Թուրքիայի ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցությունում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, թեեւ հրապարակավ այս կուսակցության անդամները միշտ դեմ են արտահայտվել արձանագրությունների վավերացմանը` իրենց դիրքորոշումը բացատրելով ԼՂ հարցում առաջընթացի բացակայությամբ: Սակայն մեր տեղեկություններով՝ այս կուսակցության բազմաթիվ բարձրաստիճան անդամներ կողմ են արտահայտվում արձանագրությունների վավերացմանը` չպայմանավորելով այն ԼՂ հարցի հետ: Թուրքիայի պառլամենտում 550 պատգամավորներից 130-ը այս կուսակցության անդամներն են եւ նրանցից երկուսն արդեն ասել են, որ կողմ են քվեարկելու արձանագրությունների վավերացմանը: Ի դեպ, այս կուսակցության ղեկավար Դենիս Բայկալը, որ շատ կոշտ քննադատության է ենթարկել հայ-թուրքական արձանագրությունները, կարող է առաջիկայում հեռացվել կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նշենք, որ հոկտեմբերի 21-ին արձանագրությունները ուղարկվելու են Թուրքիայի պառլամենտ, ուր այդ օրը ելույթ է ունենալու Թուրքիայի արտգործնախարարը: Պատգամավորների բացարձակ մեծամասնությունը` շուրջ 300-ը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից են: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 367 ձայն, իսկ որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: