«Հետաքրքիր» առաջարկ

16/10/2009

Եվրոպական hանձնաժողովը առաջարկել է մակրոտնտեսական օգնություն ցուցաբերել Հայաստանին 100 մլն եվրոյի չափով եւ Վրաստանին` 46 մլն եվրոյի չափով: Այս մասին երեկ հայտնել է Եվրամիության գործադիր մարմինը, ըստ որի՝ Հայաստանին տրամադրվելու է 65 մլն եվրո կազմող փոխառություն եւ 35 մլն եվրո` դրամաշնորհի տեսքով: Ըստ Եվրահանձնաժողովի, այս օգնությունը կնպաստի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցված բարեկարգման ծրագրի իրականացմանը, ինչը կօգնի Հայաստանին հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Վրաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը ավելի քան 500 մլն եվրո կազմող ԵՄ փաթեթի մի մասն է, որը նպատակաուղղված է օգնել երկրի տնտեսությանը՝ դուրս գալ հետպատերազմյան վիճակից: Ինչպես ասվում է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունում, այն նաեւ կնպաստի ԱՄՀ-ի բարեկարգման ծրագրին: Նշենք, որ Եվրամիության վերոնշյալ ֆինանսական օգնության այս առաջարկները պետք է հաստատվեն ԵՄ անդամ 27 երկրների կողմից: