Առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել

16/10/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ուղիղ մեկ ամիս առաջ հրավիրված ասուլիսում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը լրագրողներին խոստացել էր, որ երբ մոտենա Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պահը, ինքն իշխանություններին մի առաջարկություն կանի, որից դժվար կլինի հրաժարվել:

Արդեն երեկ կայացած ասուլիսում Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց իր երկու առաջարկությունները` ընդգծելով, որ դրանք անձամբ իր առաջարկություններն են, այլ ոչ թե Հայ Ազգային կոնգրեսինը: Պարոն Շահնազարյանը նախ անդրադարձավ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին` նշելով, որ թերահավատորեն է վերաբերվում դրանց կենսագործմանը: «Ինքս անձամբ մեծ կասկածներ ունեմ, որ այս արձանագրությունները կյանքի են կոչվելու: Ես ի նկատի ունեմ այն կետերը, որոնք վերաբերում են Հայաստանին, որովհետեւ Թուրքիայի մասով դրանք սկսել են աշխատել»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը, ում խոսքերով՝ ստեղծված իրավիճակում երկու լուրջ խնդիր կա: Դրանցից մեկը, ըստ Դ. Շահնազարյանի, արձանագրված է հենց փաստաթղթերում, որի վերաբերյալ դեռ անցած տարվա հունիսից ՀԱԿ-ն իր հստակ դիրքորոշումն արտահայտել էր: «Դա պատմական հանձնաժողովի առկայությունն է: Իմ համոզմամբ՝ դա մի ինստիտուտ է, որն իր գոյությամբ շատ լուրջ վտանգ է ներկայացնում հենց հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար` այն զարգացման, որը արձանագրված է այս փաստաթղթերում»,- ասաց Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչը, ըստ որի` պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը թույլ կտա թուրքերին առնվազն հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության հարցը, իսկ հաջողության հասնելու դեպքում` այն ամբողջությամբ հերքել: «Եվ երկրորդ հարցը, որ ինչքան էլ իշխանությունները փորձեն ժխտել` փաստ է, որ արձանագրությունների կյանքի կոչելը ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմնական փոփոխությունների հետ: Սա նույնպես փաստ է` իշխանություններն ուզո՞ւմ են ընդունել, թե՞ ոչ»,- արձանագրություններում առկա երկրորդ վտանգի մասին ասաց Դավիթ Շահնազարյանը: Իսկ արդյո՞ք կա հնարավորություն գոնե նվազեցնելու այն վտանգները, որոնք պարունակում են այդ արձանագրությունները: Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այդ հնարավորությունը կա, եւ իր առաջարկությունները վերաբերում են հենց այդ հնարավորությանը: Այսպիսով, Դ. Շահնազարյանի առաջին առաջարկությունը վերաբերում է առաջին վտանգին, այսինքն` պատմական ենթահանձնաժողովին, որում երկու կողմերը ունենալու են խիստ անհավասար պայմաններ: «Ինչո՞ւմ է կայանում այդ անհավասարությունները: Ըստ Թուրքիայի օրենսդրության, ավելի ճիշտ` Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի, եւ, եթե չեմ սխալվում, կա նաեւ երկրորդ հոդվածը` 305-րդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում նրանց համար, ովքեր կփորձեն նույնիսկ ակնարկել, որ այն, ինչ կատարվել է, եղել է ցեղասպանություն: Այսինքն` Թուրքիայի ներկայացուցիչներն իրենց օրենսդրությամբ արդեն սահմանափակված են նման քննարկումներ անել: Ի՞նչ կարելի է անել նման իրավիճակում: Մինչեւ արձանագրությունների Ազգային ժողով մտնելը: Ազգային ժողովը պետք է ընդունի օրենք, որով պետք է արգելի, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ` տեղական ինքնակառավարման մարմինների, գործադիր կամ օրենսդիր իշխանությունների որեւէ ներկայացուցիչ ընդհանրապես մասնակցի որեւէ քննարկումների, որով կասկածի տակ կարող է դրվել Օսմանյան Թուրքիայում դարասկզբին հայերի ցեղասպանության հարցը, այսինքն` սրանով ինչ-որ չափով կհավասարվի իրավիճակը այդ ենթահանձնաժողովում, եւ օրենսդրորեն արդեն անհնարին կդառնա այդ հարցի քննարկումը»,- առաջին առաջարկությունն այսպես ներկայացրեց Դ. Շահնազարյանը` ավելացնելով, որ ինքը նույնիսկ կարող է այդ օրենքի նախագիծն առաջարկել: Ընդ որում, պարոն Շահնազարյանն այն արդեն պատրաստել էր եւ երեկ ներկայացրեց լրագրողներին: ՀԱԿ ներկայացուցչի երկրորդ առաջարկությունը վերաբերում է ստորագրված արձանագրությունների հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պայմանավորելու` Թուրքիայի ցանկությունները կանխելուն: «Ինչպե՞ս կարելի է կասեցնել այս հարցը: Առաջարկը հետեւյալն է: Հայաստանի իշխանություններն ասում են` մենք պետք է սպասենք` Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները վավերացնի, հետո կքննարկենք: Սրանով հերթական անգամ ցույց են տալիս, որ այս պրոցեսի տերը թուրքական կողմն է: Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանը առաջինը պետք է անդրադառնա այս արձանագրություններին, եւ միջազգային իրավունքի համաձայն` վավերացնի այս արձանագրությունները հետեւյալ պայմանով` եթե երկու ամսվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանի կողմից այս արձանագրությունները չեն վավերացվում, ապա երկու ամիս հետո այս արձանագրություններն առոչինչ են: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանն էլ ինքնուրույնություն ցուցաբերի, եւ ոչ թե քարշ գա իրադարձությունների հետեւից»,- ասաց Դ. Շահնազարյանը: Նրա կարծիքով, թուրքական կողմը ստիպված է լինելու որոշում կայացնել, եւ եթե ՀՀ իշխանությունները վարվեն իր առաջարկած ձեւով, դա որոշակի ճնշում կլինի Թուրքիայի խորհրդարանի վրա: «Թուրքիայի խորհրդարանը ստիպված կլինի կամ հրաժարվել վավերացումից, կամ առանձնացնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը»,- ասաց Դ. Շահնազարյանը` նշելով, որ ինքը որեւէ փաստարկ կամ պատճառ չի տեսնում, որը կստիպի իշխանություններին չընդունել իր առաջարկությունը: «Իսկ եթե առաջարկությունը չընդունվի, ուրեմն կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղղակիորեն շաղկապված են ղարաբաղյան հարցի հետ»,- ասաց Դ. Շահնազարյանը: Վերջինս նշեց նաեւ, որ նախկինում այս կամ այն չափով այս առաջարկություններին մոտ առաջարկներ եղել են, սակայն այն ժամանակ ինքը դրանց հետ համաձայն չի եղել: «Այն ժամանակ ես այդ առաջարկությունների կողմնակիցը չէի, իսկ հիմա սա պարզապես անհրաժեշտություն է: Եվ եթե իշխանությունները սա չընդունեն, ուրեմն միարժեքորեն արդեն պայմանավորվել են, որ այս ենթահանձնաժողովի մեխանիզմով, այո, իրենք հարցականի տակ են դնելու ցեղասպանության իրողությունը, եւ սա է այն գործարքը, որ տեղի է ունենում»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը: