Մի կողմից՝ ցամաքեցնում էինք Մեծ Սեւանը, մյուս կողմից՝ լոզունգներ գրում. «Որպեսզի թեթեւանա հոգսը Սեւանի»… Ահա այսպիսի դաժան հոգեբանությամբ, ոչ խորունկ մտածելակերպով ենք վարվել Սեւանի հետ, եւ այսօր էլ ոչ պակաս խելացի կերպով ենք մոտենում նրա ճակատագրին…
Թեման այնքան արդիական է, այնքան տագնապալի, որ կարծես, ուր որ է կորցնելու ենք Սեւանա լիճը:
1943թ. մորս հետ, նավով Սեւանից գնում էինք Նորադուզ՝ Նոր Բայազետ: Տախտակամածի վրա «կուտակված» մարդիկ լճից բարձրացնում էին սառը, քաղցրահամ ջուրը եւ խմում: Մտածում եմ. այսօր կարող ենք այդ ջուրը խմել, իմ կարծիքով՝ ոչ: Սեւանի ջուրը «հիվանդ» է: Արփա գետի ջրերի ներհոսը Սեւանա լիճ, կարծես թե, ազդեցիկ ներգործություն է թողնում Սեւանի ջրերի դարերից եկած կայուն բաղադրության եւ սառնորակության վրա: Ջրի մեջ հայտնված խորթ նյութերը չեն ընդունվում որոշ ձկների կողմից: Իմ կարծիքով՝ իշխան ձկան անհայտացման պատճառը ոչ այնքան ձկնագողերն են, որքան այդ նյութատեսակները եւ ջրի ջերմաստիճանի խախտումը…
Սեւանը հազարամյակներով գոյատեւել է 5 գետերի եւ 23 գետակների ջրերի ներհոսի շնորհիվ: Այդ ջրերը ավելի սառնորակ են, ծանր՝ թթվածնով հարուստ. ներքեւ իջնող, զուլալ են, անուշահամ, քան Արփա գետի ջրերը…
Այս խնդիրները խորությամբ հասկանալու համար անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել Սեւանա լճի ջրերի տարբեր ժամանակաշրջաններում եղած հաշվեկշիռները:
Թող զարմանալի չթվա. ապացուցված է, որ Սեւանա լճի մակարդակը 2500 տարի շարունակ, մինչեւ VI դարը, մ. թ. ա., եղել է 1900 մ բացարձակ նիշը: Դարերի ընթացքում, կլիմայական փոփոխությունների հետեւանքով, լճի ավելացած ջրերի պաշարները տեղի են տվել մակարդակի բարձրացմանը` հասնելով մինչեւ 1916 մ բացարձակ նիշը: Այդ պայմաններում լճի հաշվեկշիռը եղել է. Լճի մակերեսը-1400 քառ. կմ, 28 գետերի եւ գետակների ջրերի տարեկան ներհոսը` 730 մլն մ3, անձրեւաջրերի տարեկան տեղումները` 490 մլն մ3, մակարդակի տարեկան գոլորշիացումը` 1080 մլն մ3, ներքին արտահոսքը դեպի աղբյուրների սնուցումը` 50 մլն մ3, ավելացած ջրի պաշարը` 90 մլն մ3:
Ջրի մակարդակի իջեցումից հետո (1900 մ) ներկայումս առկա է հետեւյալ պատկերը. Լճի մակերեսը` 1250 քառ. կմ, 28 գետերի եւ գետակների ներհոսը` 730 մլն մ3, անձրեւաջրերի տեղումները` 455 մլն մ3, գոլորշիացումը` 960 մլն մ3, ներքին արտահոսը` 50 մլն մ3, Արփա գետի ջրերի տարեկան ներհոսը Սեւանա լիճ այօրվա վիճակով (12,5 մ3 -1 վրկ.)` 400 մլն մ3, ապագայում ակնկալվող (25 մ3 – 1 վրկ.)` 780 մլն մ3 :
Սեւանից բաց է թողնվում, տարեկան. Սեւան-Հրազդան կասկադի
6-ՀԷԿ-երին` 120 մլն մ3, ոռոգման համար` 260 մլն մ3: Այսպիսով, յուրաքանչյուր տարի լճի մակարդակի բարձրացումը ակնհայտ է դառնում: Արփա գետի ակունքի բացարձակ նիշը (Կեչուտի ջրամբար) 1940մ է` 40մ բարձր Սեւանա լճի մակարդակից: 48 կմ թունելով հոսող ջուրը, դեպի Սեւանա լիճ, ունի չնչին թեքություն` 1 կմ 83 սմ: Թունելի պատերը բետոնապատված չեն, եւ ժամանակ առ ժամանակ պահանջվում է վերանորոգել այն: Եթե այսօր մեծ ոգեւորությամբ գոռում-գոչում ենք Սեւանա լճի մակարդակի 3մ կամ 5 մ բարձրացման մասին, իսկ հետագա տարիներին՝ մինչեւ 16մ, ուրեմն, պետք է իմանալ` թունելի ելքի, սկսած 2 կմ-ից մինչեւ 15 կմ-ն (16 մ բարձրացման ժամանակ) կհայտնվի ջրի մեջ, որը ոչ միայն հնարավորություն չի տա կատարել թունելի պատերի վերանորոգումը, այլ թունելը կկանգնի կատաստրոֆիկ վիճակի առաջ: Արփա-Սեւան թունելի շահագործումից հետո անիմաստ է լճի մակարդակի բարձրացման մասին խոսելը` դա աքսիոմա է:
Եթե Արփա գետի ներհոս ջրերի քանակությանը գումարենք Սեւանի ջրերի ավելացածին եւ հանենք Սեւանից դուրս եկող ջրերի քանակությունը, կստանանք ավելացած ջրերի հետեւյալ պաշարը.
– Այսօրվա վիճակով (տարեկան)-195 մլն մ3
– Ապագայում ակնկալվող (տարեկան)-575 մլն մ3
Իսկ ի՞նչ տարբերություն կա մեր նախնիների 1900մ բացարձակ նիշով Սեւանա լճի եւ այսօրվա 1900մ նիշով Սեւանա լճի միջեւ: Տարբերությունը մեկն է. այսօրվա Սեւանա լիճը, իր փեշերի տակ հավաքած սեփական ջրերից բացի, համարվում է նաեւ կարգավորող օրգան Արփա գետի տրանզիտ ջրերի ընդունման եւ բացթողնման գործընթացում: Ահա, հենց այստեղ է, որ պահանջվում է մարդկային՝ մեր գործոնը. Սեւանին վնաս չբերելով՝ լուծել այս կարեւոր գլոբալ հարցը, ի շահ մեր տնտեսության:
Անցյալ դարի 20-ական թվականներին առաջ քաշվեց միութենական մասշտաբով երկու ծրագիր-տարբերակ.
Առաջին տարբերակ. Սեւան-Հրազդան Կասկադի 6 ՀԷԿ-երի կառուցումը:
Երկրորդ տարբերակ. Սեւան-Աղստեւ Կասկադի ՀԷԿ-երի կառուցումը:
Այսօր մենք ստիպված ենք երկրորդ տարբերակը վերակենդանացնել: Մեզ այդպես են թելադրում Սեւանի ջրերի օր օրի ավելացող պաշարները: Սեւանը Դիլիջանից բարձր է` 700, իսկ Իջեւանից՝ 1200 մետրով: Այս կասկադի վրա կառուցված ՀԷԿ-երը, ունենալով բնական ջրի մեծ ճնշումներ եւ պահանջվելիք ջրի քանակություն, ոչ պակաս տարեկան 120 մլն խմ, կարող են արտադրել նվազագույնը 650 մլն Վտ. էներգիա (Հայկական Ատոմակայանի արտադրած էլէներգիայի մոտ 90%-ը):
Այն մտավախությունը, թե Սեւանից բացթողնված ջուրը Աղստեւ գետի ջրերի հետ գնալու է կորչի Ադրբեջանի տարածություններում, կվերանա:
Նշված առաջարկության վրա հիմնվելով կարելի է մետաղական խողովակներով, առանց էլեկտրապոմպերի օգնության Սեւանից բացթողնված ամբողջ ջրի քանակությունը բարձրացնել Իջեւանից վեր՝ 150-200 մ բարձրության վրա, որից հետո այդ էժանագին ջուրը ուղղել դեպի Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Դեբեդ գետի բարձունքներում գտնվող տասնյակ գյուղերի արդեն չորացած հողատարածքներ` ոռոգման նպատակով:
Այսպիսով, բացի Սեւան-Հրազդան եւ Սեւան-Աղստեւ կասկադների օգտագործած ջրերից, կունենանք նաեւ տարեկան 75 մլն խ/մ ավելացած ջրի պաշար, հետագայում այն կդառնա մինչեւ 455 մլն խմ: Դա ստիպում է արդեն մտածել Սեւան-Հրազդան-2 կասկադի ստեղծման մասին: Հայտնի է նաեւ Եղվարդում ջրամբար կառուցելու մտադրությունը: Ֆինանսական մեծ ներդրումների բացակայության պատճառով այն չի իրագործվում: Վերցնելով Սեւանա լճի ջրից եւս, տարեկան 41 մլն խմ ջուր (2 խմ/ վրկ.), կարող ենք առանց էլեկտրապոմպերի օգնության ջուրը հասցնել Հրազդան կիրճի աջ կողմի Նոր-Գեղիի մոտակայք, որտեղից այն կուղարկվի երեք ուղղություններով՝ դեպի Եղվարդի, Աշտարակի եւ Դավիթաշենի «ղռերին», ամայի եւ չորացած հողերին, ամենակարեւորը՝ չնչին գումարներով եւ կարճ ժամկետում…
Բիզնեսի ներկայիս ժամանակներում ինձ զարմացնում է ՀՀ ղեկավարության դիրքորոշումը. Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու անհամբեր ձգտումը, աչքաթող անելով նոր ՀԷԿ-երի կառուցումը, որը կրկնակի էլեկտրահոսանք կարող է տալ, քան ՋԷկ-երը եւ ԱԷԿ-երը միասին վերցրած:
ՋԷԿ-երի եւ ատոմային էներգիայից ստացված 1կՎտ էներգիան թանկ է եւ քանի գնում թանկանում է, հակառակ դրան, ՀԷԿ-երից ստացված 1 կՎտ էներգիան մի քանի անգամ էժան է եւ, քանի գնում, էլ ավելի է էժանանում: Էկոլոգիապես մաքուր է եւ մշտական էներգիա արտադրող աղբյուր:
Սեւանա լճի ջրերի արտահոսը պետք է կատարվի միայն ու միայն լճի ամենաբարձր մասերից: Դա երկրորդ աքսիոման է, որը հետագա նախագծային աշխատանքների ժամանակ պետք է հաշվի առնվի: Դեռ խորհրդային ժամանակներում կար բարձր ճնշման տակ գործող Սեւանի շուրջափնյա կոյուղու նախագիծ (նույնիսկ Սեւանից ներքեւ կառուցվել էր ջրամաքրման կայանի որոշ մասը): Բացի մեծ ծախսերից, որը արդի պայմաններում հնարավոր չէր լինի շահագործել, ուներ եւս մեկ թերություն. արհեստական ձեւով լճից տարեկան 60 մլն մ3 ջուր արտահոս էր տեղի ունենալու… Պետք է մտածել խոշոր բնակավայրերով անցնող 5-6 գետերի վրա կառուցվելիք, նոր ջրամաքրման կայանների մասին:
Սեւանա լիճը կարիք ունի գլխավոր ճարտարապետի, դենդրոլոգի եւ գլխավոր ձկնագետ-ձկնաբանի: Այս երեք մասնագետների համատեղ աշխատանքը, որպես Սեւանա լճի ղեկավարող եռյակ, կբերի ցանկալի դրական արդյունքներ:
Սեւանից արտահոս ջրերի դիմաց Հայաստանի կառավարությունը պարտավոր է վճարել: Դա բիզնեսի օրենքն է: Նորաստեղծ ֆինանսական աղբյուրի շնորհիվ Սեւանը կդառնա բարեկեցիկ ժամանակակից ոճով կառուցված: Ի մի կբերվեն ձկնաբուծական գործող եւ չգործող բազմաթիվ օբյեկտները մի ընդհանուր ձկնարդյունաբերական կոմբինատում: Գլխավոր դենդրոլոգի ղեկավարությամբ հնարավոր կլինի կարգավորել լճի շուրջը կատարվող խելացի ծառատունկը՝ վայրի եւ մրգատու ծառերի, բուժական նշանակություն ունեցող, մրգատու թփերին կտրվի կանոնավոր ձեւ եւ աճեցնելու անսահմանափակ հնարավորություններ…
Սեւան-Աղստեւ կասկադի կառուցումով հարց է առաջ գալու՝ Ադրբեջանի կողմից Աղստեւ գետի մաքուր խմելու ջրի վճարումը: Եթե նավթը գին ունի, ջուրն՝ առավելեւս:
Սեւան-Աղստեւ կասկադի շահագործումով, երբ կունենանք էժան էլեկտրաէներգիա եւ ոռոգման ջուր, առաջ է գալու նոր գլոբալ ծրագրի մտահղացում՝ ուղղված Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ եւ Ճամբարակ զիգզագաձեւ կարմիր գծի վրա գտնված շրջանների եւ գյուղերի վերաբնակեցմանը, մինչեւ 1 մլն մարդ… Ամենամեղմ կլիմա ունեցող, բերրի հողերի անսահման քանակությամբ, գեղատեսիլ այս շրջանների համար, ընդունելի տարբերակ է:
Սեւանա լիճը մեր հպարտությունն է, մեր ապագան ու անգին հարստությունը: Այն Արփա-Սեւան թունելով՝ աստվածապարգեւ նվիրատվությունն է Հայ ժողովրդին:
Մարտուն ՍԱՀԱԿՅԱՆ
Ճարտարագետ-շինարար, գյուտարար