Սպասումները միայն խաղից են

15/10/2009

«Սա գործարք է»,- երեկ հրավիրված ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա պարզաբանել է, որ արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը մի կողմից գնում է Հայոց ցեղասպանության հարցում զիջման` փոխարենն ակնկալելով բաց սահման, մյուս կողմից` բաց սահմանի խոստումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ստանալիքը կախված է մնում օդից, քանի որ, ըստ Զուրաբյանի, դա հնարավոր կլինի միայն Արձանագրությունների վավերացման դեպքում: Նա վստահ է, որ Թուրքիան Արձանագրությունները կվավերացնի միայն ԼՂՀ հարցում առաջընթացի դեպքում: «Այս իրավիճակի լուծումը մենք տեսնում ենք վարչախմբի հրաժարականի մեջ»,- հայտարարել է Լեւոն Զուրաբյանը` ավելացնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանն այլեւս հետդարձի ճանապարհ չունի, իսկ նրա իշխանության պահպանումն էլ միջազգային անվերապահ աջակցության արդյունքն է: Իսկ հրաժարականը, նրա կարծիքով, հնարավոր է միայն համաժողովրդական եւ համընդհանուր ընդվզման միջոցով: Սակայն, ինչպես ասել է Լ. Զուրաբյանը, իշխանությունները հրեշավոր ծրագիր են մտածել՝ Համաժողովրդական շարժման դիմադրությունը կոտրելու համար, եւ փորձում են կեղծ ընդդիմություն ստեղծել, որի շրջանակներում ժողովրդի ընդվզումը կլինի վերահսկելի: ՀԱԿ ներկայացուցիչն ակնարկել է, որ հենց այդպիսի ընդվզում է Դաշնակցության բողոքն ընդդեմ Արձանագրությունների: «Այո, այսօր Դաշնակցությունը գործում է իշխանությունների գծած սցենարով»,- ասել է Զուրաբյանն` ավելացնելով, որ այդուհանդերձ ՀՅԴ-ում կան մարդիկ, որոնք անկեղծ ընդվզում են Արձանագրությունների դեմ: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե համաժողովրդական շարժմանը չի հաջողվել հասնել իր նպատակներին` Լեւոն Զուրաբյանն ուղիղ ասել է. «Այո, մենք չենք հաջողել»: Պատասխանելով լրագրողների դիտարկմանը` հայ-թուրքական հարաբերությունների հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունների նմանության վերաբերյալ, ՀԱԿ անդամը հայտարարել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց ոչ ցեղասպանության ուրացման: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չէր համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը»: Ըստ Զուրաբյանի` եթե Սերժ Սարգսյանը գնար միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու ճանապարհների բացմանը, կնշանակեր, որ նա անում է այն, ինչը ցանկանում էր անել Լեւոն Տեր-Պետրոսյանը 90-ական թթ.: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկ Թուրքիա կատարած այցելությանը` Լեւոն Զուրաբյանը նկատել է, թե նրան կդիմավորեն «մեծ պատիվներով, քանի որ որեւէ հայ ղեկավար այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիային»: Ինչ վերաբերում է ֆուտբոլային խաղից ակնկալիքներին` Զուրաբյանը նախ ասել է, որ իրենց սպասումները միայն խաղից են, ապա մեր հավաքականին մաղթել է հզոր ելույթ ու հաղթանակ: