Ինչ կարող է տալ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային եւ Հայաստանին` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Իսմեթ Յիլմազը կարծում է, որ սահմանի բացման դեպքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կշատանա, մինչդեռ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում քիչ բան կփոխվի: «Յուրաքանչյուր տարի Թուրքիան շուրջ 26 մլն զբոսաշրջիկ է ընդունում: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Եթե սահմանները բացվեն, այս 26 մլն տուրիստների զգալի մասը մեկ օրով կայցելի Հայաստան»,- նախօրեին Անկարայում գտնվող հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխնախարարը: Նա վստահ է, որ զբոսաշրջությունը հանդիսանում է այն «խաղաղության ճանապարհը», որով պետք է ընթանան երկու երկրները: «Որովհետեւ երբ մարդիկ այցելեն հարեւան երկիրը, շփվեն իրար հետ, իրար ավելի լավ կհասկանան: Եվ մենք կտեսնենք, թե որքան նման ենք իրար, որքան նման են մեր ավանդույթները»,- ասում է Ի. Յիլմազը: Ինչ վերաբերում է Թուրքիա այցելող հայ զբոսաշրջիկներին, ապա սփյուռքահայերի վերաբերյալ տվյալներ հնարավոր չէ ստանալ, քանի որ զբոսաշրջիկներին չեն հարցնում, թե որ ազգի ներկայացուցիչներ են, բայց անձնագրի տվյալներով կարելի է որոշել, թե որ երկրներից են: Պարզվում է, զբոսաշրջիկներ Թուրքիա ամենաշատը գալիս են Գերմանիայից` շուրջ 4 մլն, հետո` Ռուսաստանից` 3 մլն, ու եվրոպական այլ երկրներից: Իսկ Հայաստանից այցելած զբոսաշրջիկների թիվը այնքան աննշան է, որ փոխնախարարը չէր էլ հիշում: «Բայց գիտեմ, որ տարեկան շուրջ հիսուն հազար հայաստանցի գալիս է ոչ թե որպես տուրիստ, այլ աշխատելու համար»,- նշեց Յիլմազը: Նա նաեւ չգիտեր, թե Հայաստանում կոնկրետ ինչ պատմամշակութային հուշարձաններ կան, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին: Փոխնախարարը հետաքրքրվում էր, թե ինչպիսին է Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վիճակը, արդյո՞ք դրանք նորոգվում են, թե՞ ոչ: Երբ հայ լրագրողները հարցրեցին, թե Աղթամար կղզու եկեղեցու գմբեթին հայկական խաչ կդրվի՞, թե՞ ոչ, Ի. Յիլմազը պատասխանեց, թե ինքը չի կարող հստակ ժամկետ նշել: «Կարող եմ միայն ասել, որ ուզում ենք փոքրամասնությունների հուշարձաններն ավելի լավ տեսք ունենան»,- ասաց փոխնախարարը: Ըստ նրա, հուշարձաններ նորոգելը հեշտ գործ չէ, Թուրքիայի տարածքում դրանք շատ ու բազմազան են, քանի որ այդ հողերը ժամանակին տարբեր ազգերի են պատկանել, բացի այդ` նորոգելու համար մեծ գումարներ ու ժամանակ է պետք: «Նորոգվելու են բոլորը, որ մեր տարածքում են: Մենք մտածում ենք, որ դրանք մերն են: Այսինքն` ինչպես որ մերն է, այնպես եւ ձերն է, այնպես էլ՝ բոլոր մարդկանցը: Թուրքիայի բոլոր մշակութային հուշարձանների պահպանությունը մեր գործն է»,- ասաց փոխնախարարը` օրինակ բերելով Սոֆիայի տաճարի նորոգումը, երբ դեռ նորոգման աշխատանքները չավարտված` սկզբում նորոգված մասը քանդվում էր: Հայ լրագրողներից մեկը, համաձայնելով նախարարի այն մտքի հետ, թե հայ եւ թուրք ժողովուրդները շատ նման են իրար, շեշտեց, որ մեզ խանգարում է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների` ցեղասպանության ծանր բեռը եւ այն, որ Թուրքիան այդպես էլ ներողություն չի խնդրում: «Ինչպես Հայաստանում են սովորեցնում, թե որքան հայ են սպանել թուրքերը, այնպես էլ Թուրքիայում են սովորեցնում, որ հայերը սպանել են թուրքերին: Երբ ձեր կողմին են լսում, ասում են` ճիշտ եք: Բայց երկու կողմին էլ պետք է լսել»,- արձագանքեց փոխնախարարը: Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ շատ բաներ են կատարվում, որոնք չեն կատարվում խաղաղության ժամանակ, ուստի պետք է ամեն ինչ անել, «որ մեր երեխաները ապրեն խաղաղ երկրում»: «Կռվից օգուտ չկա, երկու կողմն էլ միշտ պարտվում են: Եթե մի կողմը կռվի ժամանակ երեք զենք վերցնի, մյուսը` երկու, եւ մեկը երեք մարդ սպանի, մյուսը` երկու, առաջին հայացքից կթվա, թե ավելի շատ սպանողը հաղթում է: Բայց այդպես չէ, իրականում երկուսն էլ պարտվում են, երկուսն էլ կորուստներ են տալիս,- ասաց փոխնախարարը` դիմելով լրագրողներին,- Չե՞ք ուզում, որ Ձեր երեխաները ավելի լավ երկրում ապրեն: Դրա համար պետք է խաղաղության համար աշխատենք, որ ավելի լավ երկրներ թողնենք մեր զավակներին: Մենք սա շատ ենք ուզում»:
Անկարա