Չիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետին ձերբակալելու հրաման արձակած իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը այժմ փողերի լվացման մեջ է կասկածում ռուս միլիարդատերեր Միխայիլ Չեռնոյին եւ Օլեգ Դերիպասկային: Իսպանիայի իրավապահ մարմինները կասկածում են «Բազէլայի» սեփականատեր Օլեգ Դերիպասկային 2001-2004թթ. «ռուսական մաֆիայի միջոցով» փողերի լվացման մեջ: Այդ մասին հայտնում է իսպանական «El Mundo» թերթը: Գարսոնը դեկտեմբերին ժամանելու է Մոսկվա` Դերիպասկայի հետ զրուցելու համար: Դա տեղի է ունենալու Իսպանիայի Դատախազության կողմից անցկացվող «Մեղու» գաղտնի գործի հետաքննության շրջանակներում: Ըստ գործի նյութերի, մաֆիայի փողերը փոխանցվել են Վալենսիայում գործող UMGC ընկերության միջոցով: Դերիպասկան, ինչպես հայտարարել է գործարարի ներկայացուցիչը, պատրաստակամություն է հայտնել պատասխանել իսպանացի դատավորի ամեն հարցին: Նշենք, որ այս գործի շրջանակներում քննարկվում է նաեւ մեկ այլ հայտնի գործարարի` Դերիպասկայի նախկին գործընկեր Միխայիլ Չեռնոյի անունը: Ըստ «El Mundo»-ի` Չեռնոյի ընկերություններից մեկը Իսպանիայում մոտավորապես 4 մլն եվրո է «լվացել»: Այս տարվա մայիսին դատարանը նույնիսկ Չեռնոյի ձերբակալման հրաման էր արձակել, իսկ Դատախազությունը խնդրել էր բրիտանացի գործընկերներին ձերբակալել գործարարին եւ արտաքսել Իսպանիա: Ըստ «El Mundo»-ի տվյալների` բրիտանացի ոստիկանները միայն հարցաքննել էին գործարարին` թույլ տալով վերջինիս լքել երկիրը: «Իսպանիայում իմ դեմ հարուցված գործը Դերիպասկայի մարդկանց նախաձեռնությունն է, ովքեր ցանկանում են հեղինակազրկել ինձ: Այժմ դա նաեւ նրան է անդրադարձել, չնայած, բնականաբար, ո՛չ ես, ո՛չ էլ նա կապ չունենք մաֆիայի հետ»,- նշել է Միխայիլ Չեռնոյը: