Գոմաղբի հետագծերը, դեղնադարչնագույն խոտի տնակաձեւ դեզերն ու ոչխարների անհրապույր մայունն ուրվագծում են Էջմիածնի Զվարթնոց թաղամասի պատկերը, որի ընկալման համար նույնիսկ չեն օգնում տեղաբնակների ճշգրտումներն իրենց բնակավայրի մասին: «Սա գյուղ չէ, այլ թաղամաս: Դուք վիրավորում եք մեզ: Չնայած՝ բացի Երեւանի կենտրոնից, ամբողջ Հայաստանը գյուղ ա»,- ասում են գյուղացիները: Նրանք քիչ հետո սկսում են թվարկել իրենց հոգսերը, որոնք կամաց-կամաց փաթաթվում են եզդի տիկին Գոհարի իլիկին: «Ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Կյանք ա, էլի, ոնց որ բոլոր տեղերում: Ասա` որտե՞ղ չկա խնդիր»,- կտրուկ եզրափակում է տիկին Գոհարը` խոր ափսոսանքով, որ բուրդն արդեն վերջացել է ու ինքը ստիպված է ընդհատել աշխատանքը: «Ինչի՞ ես եկել էստեղ: Եկել ես մեզ նկարե՞ս, բա հետո՞: Ես ասեմ` հետո ի՞նչ կլինի: Հետոն էն կլինի, որ բան էլ չի լինի: Մենք կշարունակենք պրոբլեմներով շատ մեր կյանքը»,- ինքնամոռաց խոսում են թաղամասի կենտրոնական փողոցում հավաքված Զվարթնոցի բնակիչները: Եվ հետաքրքիրն այն է, որ այս մարդիկ այնքան հուսալքված ու հիասթափված են հոգսաշատ իրենց կյանքից, որ այլեւս նույնիսկ չեն ուզում այդ մասին բարձրաձայնել: «Քաղաքի բնակիչներ ենք, բայց խմելու ջրով ենք լվացք անում, այգի ջրում: Ոռոգման ջուր չկա: Էս դաժե գյուղ էլ չի»,- ասում են Թորոս Թորամանյան փողոցի բնակիչները, որոնց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ, ասենք, հարեւան փողոցներում ջուր կա, իսկ իրենց մոտ` ոչ: «Հես ա` նայիր, էստեղ եթե կանաչ ծառ ես տեսնում, ուրեմն էդ անձրեւի շնորհքն ա»,- շարունակում են նրանք` մատնացույց անելով Ամար Ռավոյանի այգին, որն անապատի է նման: «Ես էստեղ ծնվել ու մեծացել եմ: Սրանից մի հինգ տարի առաջ ի՜նչ այգի ունեի` տո բալի, ծիրանի, սերկեւիլի. խնձորի ծառեր ունեի: Հիմա տեսնում եք, չէ՞: Էնքան ցավ եմ զգում, որ նայում եմ էս չորացած ծառի ճյուղերին»,- չորացած ծառին կախված մի քանի սերկեւիլին նայելով` նշում է Ամար Ռավոյանը, որին քիչ անց մոտենում է շունը: Այնուհետեւ նա սկսում է պատմել, թե ամսական որքան մեծ գումար է վճարում ջրի օգտագործման համար: Մինչդեռ հարեւան բակի բնակիչները քամահրանքով են նայում ջրազուրկ հողակտորներում ապրող բնակիչների կյանքին: Այստեղ էլ սկսում է հին վեճը: «Հասկանո՞ւմ եք, մենք խմելու ջրից չենք դժգոհում, մենք բողոքում ենք, որ ոռոգման ջուր չունենք: Նայիր` հենց երկու օր առաջ Ջրմուղ եմ զանգել: Ասում ենք` մեր էս փողոցի վերջում ջուրը հոսում ա, եկեք փակեք: Ախր, հնարավոր ա սարքել, ուղղակի չեն գալիս: Բայց դե հլա մի հատ էլ մեզ են կոպտում, որ իրենց անհանգստացնում ենք»,- մտահոգված են տեղի բնակիչները` այս անգամ խոսելով նաեւ քաղաքական խնդիրների մասին: «Ասում են` սահմանը բացելու են: Լսել ենք: Իսկ ինչի սահմանը նո՞ր ա բաց` էդքան թուրքական ապրանք որ վաճառում են, որտեղի՞ց: Մեկ ա` էդ մեզ իսկի ձեռնտու չի: Հա, ասենք, Մարգարայի բնակիչներին լավ ձեռք կտա` հողերը թանկ կծախեն թուրքերի վրա, բա մե՞զ»,- նշում են նրանք, որոնց զրույցը թեժանում էր Միշա պապիկի օղեթորման համար վառված կրակի պես: Դարպասի անաղմուկ բացելը պապին միայն մի քանի րոպե կտրեց իր աշխատանքից, բայց այս ընթացքում եռացող խաղողը սկսեց թափվել կաթսայից: «Շուտ-շուտ ցեխով փակիր կաթսայի բերանը»,- տան մոտից լսվեց Միշա պապի որդու ձայնը:
Իրականությունից դուրս
Զվարթնոց պատմամշակութային թանգարանի մուտքից քիչ վերեւ Խաչիկ Լնդյանի համեստ վաճառասեղանիկն է, իսկ ավելի ճիշտ` Զվարթնոցի ողջ պատմությունը` լուսանկարների տեսքով: Սեղանիկի հարեւանությամբ գտնվող ծառաշատ այգու աշնան պես դեղին են Խաչիկ Լնդյանի մազերը, որոնք քամու հանդարտ հպումների պատճառով իրար են խառնվում: Չնայած սրան` նրա սպիտակախառը հոնքերի տակ պատսպարված աչքերը հանդարտ ու անվրդով էին: «1966թ. այստեղ եմ աշխատում: Ես Զվարթնոցի հին բնակիչներից եմ: Սիրիայից գաղթածներից եմ, ավելի ճիշտ` անդարձ հայրենադարձներից: Հիշում եմ, երբ եկանք Զվարթնոց, այստեղ ապրում էր մի 7 ընտանիք: Մի փոքրիկ գյուղ էր, եւ հենց այդպես էլ կոչվում էր: Բայց տարիներ անց գյուղի կարգավիճակից դուրս եկավ` դառնալով քաղաքի թաղամաս»,- հիշում է Խ. Լնդյանը` սկսելով արտասանել իր գրած բանաստեղծություններից մի քանիսը: «Ես միշտ անավարտ սիրո մասին եմ գրում: Ուզում եմ, որ մի օր բանաստեղծություններիս ժողովածուն տեսնեմ»,- ասում է նա ու կրկին սկսում խոսել ոչ թե անավարտ, այլ անվերջանալի սիրո մասին: Զվարթնոցի տաճարի ամեն մի քարի տրամադրության մասին «Զվարթնոց» պատմամշակութային թանգարանի տնօրեն Վարդան Գրիգորյանն էլ խոսում է չափազանց հոգատարությամբ: «Խնդիրներ ամենուր էլ կան, բայց դրանք լուծելի են: Իսկ դրանք լուծելի են դառնում միայն սրտացավ վերաբերմունքի դեպքում»,- ասում է Վ. Գրիգորյանը` միաժամանակ տեսնելով սալահատակին ընկած ընկույզի կեղեւը: «Սա էլի թռչուններն են բերել»,- գետնից վերցնում է կեղեւն ու շարունակում պատմել Զվարթնոց տաճարի պատմության, վերջին տարիներին կատարվող վերանորոգման աշխատանքների մասին: Այս ամենը գուցե անծանոթ հեքիաթ թվա, եթե չհանդիպեինք տաճարի հարեւանությամբ գտնվող 49 մետր խորություն ունեցող ջրազուրկ ջրհորին, որն իր հերթին լուռ պատմում է Զվարթնոցի ծուռ, ավազաշատ ու անջուր փողոցների մասին եւ այն մասին, թե որքան «մշակութասեր» է ՀՀ կառավարությունը: