Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը փոխել է իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի խափանման միջոց կալանքը եւ նրա գործով դատաքննությունը հետաձգել է մեկ ամսով: Արշալույս Հակոբյանը չհեռանալու մասին ստորագրություն տալուց հետո ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Խափանման միջոցը փոխելու եւ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու համար դատական քննությունը մեկ ամսով հետաձգելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես է եկել մեղադրանքը պաշտպանող դատախազ Հունան Բաբայանը` նշելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքների շուրջ բազմակողմանի քննություն չի կատարվել: Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար»: Իր դեմ դատական գործ հարուցելը Արշալույս Հակոբյանը կապում է իր իրավապաշտպան գործունեության հետ: