Բաց ԿՀՎ

27/08/2005

Փորձագետներն այն համարում են առողջ դատողության արդյունք։ ԱՄՆ
Կենտրոնական հետախուզական վարչությունը, որ տարիներ շարունակ միլիարդներ է
ծախսել գաղտնի գործակալների, գաղտնալսման սարքերի ու նման բաներ վրա,
մտադիր է իր շենքում ստեղծել ոչ գաղտնի տվյալներով զբաղվող բաժին։ Այն
զբաղվելու է վերլուծական հոդվածների պատրաստմամբ, կրոնական ահաբեկչության
խնդիրներով, ինտերնետային կայքերով եւ նույնիսկ հեռախոսային
տեղեկատուներով, որոնք կենսականորեն կարեւոր են երկրի ազգային
անվտանգության համար։

Հետախուզության բարձրաստիճան աղբյուրներից մեկը TIME-ին հայտնել է, որ ԿՀՎ
տնօրեն Փորթըր Գոսը պատրաստվում է հոկտեմբերի մեկին բացել «բաց
աղբյուրների» բաժին, որին կմիացվի հարգանքի արժանի, բայց վատ
ֆինանսավորվող մի բաժանմունք, որը ներկայումս զբաղվում է օտարերկրյա
ռադիո-հեռուստատեսային հաղորդումների թարգմանությամբ եւ կրոնական
առաջնորդների ծայրահեղական հայտարարություններ պարունակող փաստաթղթերով։

Բյուջեն, որ մոտավորապես կլինի 100 միլիոն դոլար, կտնօրինի Ազգային
հետախուզության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն, ով անցած հուլիսին Գոսի հետ
քննարկել է բաժնի ծրագրերը։

Քննադատները պնդում են, որ անցյալում, չնայած բաց տեղեկատվության անկասկած
բարձր արժեքին, կառավարությունը հակված էր առավել ուշադրություն դարձնել
ավանդական մեթոդներով ձեռք բերված տեղեկատվությանը։ Մեկ օրինակ՝ 1998
թվականին ԿՀՎ-ն չկարողացավ կանխատեսել Հնդկաստանում իրականացվող
միջուկային փորձարկումները, թեեւ երկրի վարչապետի նախընտրական
խոստումներում կար միջուկային սպառազինության ծրագիր։

«Այն ամենն, ինչի վրա չկա «Գաղտնի» նշումը, լուրջ չի ընդունվում»,- ասում
է ԿՀՎ-ի Ուսամա բեն Լադենով զբաղվող բաժնի նախկին տնօրեն Մայքլ Շոհերը։
«Բաց աղբյուրների» բաժնի գաղափարը հաջողություն չուներ, քանի դեռ անցած
գարնանը Սպիտակ տան հանձնաժողովը չերաշխավորեց ստեղծել նման բաժին։ Դրա
կիրառումը մոտեցումների փոփոխություն է պահանջում։ Իհարկե, հեռուստացույց
դիտելը կամ ռադիո լսելն այնքան էլ հետաքրքիր չէ, բայց, ինչպես նշում է
Շոհերը, «դա ամենաարդյունավետ միջոցն է, որով կարելի է իմանալ, թե ինչ է
պատրաստվում անել Ուսամա բեն Լադենը»։