Երկակի ստանդարտներ. արյուն եւ սերիալ

19/10/2009

Թուրքիայում ցուցադրվել է սեփական արտադրության սիրային կինոսերիալ, ինչի արդյունքում լուրջ դիվանագիտական սկանդալ է արձանագրվել: Թուրքական ամենաազդեցիկ TRT1 ալիքով ցուցադրված «Բաժանում» կինոմելոդրաման միայն առաջին հայացքից է տեղավորվում հեռուստատեսային օճառային արտադրանքի ձեւաչափում. իրականում այն խիստ քննադատություն է պարունակում Իսրայելի դեմ: Առաջին իսկ սերիայում ցուցադրվում են անզեն պաղեստինցիների վրա սառնասրտորեն կրակող հրեա զինվորները: Հրեան սպանում է երիտասարդ անօգնական պաղեստինուհուն, իսկ հետո թողնելով նրան մահամերձ վիճակում` ժպտալով հեռանում է: Ֆիլմում նաեւ մասսայական սպանությունների տեսարաններ կան, որոնք էլ զայրացրել են Իսրայելին ու ստիպել սուր հայտարարությամբ հանդես գալ, որտեղ ասված է, որ այս ֆիլմը «կոպիտ սադրանք» է, եւ դա չպիտի աներ այն պետությունը, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Ֆիլմի պրոդյուսեր Սալչուկ Չոբանօղլուն ի պատասխան ասել է, որ կինոն իրականության հետ կապ չունի, եւ սյուժեն հնարված է: Սակայն իր խոսքի մեջ նաեւ չի մոռացել նշել, որ իսրայելական բանակը ամենեւին լուսավոր ու անբիծ համբավ չունի, հայտնի են դեպքեր, երբ զինվորները երեխաների վրա էլ են կրակել: Իսրայելի արտգործնախարարն արդեն հանդիպել է իր երկրում Թուրքիայի դեսպանի հետ ու հայտարարել, որ հակաիսրայելական քարոզչությունը հարիր չէ Թուրքիային, ու սերիալը որակել է որպես հակասեմիթական քարոզչություն: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ ասուլիս է հրավիրել ու հարց հնչեցրել. «Ո՞ւր է տանում Թուրքիայի քաղաքականությունը»: Թեեւ պաշտոնական Անկարան դեռ պատասխան չի տվել, սակայն ակնհայտ է, որ այն խրախուսում է խնդիրներ լուծելու սերիալային տարբերակը: Պաշտոնապես լռում ես, իսկ դժգոհությունը հայտնում ես էկրանին: Օրինակ, երբ Դավոսի գագաթաժողովում Էրդողանը ցուցադրաբար լքեց դահլիճը, Թուրքիայում անմիջապես նոր սերիալ ծնվեց, որտեղ հրեաները ներկայանում էին որպես թմրանյութեր վաճառող ու մարմնավաճառությամբ զբաղվող մաֆիոզներ: Միջազգային մամուլը այժմ լրջորեն մտահոգված է Թուրքիայի արձագանքման այդ մեխանիզմից: Սերիալները պարզ են ընկալման համար, համեմատաբար էժան են ու անկասկած ավելի մեծ լսարան են ունենում, քան պաշտոնական քարոզչություն պարունակող հայտարարությունները: Այդ առումով կարելի է ուշագրավ զուգահեռներ անցկացնել Հայաստանի սերիալային քաղաքականության հետ: Ստացվում է, որ մենք թշնամու կերպարը հենց մեր մեջ ենք տեսնում, քանի որ սերիալների սյուժեների մեծամասնության համաձայն` հենց հայերն են գողեր, գանգստերներ ու մարդասպաններ: Դա էլ մեր պետական մեսիջն է: