Ամերիկյան անուշադրության պատճառները

16/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Հայկական եւ ղարաբաղյան թեմաները»՝ լինելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հարավկովկասյան ձեւավորված վեկտորներից մեկը, երբեք չեն դառնում ամերիկյան լրատվամիջոցների համայն ուշադրության առարկան։ Երկրի ազգային փոքրամասնությունների «ներկապնակում» մեկ միլիոնանոց հայկական էլեկտորատի առկայությունը եւս չի նպաստում, որպեսզի ամերիկացիների ուշադրությունը մշտապես սեւեռված լինի մեր շահերը շոշափող պրոբլեմների հանգուցալուծման վրա։ Այդ իսկ առումով ցյուրիխյան՝ իր տեսակի մեջ հազվագյուտ դիվանագիտական «ներկայացման» շուրջ այստեղ բարձրացված ինֆորմացիոն իրարանցումը կարելի է որակել որպես մեզ համար եզակի երեւույթ։ Դրա պատճառը զուտ այն չէ, որ Ամերիկան Հարավային Կովկասում ունի իր հատուկ հետաքրքրությունները։ Կամ էլ այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փորձում են «մաքրել» սառը պատերազմի վերջին «Ավգյան ախոռը»՝ բարձրացնել հայ-թուրքական սահմանի ուղեփակը։ Ամերիկայի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման մեջ մեծապես պայմանավորված է նաեւ նրանով, որ Օբամայի վարչակարգը այն դիտում է որպես պատվի եւ հեղինակության հարց։ Իսկ անձամբ Հիլարի Քլինթոնի համար հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դարձավ առաջին՝ նախարարական կարեւոր քննություններից մեկը։ Քննությունն անցավ փայլուն, ինչն ավելի քան գնահատելի է, քանի որ այն հանձնողը, վերջին հաշվով, կին է։ Անգամ ռեժիմի հանրապետական հակառակորդները չեն կարող չընդունել Սպիտակ տան հաջող դեբյուտը Շվեյցարիայում։ Այդ լավատեսական ալիքի վրա էլ Քլինթոնը ժամանեց Մոսկվա՝ հանդես գալով խոստումնալից հայտարարություններով այն մասին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հետայսու ընթանալու են նորմալացման ճանապարհով։ Այս մտադրությունները կյանքի կոչելու նպատակով էլ կարելի է բացատրել այն իրողությունը, որ պետքարտուղարը բանակցությունների ընթացքում աշխատեց հարթել Իրանի շուրջ երկխոսության ռուս-ամերիկյան սուր անկյունները, խուսափեց շոշափել վրացական հողերի անեքսիայի փաստը, բարձրաձայնեց Վաշինգտոնի նոր դիրքորոշումը առ այն, որ ԱՄՆ-ը ի գիտություն է ընդունում` «Ռուսաստանն անկախ է դեմոկրատիայի վերաբերյալ որոշումներ ընդունելիս»։ Իրո՞ք Վաշինգտոն-Մոսկվայի միջեւ սկսվում է իսկական «ձնհալ», ինչը կհանգեցնի հարաբերությունների վերընթաց զարգացման։ Ցույց կտա ժամանակը։ Ռեժիմի ընդդիմախոսները չեն կիսում իշխանությունների տրամադրության մաժորային նոտաները։ Իսկ «Նյու Յորք թայմսը» զգուշացնում է, որ «Ռուսաստանը հակադարձում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում»։ Բանը նրանում է, որ Լավրովը փաստորեն «արժեզրկեց» մի քանի օր առաջ իր նախագահի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պատժամիջոցներ կկիրառի Թեհրանի դեմ։ Ինչեւէ։ Չմոռանանք սակայն, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը, ասել կուզի՝ շոշափվել են հայ-թուրքական հարաբերությունները։ Այստեղից՝ ամենակարեւորը։ Ե՛վ Մոսկվան, եւ՛ Վաշինգտոնը շահագրգռված են այդ հարաբերությունների կարգավորմամբ։ Սա արդեն շանս է, ռուս-ամերիկյան փոխգործողությունների առումով՝ հազվագյուտ երեւույթ։ Եթե հայկական դիվանագիտության դոմինանտը, իրոք, Թուրքիայի հետ նորմալ, փոխշահավետ գոյակցություն զարգացնելն է՝ հարկ է, որ նա օգտվի ընձեռված առիթից։ Երկրորդ հնարավորություն կարող է չլինել։

Արդեն նշվեց, որ «ցյուրիխյան գիշերը» ամենալայն կերպով լուսաբանվեց ամերիկյան ԶԼՄ-ներում, հետո այն աստիճանաբար մարեց այլ իրադարձությունների հորձանուտում։ Իսկ վերջին ակորդը եղավ Սերժ Սարգսյանի այցելությունը Թուրքիա։ Այցելությանը, բնականաբար, շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում, քան արձանագրությունների ստորագրմանը։ Նշվում է, որ Հայաստանի նախագահի` ֆուտբոլային խաղին ներկա գտնվելը «սկսված հաշտության գործընթացի առաջին փորձարկում է»։ Անդրադարձ է կատարվում թուրք-ադրբեջանական հարաբերությունների սրման դինամիկային։ Զարմանք է հայտնվում ֆուտբոլային խաղը Բուրսայում անցկացնելու կապակցությամբ, ուր ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են 80 հազարից ավելի հայեր։

Սակայն, ամերիկյան լրատվամիջոցների թռուցիկ վերլուծությունն ապացուցում է, որ պաշտոնական Վաշինգտոնը հանդես է գալիս որպես հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման նախաձեռնող ու ջատագով։ Այս միտումը հավանաբար կշարունակվի առաջիկայում եւս։

Նյու Յորք