«Ջազը նվագելիս կարեւոր է սուր մնալ»

19/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Նյույորքցի Տաթեւիկ Եղիազարյանը երիտասարդ ջազվումըն է, որը թեեւ իր առաջին քայլերն է անում ջազային երաժշտության մեջ, սակայն անկասկած մեծ ապագա ունի:

Նա անմիջական ու լուրջ մարդ է, շատ է աշխատում, շատ է սովորում եւ էքսպերիմենտներ անելիս` երկար է մտածում: Նրա համար ջազային ճանապարհը կանխորոշված էր: Նրա ծնողները բնավ էլ պատահականորեն չեն ընտրել հենց Տաթեւիկ անունը: «Հայրիկս սիրահարված էր Տաթեւիկ Հովհաննիսյանի կատարման արվեստին ու երազում էր, որ ես էլ օրերից մի օր նրա նման կերգեմ: Դեռ չգիտեմ` ինչպե՞ս կստացվի: Հիմա ես ավելի շատ ոչ թե երգում եմ, այլ` ջազային ստեղծագործությունների գործիքավորում եմ անում: Ինձ համար դա շատ հետաքրքիր է»,- ասում է ինքնատիպ, փափուկ ու գեղեցիկ ձայն ունեցող Տաթեւիկը: Վերջերս նա Հայաստան էր եկել ու փոքր համերգ էր կազմակերպել երեւանյան «12» ակումբում: Համերգի ընթացքում նա ոչ միայն հանրահայտ ջազային ստանդարտներ երգեց, այլ կատարեց նաեւ Կոմիտաս` իր մշակմամբ ու ջութակի ուղեկցությամբ: 21-ամյա երգչուհին ու դաշնակահարուհին օրիգինալ ու «կենդանի» մշակումների հեղինակ է:

Տաթեւիկի համար երաժշտությունը սկսվել է Հոկտեմբերյանից, որտեղ նա հաճախել է դաշնամուրի խմբակ: «Մանկությունս անցել է դաշնամուր նվագել չսիրելով, քանի որ շատ ջղային ուսուցչուհի ունեի, եւ երբ սխալ էի նվագում, ձեռքերիս քանոնով խփում էր»,- անմիջականորեն պատմում է նա: Արմավիր վերանվանված իր հարազատ քաղաք Տաթեւիկը վերադարձավ տարիներ անց, երբ արդեն իր կյանքը կապել էր ամերիկյան ջազի հետ: Նրա ընտանիքը տեղափոխվել էր Նյու Յորք, եւ 14-ամյա աղջիկը լուրջ կրթություն էր ստացել: «Ուլյամ Բատերսոնի կոնսերվատորիան, որտեղ սովորեցի, շատ լավ, ուղղակի` կայֆ տեղ էր: Զարմանալի է, բայց այդտեղ կանայք համարյա թե չկան, ստացվեց այնպես, որ ես էի առաջին աղջիկը, ով համարձակվեց այդտեղ ընդունվել: Ուսման առումով, իրոք, շատ բարդ էր: Սոլֆեջիոն նույն մաթեմատիկան է, եւ պետք է ճշգրիտ գիտությունների հանդեպ հակում ունենաս, որ կարողանաս սովորել»,- ասում է նա` համոզված լինելով, որ երաժշտությունն ընդհանրապես ավելի շուտ հենց ճշգրիտ հաշվարկ է, այլ ոչ թե օդից վերցված իմպրովիզացիա:

Տաթեւիկը ԱՄՆ-ում շատ կարեւոր մի ունակություն է ձեռք բերել, որով էլ միանգամից առանձնանում է իր հասակակիցներից. նա ներքուստ ավելի անկաշկանդ ու վստահ է դարձել: Ընդհանրապես, երբ արվեստով զբաղվող ցանկացած մարդ դուրս է գալիս Հայաստանի սահմաններից ու փորձում է միայն արվեստով գումար վաստակել, նա հսկայական կյանքի դպրոց է անցնում ու «կոփվում» է: Հայաստանում ուսում (մանավանդ երաժշտական ուսում) կոչվածը շատ հաճախ ֆորմալ մի բան է, քանի որ բեմական հաջողությունները ոչ միշտ են կապվում կրթված լինելու հետ: Երաժիշտը հեռանկար ունենալու համար կամ պետք է հեռանա Հայաստանից, կամ էլ մնալով հայրենիքում` լավագույն դեպքում փոքր ակումբային բեմահարթակներում ելույթներ ունենա (ինչը ապրուստի, բայց ոչ միշտ պրոֆեսիոնալ աճի գրավականն է): Իսկ Տաթեւիկը երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներից է, որը ճակատագրի բերումով, շատ վաղ սկսեց երաժշտությամբ գումար վաստակել ու հասկանալ պրոֆեսիոնալիզմի գինը: Նա այժմ փող է վաստակում որպես երաժշտության ուսուցիչ ու սպասում այն պահին, երբ բավարար գումար կունենա ուսումը շարունակելու համար: «Ես հիմա իմ ծնողներից առանձին եմ ապրում եւ կարծում եմ, որ դա իմ հաղթանակն է: Աշակերտների հետ անհատական պարապմունքների շնորհիվ` կարողանում եմ կենցաղային հարցեր լուծել: Որպես ջազային երգչուհի՝ երբեմն հանդես եմ գալիս, բայց առաջարկները դեռ շատ չեն: Հույս ունեմ, որ երբ ավելի բարձր երաժշտական որակավորում ստանամ, ավելի շատ առաջարկներ կունենամ: Նյու Յորքում շատ լավ եմ ինձ զգում, կարծես ամեն բան իմ կյանքում սեփական ուժերով եմ ստեղծել ու դրանով հպարտ եմ»,- նկատում է նա:

Տաթեւիկին թերեւս նոր հայերի սիմվոլը կարելի է համարել, քանի որ նա իրեն դեռ որպես հայաստանցի է զգում, բայց հասցրել է լուրջ փորձառություն ձեռք բերել` աշխարհի ամենակոսմոպոլիտ ու արվեստով հագեցած քաղաքում իր փոքր ոտնատեղը հաստատելով: Եվ երբ խոսք է գնում մշակութային ազգային ծրագրերի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ հենց նման երիտասարդների շնորհիվ է Հայաստանը ոտքի կանգնելու եւ մշակութային ներուժը զարգացնելու շանս ստանում: Կարծրատիպերից ազատ ու աշխատելու պատրաստ երիտասարդները ամենալավ «զենքն» են` սեփական ինքնությունը պահպանելու համար: 21-ամյա Տաթեւիկն, օրինակ, ով բավականին անկեղծ անձնավորություն է, նկատում է. «Հայաստանյան իմ մանկական հիշողությունները շատ աղոտ են: Հիմա, երբ երկար ընդմիջումից հետո եկա Հայաստան, ճիշտն ասած` մի քիչ զարմացա: Մարդկանց մտածելակերպը (ինչպե՞ս ասեմ) մի տեսակ անգույն է: Երեւանի կենտրոնում կա մարդկանց մի շերտ, որն ամեն ինչ շատ լավ հասկանում, զգում ու գնահատում է, բայց հերիք է դուրս գաս քաղաքի կենտրոնից կամ էլ ավելի հեռու քաղաքներ գնաս, որ տեսնես` ամեն բան փոխվել է ու դարձել է գորշ ու անհետաքրքիր: Իհարկե Երեւանում շատ բան է փոխվել արտաքին պերճանքի առումով, բայց քաղաքում խորություն չկա: Կարծում եմ, որ խորությունը ձեւավորվում է տարբեր աշխարհայացքների, տարբեր տեսակետների առկայության դեպքում: Իսկ երբ բոլորը գրեթե նույն կերպ են մտածում, նույն կերպ են հագնվում ու խոսում, ստեղծվում է միապաղաղ իրավիճակ: Եվ դա ցավալի է»:

Շատ հաճախ հագեցած աշխատանքային ռիթմին սովոր օտարերկրացիներն իրենց առաջին տպավորությունը Հայաստանի մասին կազմում են՝ նայելով անշտապ զբոսնող երեւանցի պատանիներին ու աղջիկներին, որոնց համար անձնական անկախությունն ու կարիերան այնքան էլ մեծ արժեք չեն ներկայացնում: Կյանքի ռիթմը ուղիղ համեմատական է արվեստի ռիթմի հետ: Եվ արմավիրցի-նյույորքցի աղջիկը դա զգացել է. «Հայաստանում շատ բարձր որակի երաժիշտներ կան, որոնք հաճախ են շրջագայում, տարբեր երկրներում են ելույթներ ունենում: Կարծում եմ՝ ջազային երաժշտության մեջ ամենակարեւորը անընդհատ շարժման մեջ լինելն է: Պետք է սուր մնալ ու փորձել չբթանալ: Հիմա, օրինակ, փայլուն գործ է անում դաշնակահար Տիգրան Համասյանը, ով հայկական ժողովրդական երգերի ու մեղեդիների ջազային գործիքավորումներ է անում: Նրա անունը արդեն շատ հայտնի է Ամերիկայում: Հիմա ես երազում եմ Հայաստան գալ ու արդեն լուրջ ծրագրով ներկայանալ: Այս առաջին իմ համերգը հատուկ իմ ընկերների ու բարեկամների համար էի կազմակերպել, պետք է պատրաստվեմ ավելի մեծ ծրագիր կազմել: Հայաստանում երգելը քաղցր է»: