Երեկ «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում կայացել է ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ՀՅԴ-ի կազմակերպած եւ մի քանի օր շարունակ գովազդվող «Ոչ» հանրահավաքը, որին, բացի Դաշնակցության հայտնի նախաձեռնության տակ ստորագրած 12 կուսակցությունների ղեկավարներից, մասնակցել են նաեւ մոտ 1000 քաղաքացիներ: Նշենք, որ հանրահավաքը արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն, ի տարբերություն Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքների, անցավ չափազանց «քնքույշ» մթնոլորտում: Որեւէ մարզից Երեւան եկող որեւէ ճանապարհ չէր փակվել, որեւէ երթուղու միկրոավտոբուսների վարորդներ երեկ չէին որոշել հանգստանալ: Ի վերջո, որեւէ ոստիկան բարեբախտաբար «ընդդիմության» հանրահավաքի որեւէ մասնակցի նույնիսկ թթու խոսք չասաց: Իսկ երեկվա հանրահավաքում հնչած բազմաթիվ ելույթները համեմված էին հնչեղ, հայրենասիրական պաթոսով լեցուն` հիմնականում ոչինչ չասող ձեւակերպումներով: «Իշխանությունը, որն իր ժողովրդի կամքը չի կատարում, երկար կյանք չունի: Եթե իշխանությունը գործիք է դառնում ուրիշի ձեռքին, վայ այդ իշխանությանը»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` հերթական անգամ կրկնելով, որ ԱԺ մեծամասնությունը հոգով իրենց հետ է, եւ իրենք այնպես կանեն, որ պատգամավորները վերադառնան ժողովրդին: «Դուք մեր աչքի առջեւ եք քվեարկելու, Աստված մի արասցե, որ չարտահայտեք ժողովրդի կամքը, այստեղ մի ալիք է հավաքվել, որը կսրբի արձանագրությունները, իսկ եթե իշխանությունը չլսի ժողովրդի ձայնը, կսրբի նաեւ արձանագրությունները ստորագրողներին»,- սպառնաց Վ. Հովհաննիսյանը` այդպես էլ չբացահայտելով հոգին քվեարկության արդյունք դարձնելու մեխանիզմները: «Թուրքերը գրավելու են Հայաստանը, եթե հայ-թուրքական սահմանը բացվի: Մենք թուրքերին բերում ենք, որ մեր աղջիկներին նայե՞ն»,- այսպես էլ իր քաղաքական դիրքորոշումն արտահայտեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Իսկ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը իր ծրագրային ելույթում հայտարարեց, որ իշխանությունն ունի երկու ճանապարհ: Առաջինը, ըստ նրա, այն է, որ իշխանությունը սթափվի, կանգ առնի եւ դուրս գա այդ գործընթացից, ինչի դեպքում Արմեն Ռուստամյանն ասում է, որ կկանգնեն իշխանության թիկունքին: «Մյուս ճանապարհը, եթե իրենք ընտրեցին, եթե շարունակեցին խորանալ այդ պրոցեսի մեջ, իրենք, կամա թե ակամա, հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում: Կամա թե ակամա, ուզեն թե չուզեն: Եվ, բնականաբար, մենք այդպիսի իշխանությունների հանդուրժել չենք կարող: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան, որպեսզի գա մի ուժ, որը կարող է այդ դիմակայությունը կատարել, կարող է դիմադրել, իր ժողովրդի թիկունքն ունենալով պինդ կկանգնի»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը:
«Մեր նպատակն այս պահին շատ հստակ ձեւակերպված է, որով էլ առաջացել է այս հզոր շարժումը: Մենք սրան պետք է հասնենք ամեն գնով: Այս ընթացքում կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Մենք հայտարարել ենք, որ գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով: Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, սադրանքների չենք տանելու, մեր ամեն մի քայլը լինելու է պատասխանատու եւ հաշվարկված: Եվ ուստի, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որոնք այսօր օրենքը եւ Սահմանադրությունը, ընթացակարգը այս վավերացման հետ կապված մեզ թույլ է տալիս»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը` նշելով, որ վավերացման գործընթացում արձանագրությունների ընթացքը կանխելու առաջին քայլը Սահմանադրական դատարան դիմելն է: «ՍԴ-ն կարող է եւ պետք է ճանաչի ոչ սահմանադրական այս արձանագրությունները»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը: Իսկ եթե, այդուհանդերձ, վավերացվեն արձանագրությունները խորհրդարանում, ապա հաջորդ քայլը, ըստ Արմեն Ռուստամյանի, այդ արձանագրությունները, համաձայն միջազգային օրենքների, չեղյալ հայտարարելն է: «Բայց ո՞վ կարող է անել այդ քայլը: Այս իշխանությունները չեն կարող, որովհետեւ իրենք դա արել են արդեն: Ուրեմն նոր իշխանություն պետք է ձեւավորվի, նոր Ազգային ժողով, նոր նախագահ, նոր կառավարություն, որ նա կարողանա չեղյալ հայտարարել»: