Գնդակը իշխանությունների դաշտում է

16/10/2009

Դեռեւս մեկ ամիս առաջ, երբ նոր էր մեկնարկել հայ-թուրքական արձանագրությունների «վեցշաբաթյա քննարկումը», Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը խոստացել էր լրագրողների միջոցով իշխանություններին ներկայացնել ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկ, որից դժվար կլինի հրաժարվել: Երեկ պրն Շահնազարյանն արձանագրելով, որ ստորագրված փաստաթղթերը պարունակում են երկու հիմնական վտանգ` կապված պատմական հարցերի ուսումնասիրության ենթահանձնաժողովի ստեղծման եւ հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ-ի հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու հետ, ներկայացրել է երկու կետից բաղկացած առաջարկ: Ըստ այդմ, առաջին վտանգը չեզոքացնելու համար Դ. Շահնազարյանն ԱԺ-ին առաջարկում է մինչեւ արձանագրությունների վավերացումը ընդունել օրենք, որը Հայաստանի ցանկացած պաշտոնյայի կարգելի մասնակցել որեւէ քննարկման, որը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության հարցը: Այդպիսով, ըստ պրն Շահնազարյանի՝ գոնե կապահովվի հավասարություն այդ ենթահանձնաժողովում, քանի որ Թուրքիայի Քր.օրենսգրքի հայտնի 301 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում նրանց համար, ովքեր կփորձեն նույնիսկ ակնարկել, որ կատարվածը եղել է ցեղասպանություն: Մյուս կետով նա առաջարկում է, որ ՀՀ ԱԺ-ն չսպասի Թուրքիային եւ միջազգային իրավունքի համաձայն՝ առաջինը վավերացնի արձանագրությունները` պայմանով, որ, եթե, ասենք, երկու ամսվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանի կողմից եւս դրանք չվավերացվեն, ապա, ինչպես Դ. Շահնազարյանն է ասել, «դառնում են առոչինչ»: Այդ պարագայում, Դ. Շահնազարյանի համոզմամբ, Թուրքիայի խորհրդարանը ստիպված կլինի կամ հրաժարվել վավերացումից, կամ այս գործընթացից առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Վաղուց ժամանակն է, որ Հայաստանն էլ ինքնուրույնություն ցուցաբերի, եւ ոչ թե քարշ գա իրադարձությունների հետեւից»,- ասել է Դ. Շահնազարյանը` շեշտելով, որ Հայաստանի իշխանություններն իր առաջարկները չընդունելու որեւէ փաստարկ չեն կարող գտնել: Ի դեպ, պրն Շահնազարյանն ասել է, որ սրանք ոչ թե ՀԱԿ-ի, այլ իր անձնական առաջարկներն են: «Իսկ եթե առաջարկությունը չընդունվի, ուրեմն կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն շաղկապված են ղարաբաղյան հարցի հետ»,- ասել է Դավիթ Շահնազարյանը: Համաձայնեք, որ նրա հետ չհամաձայնելն իսկապես դժվար է: