կա, որոնք պոտենցիալ սնայպերներ են, հաջող նետումներ են կատարում: Նման դեպքեր շատ արձանագրվում էին նաեւ Դատապարտյալների հիվանդանոցում, որովհետեւ մամուլի շենքից նետելը բավականին հեշտ էր»,- ասում է Ա. Խաչատրյանը` նշելով, որ թմրանյութերի ներթափանցման` արձանագրված մյուս երեք դեպքերը կատարվել են հանձնուքների միջոցով: Հանձնուքների բաժնում տեղադրված հատուկ սարքավորման միջոցով առանձնապես խոշոր չափի ` 27 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութը ք/հ աշխատակիցները հայտնաբերել են լվացքի փոշու տուփի մեջ: Հայտնաբերված մյուս դեպքերից ափիոն տեսակի թմրանյութը հայտնաբերվել է աջարական խաչապուրիի մեջ, իսկ սուբոտեքս տեսակը` ծխախոտի ֆիլտրի մեջ: «Թմրանյութերի ներթափանցման տեսանկյունից ես խստագույնս հսկողություն եմ սահմանել: Թմրամոլ դատապարտյալն արդեն ինքն իրենից վտանգ է ներկայացնում թե զոնայի, թե մյուս դատապարտյալների համար, որովհետեւ նա պոտենցիալ ներքաշող, շանտաժիստ է»,- հավատացնում է Ա. Խաչատրյանն` ասելով, որ առօրյա խուզարկությունների ժամանակ դատապարտյալների մոտից հայտնաբերվում են արգելված իրեր, որոնք ի պահ տալու համար վերջիններս ենթարկվում են տույժերի: Ի դեպ, թեեւ Քրեակատարողական վարչության ներկայացուցիչները հայտարարում են, որ արգելվում է բջջային հեռախոսների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ, այդուհանդերձ, մենք դատապարտյալների կողմից բազմաթիվ ահազանգեր ստանում ենք հենց բջջային հեռախոսահամարներից: Դատապարտյալները մեզ վստահեցնում են, որ բջջային հեռախոսներ ունենալ կարելի է որոշակի գումար դնելով քրեակատարողական հիմնարկի աշխատակցի գրպանը: «Էրեբունի» ք/հ պետ Ա. Խաչատրյանը չի բացառում նման դեպքերը` պատճառաբանելով, որ ինչպես այլ բնագավառներում, այնպես էլ արդարադատության ոլորտում կան անբարեխիղճ ծառայողներ: «Օրինակ` իմ հիմնարկի բուժակը վերջերս ծառայողական քննության ենթարկվելուց հետո հեռացվեց աշխատանքից, քանի որ հայտնաբերեցի նրա կողմից դատապարտյալներին հեռախոսներ վաճառելու գործողությունները: Բացի հեռացումից, մենք նախապատրաստված նյութերը կուղարկենք քաղաքապետարան, որպեսզի վարչական հանձնաժողովը նրան տուգանքի ենթարկի, որը նախատեսում է մինչեւ 500.000 դրամ: Այո՛, գումարի դիմաց հեռախոս են բերում, բայց հայտնաբերելու դեպքում պատժվում են ամենախիստ ձեւով: Բջջային հեռախոսներ տեղափոխելու ճանապարհներ են որոնում նաեւ դատապարտյալների հարազատները, որոնց հայտնաբերելուց հետո, սակայն, դատապարտյալը ենթարկվում է տույժի: Հավատացե՛ք, որ նման դեպքերի հայտնաբերումն առաջին հերթին մեզ է պետք»:
Պոետն իրեն գերմարդ է համարում
Դատապարտյալներից պոետ Մեսրոպն ասում է, որ ինքը ամուսնացել է փշալարերի հետ, բայց 50 տարվա մենությունը չի խանգարում հաղթահարել ծերության բարդույթն ու շարունակել սիրել, սիրահարվել ու արգելապատնեշից այս կողմ կառուցել հորինված սիրո պատմությունը: Մեսրոպ Ներսիսյանն արտառոց մարդ է: Խոսում է շշմելու աստիճան գրագետ, եւ նրա հարուստ բառապաշարը ցանկացած զրուցակցի ստիպում է զարմանալ գաղութի մռայլ ու գորշ պատերի մեջ ապրող այս մարդու վրա: «Էրեբունի» ք/հ-ում Մեսրոպին թեեւ պոետ են անվանում, այդուհանդերձ, համարում են գիգանտ ինչպես ուժի, այնպես էլ խելքի տեսանկյունից: Բժշկական ինստիտուտը գերազանց ավարտած այս մարդն ասում է, որ երկու գիտական աշխատությունների հեղինակ է, գրում է բանաստեղծություններ, պոեմներ, սակայն ստեղծագործողի նուրբ հոգին չի խանգարում նաեւ ինչպես հարկն է հարաբերվել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: «Նուբարաշենի մեկուսարանում նստած ժամանակ յոթ հոգի օրենքով գող կար, ու այդ յոթի ճնշումների, տառապանքների միջով պատվով եմ դուրս եկել: Ես մանր-մունր գողերին չեմ ընդունում, բայց իսկական հեղինակությունների հետ շփվել եմ, ընդհուպ մինչեւ անգամ «Դիկարի» հետ, որը սովետական քրեական աշխարհի կնքահայրերից էր: Ճիշտ է, ես բնակավայր չունեցող ոճրագործ եմ, բայց սիրելու հատկությունս ինձ հաղթելու ուժ է տալիս անգամ ամենահզորներին»,- ասում է պոետը, ով ներկայումս «Էրեբունի» ք/հ-ում կրում է չորրորդ դատվածությունը` սպանության հոդվածով: Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Մեսրոպը ընդամենը պաշտպանել է որդուն, ում դասընկերը մի գեղեցիկ օր «փչացրել է»: Սեռական բռնության ենթարկված որդու հետ կատարվածն իմանալուն պես պոետի մեջ արթնացել է հրեշը, ու վերջինս որդու դեմ կատարած ոտնձգության համար սպանել է դասընկերոջը: Պոետը չի ցանկանում այդ մասին շատ խոսել, փոխարենը յուրահատուկ առոգանությամբ անընդհատ ցիտում է իր ստեղծագործություններից: «Ես բախվեցի քրեական աշխարհի հեղինակությունների հետ, բայց քանի որ ուժեղ, անասելի անհաղթ անձնավորություն էի` չհանձնվեցի: Քրեական, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումները (ի դեպ, ես մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին) ինձ չկարողացան խոնարհեցնել, քանի որ ես բացառիկ հնարամտության եւ ուժի տեր մարդ եմ: Խորհրդային տարիներին քրեական հեղինակությունների վարքագիծն անհաղթահարելի էր, բայց… տառապանքներն ինձ կոփեցին, ու ես ամեն օր, ամեն րոպե շարժվում եմ առաջ»,- իր մասին ասում է Մեսրոպը: Ասում է, որ 1988-ի հացադուլավորներից է եղել ու բանտում հայտնվել է կմախք դարձած վիճակում. դատապարտվել է զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, մինչդեռ այն տարիներին ցանկացած կռվողի մոտ զենք կար: «Քրեական աշխարհը ես ուսումնասիրել եմ կնքահայրերի մակարդակով եւ շփվել եմ ամենահայտնի օրենքով գողերի հետ: Յոթ օրենքով գողերի հետ միեւնույն կալանավայրում պահպանել եմ կյանքս եւ արժանապատվությունս: Չեմ խորշի ասել, որ օրենքով գողերը, քրեական աշխարհի հայտնի հանցագործները վարչության պետերի, ՊԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատողներն են: Իսկական գեղարվեստական կերպարներ են, որոնք շատ լավ մարմնավորում են…»,- պաթետիկ տոնով անվերջ խոսում է պոետն, ով զարմանալիորեն եւ՛ իսկական պոետ է, եւ՛ իսկական քրեական աշխարհի մարդ: Ու էս երկու իրար հակասող կերպարները համերաշխ, ներդաշնակ ապրում են նրա մեջ՝ ամենեւին իրար չվնասելով: Պոետն իրեն համարում է գերմարդ, որովհետեւ այն հալածանքները, տառապանքները, որոնց միջով անցել է` սովորական մահկանացուի համար անհաղթահարելի են: Կալանավայրի աշխատակիցները տարակուսանքով են խոսում նրա մասին` ասելով, որ աննկարագրելի աշխատասեր եւ գերբնական ուժի տեր մարդ է: Ասում են, որ նա երկու ձեռքերի մեկական մատների վրա կարողանում է գլխիվայր երկար կանգնել, նաեւ լավ շախմատ է խաղում: Պոետն առավոտից իրիկուն եւ՛ մտավոր, եւ՛ ֆիզիկական աշխատանք է կատարում: Մեկ էլ շատ սիրում է խնամել կալանավայրի շենքի առաջ աճող «բամբուկները»: Ասում է` «Ես սիրում եմ սիրահարվել: Սիրահարվում եմ, ու դրանով կյանքս երկարում է: Կյանքը գեղեցիկ ու հրաշալի բան է…»։