«Ես գտնում եմ, որ մենք այսօր այսպիսի վիճակում չէինք լինի, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը,- երեկ հայտարարել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը` ավելացնելով,- Այսօր արդեն առանց որեւէ կասկածի կարող ենք ասել, թե ում էր պետք «Հոկտեմբերի 27»-ը. անգլո-սաքսոնական ուժերին, որ Հայաստանին դարձնեն թույլ, զիջողական եւ պարտադրեն այսպիսի լուծում»: Վ. Շիրխանյանը հիշեցրել է, որ 1999թ. նոյեմբերին շրջանառության մեջ մտցվեց Մեղրիի տարբերակը: «Այնուհետեւ 2001թ.` Քի-Ուեսթ` նորից Մեղրիով կոմունիկացիա անցկացնելով: Հիմա նորից ամբողջ խնդիրը Երեւան-Անկարա-Նախիջեւան-Բաքու երկաթուղին աշխատացնելը եւ ցամաքային կապ ստեղծելն է, եւ մենք գնում ենք այդ խնդրի լուծմանը մեր բարի կամքով, որը ես համարում եմ անթույլատրելի: Վաղը դա բերելու է Ղարաբաղյան գործընթացի արագացման»,- հայտարարել է ՊՆ նախկին փոխնախարարը: