Հիմքը գրականությունն է

19/10/2009

Ավարտվեց «Մանկական եւ պատանեկան կինոյի ու հեռուստատեսության Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի» կազմակերպած 5-րդ Երեւանյան կինոփառատոնը: Կազմակերպիչները նշեցին, որ իրենք մրցանակներից բացի՝ նախեւառաջ կարեւորում են ընտանեկան կինոդիտումների ավանդույթի վերականգնումը: Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Նունե Մանուկյանը նկատեց, որ երեխաները սովորաբար առանձին են կինոթատրոն գնում, իսկ երեխաները` առանձին, եւ պատանեկան կինոն լավ առիթ է հիշելու համար, որ երեխայի հետ շփվելու լավագույն ձեւը միասին կինո դիտելն ու այնուհետ այն քննարկելն է: Փառատոնի օրերին Հայաստանում էր գտնվում խորհրդային կինոարտադրության ամենաազդեցիկ անձնավորություններից մեկը՝ սույն հիմնադրամի պատվավոր նախագահ Արմեն Մեդվեդեւը, ով, թեեւ արդեն լուրջ պաշտոն չի զբաղեցնում, սակայն շարունակում է ուշադիր հետեւել այն ամենին, ինչ կատարվում է կինոյի ոլորտում: ԽՍՀՄ վախճանի վերջին տարիներին նա Մշակույթի վարչությունն է ղեկավարել, այնուհետեւ 1992-99թթ. եղել է «Գոսկինո» միավորման նախագահը: Եվ հենց նրա շնորհիվ էլ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Գոսկինոյի» բաժնետոմսերի մեծ տոկոսի տերն էր դարձել, որն էլ հետագայում շատ ապաշնորհ տնօրինեց (բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է)։

Մանկապատանեկան կինոփառատոնը լավ առիթ ընձեռեց մի քանի հարց տալ Արմեն Մեդվեդեւին: Տարօրինակ օրինաչափությամբ հայերը Մոսկվայում շատ լուրջ դեր են խաղում կինոարտադրության ու դիստրիբյուցիայի ոլորտում (ինչպես նկատեց Ա.Մեդվեդեւը` հրեաներից հետո մենք առաջինն ենք), սակայն ուշադրության արժանի կինոֆիլմ ստեղծել չեն կարողանում: Ա.Մեդվեդեւը այդտեղ պարադոքս չի տեսնում` նշելով, որ կինոն առաջին հերթին սկսվում է սցենարից, իսկ Հայաստանում լավ սցենարներ չկան: «Շնորհալի ռեժիսորներ կան, սակայն, երբ նրանք որոշում են նկարահանելուց բացի՝ նաեւ սցենար գրել, արդյունքում վատ ֆիլմեր են ստեղծում: Եթե կարողանաք համոզել, օրինակ, Վիգեն Չալդրանյանին սցենար չգրել, նա կկարողանա լավ ֆիլմ նկարահանել: Ընդհանրապես, եթե ուզում ես լավ կինո ունենալ, ուրեմն ոչ այնքան փողի, որքան պատմության, սցենարի մասին պետք է մտածես: Թեեւ, ես արդեն 10 տարի է, թոշակի եմ անցել, բայց կարող եմ ասել, որ պատմությունը ոչ թե հնարել, այլ` գտնել է պետք դասական գործերում: Այսինքն, լավ գրական հիմք է հարկավոր: Ինչո՞ւ` ոչ, կարելի է անդրադառնալ Հրանտ Մաթեւոսյանին ու լավ ֆիլմ ստեղծել»: «Ինչո՞ւ այդ ուղին չի ընտրվում» հարցին նա պատասխանում է. «Ես Հայաստանի պետական այր չեմ ու շատ բան չգիտեմ: Բայց պարբերաբար կարդում եմ հայ ռեժիսորների հարցազրույցները, դիտում եմ հայկական ֆիլմերը ու հասցրել եմ պատկերացում կազմել: Նկատել եմ, որ բոլորը նախընտրում են իրենց մասին խոսել, կամ էլ լավագույն դեպքում հիշատակում են իրենցից 10 տարի առաջ արված գործերը, կարծես մինչ այդ հայկական կինոն հաղթանակներ չի ունեցել: Պետք չէ մոռանալ, որ Բեկնազարով, Մալյան, Դովլաթյան են եղել, որոնք լուրջ հետք են թողել: Չի կարելի ջնջել պատմությունն ու ամեն բան նորից սկսել: Երբ կորչում է փոխադարձ կապը, հիշողությունը, կինո չի ստեղծվում: Երեւի ոչինչ էլ չի ստեղծվում»: Ա.Մեդվեդեւը հետաքրքիր դիտարկում արեց նաեւ «Հայֆիլմի» սեփականաշնորհման մասին: «Կարելի՞ է արդյոք անվավեր ճանաչել մասնավորեցման որոշումը, եթե մասնավոր սեփականատերը չի կատարում իր պարտականությունները» հարցին նա կարճ պատասխանեց. «Եթե ցանկություն լինի, ամեն ինչ էլ կարելի է անել»: