Հաշվում են օգուտները

15/10/2009

Թուրքական «Հյուրիեթ» թերթի կանխատեսմամբ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանային առեւտրային կյանքում մեծ փոփոխությունների կբերի: «Բրյուսելում գործող հայ-թուրքական գործնական խորհրդի համանախագահ Քեն Սոյակը նշել է, որ բավական ժամանակ է, ինչ Վրաստանը որպես տարանցիկ ուղի է օգտագործվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրափոխանակության համար, եւ առեւտրաշրջանառության ծավալը կազմում է մոտ 150 մլն դոլար: Սահմանի բացման դեպքում այս ցուցիչը կհասնի 500 մլն-ի»,- գրել է թերթը: «Հյուրիեթի» փոխանցմամբ՝ սահմանի բացումը նոր հնարավորություն կընձեռի թուրքական տեքստիլ-արդյունաբերական ապրանքների համար, որոնք Հայաստանի միջոցով կարող են ռուսական շուկա մուտք գործել: «Առայժմ ռուսական շուկան դժվարամատչելի է, սակայն հայ-ռուսական ազատ առեւտրաշրջանառության համաձայնագիրը կարող է հեշտացնել այս գործընթացը թուրք արդյունաբերողների համար»,- գրում է թերթը, որի կանխատեսմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առարկայական շահույթ կբերի նաեւ զբոսաշրջության բնագավառում, քանի որ բազմաթիվ սփյուռքահայեր կցանկանան տեսնել իրենց պատմական հողերը։