«Ժառանգությունը» գնում է պատերազմ

15/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացնելուց հետո, մեր ունեցած տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը:

Երկու օր առաջ կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները «ապօրինի են, կորզվել են խաբեությամբ ու պարտադրանքով, ստորագրվել են կեղծված ընտրությունների արդյունքում ժողովրդին պարտադրված եւ մարտի 1-ի արյան բեռը կրող իշխանության կողմից»: «Այդպիսի իշխանությունն իրավունք չունի վճիռ արձակել Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության անունից: «Ժառանգություն»-ը կոչ է անում արձանագրությունների ստորագրմանն ընդդիմացած բոլոր քաղաքական ուժերին համախմբվել եւ միացյալ ուժերով հասնել իշխանափոխության»,- նշված է հայտարարության մեջ:

«Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ չհերքեց, որ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծ են նախապատրաստում: Ղարաբաղի ճանաչման հետ կապված նախկինում բազմաթիվ կոչեր է արել նաեւ այս կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Ա.Մարտիրոսյանի կարծիքով՝ բանակցությունների այս փուլում խիստ հրատապ է ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: «Որովհետեւ արդեն տեսնում ենք, որ իշխանությունները քայլ առ քայլ զիջում են մեր բոլոր ռազմավարական կետերը` առաջնորդվելով հայ-թուրքական հարաբերություններում թուրքական նախապայմաններով, որոնց մեջ վերջերս եւ մինչ այդ էլ քննարկման գլխավոր կետն այն է, որ անհրաժեշտ է զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Իշխանությունները, նաեւ ընդդիմության որոշ մասը կարծում են, որ Հայաստանը մինչեւ հիմա ԼՂՀ անկախությունը չի ճանաչել, որովհետեւ հակամարտության կարգավորման խնդրով բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ եւ բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորման հնարավորությունը չի սպառվել: Եվ վերջապես կարծիք կա, որ ԼՂՀ անկախության ճանաչումը վերջ կդներ բանակցություններին եւ կարող էր հանգեցնել պատերազմի վերսկսմանը: Արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցությունն այս հանգամանքը հաշվի չի առնում: Ա.Մարտիրոսյանը ԼՂՀ-ի ճանաչման պատճառով պատերազմի վերսկսման հնարավորությունը անհիմն է համարում: «Պատերազմի սկիզբ կարող են լինել միայն այնպիսի աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնց արդյունքում Ադրբեջանն իր ձեռքերն ազատ կզգա եւ կկարողանա այդ քայլին գնալ: Չմոռանանք, որ Ադրբեջանի տարածքով նավթամուղ եւ գազամուղ է անցնում, բազմամիլիարդ ներդրումներ կան: Իսկ նման պայմաններում հնարավոր չէ երաշխավորել, թե ինչպիսի ընթացք կունենա պատերազմը, եւ այդ ներդրումներն ինչ վիճակում կհայտնվեն»,- ասում է պատգամավորը:

Ուրեմն լուրջ չե՞ն պատերազմը վերսկսելու եւ ազատագրված տարածքներն այդ ճանապարհով վերադարձնելու մասին Ադրբեջանի կողմից հաճախ հնչող սպառնալիքները: Ա.Մարտիրոսյանն այդ սպառնալիքները լուրջ է համարում այնքանով, որքանով որ Ադրբեջանը պատրաստվում է դրան եւ ավելացնում է իր ռազմական հնարավորությունները: Բայց նա ավելացնում է, որ հայկական կողմը, ԼՂՀ պաշտպանական բանակը շատ արագ կարող է կանխել եւ պատասխանել ցանկացած ագրեսիայի: «Ադրբեջանը երկարատեւ պատերազմի ուղղակի չի կարող դիմանալ, որովհետեւ դրսից ադրբեջանական տնտեսության մեջ գումարներ են դրվել անպայման շահույթ ստանալու համար: Իսկ եթե այնուամենայնիվ պատերազմ սկսելու խնդիր գոյություն ունի, ապա դրա առիթը կարելի է ստեղծել շատ հանգիստ: Այնպես որ, սա այն քայլը չէ, որը կարող է պատերազմի սկսման պատճառ հանդիսանալ»,- համոզված է Ա.Մարտիրոսյանը:

Այդուհանդերձ, որքանո՞վ է հավանական, որ ԼՂՀ անկախության ճանաչման նախագիծն ԱԺ-ի կողմից քննարկվի եւ ընդունվի: Չէ՞ որ ուղիղ երկու տարի առաջ` դեռեւս 2007թ. աշնանը, երբ «Ժառանգությունը» նոր էր հայտնվել խորհրդարանում, այդ նույն նախագիծը դրել էր շրջանառության մեջ, բայց այն նույնիսկ ԱԺ նիստերի օրակարգում չէր ընդգրկվել: Ամենայն հավանականությամբ, «Ժառագության» նախաձեռնությունը նույն ճակատագիրը կունենա նաեւ այս անգամ: «Կարծում եմ, որ դա եւս մեկ անգամ լակմուսի թուղթ կլինի եւ ցույց կտա, թե այս իշխանություններն ինչ շրջանակում են պատրաստ նվիրաբերել մեր հակառակորդներին ու մրցակիցներին մեր պետական շահերը: Դա եւս մեկ անգամ կապացուցի, որ ԼՂՀ-ի հետ կապված եւս իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումների գնալ, եւ արդյունքում մենք այս պարագայում եւս կունենանք պարտված հայկական կողմ»,- ասում է Ա.Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, անիմաստ չի՞ լինի մերժման դատապարտված օրինագիծը նորից դնել շրջանառության մեջ: Չէ՞ որ, եթե նույնիսկ ընդդիմություն դարձած եւ «Ժառանգության» հետ համագործակցություն սկսած «Դաշնակցությունն» էլ միանա այս նախաձեռնությանը, միեւնույն է, իշխանությունները ԱԺ-ում ունեն մեծամասնություն, որը դեմ կքվեարկի օրինագծին: «Ոչ, անիմաստ չէ: Սա լրջագույն քաղաքական քայլ է, որը, եթե իշխանությունները խելամտություն ունենան, անպայման կօգտագործեն եւ ըստ դրա հետագայում լծակներ կունենան բանակցություններում հայկական կողմի շահերը պաշտպանելու համար: Ես հույս ունեմ, որ ԱԺ մեծամասնությունն այդ զիջողական քաղաքականությունից ետ կկանգնի»,- հույս ունի պատգամավորը:

Իսկ ինչո՞ւ հանկարծ եւ վերջապես «Ժառանգությունը» որոշեց Ս.Սարգսյանի հրաժարականը պահանջել: Երկար ժամանակ կուսակցությունն այդ քայլից խուսափում էր եւ հրաժարականի փոխարեն այլ` վստահության հանրաքվեի պահանջ էր ներկայացնում: Ա.Մարտիրոսյանն ասում է, որ դրա համար քաղաքական պահանջ կար: «Նախ՝ դա առաջին պահանջը չէր, հունիսի 23-ին ԼՂՀ-ի հետ կապված Ս.Սարգսյանին ուղղված հայտարարության մեջ Անահիտ Բախշյանն ասում էր՝ եթե չեք կարողանում հարցը լուծել, հրաժարական տվեք: Այնպես որ, այդ պահանջը հասունացավ: Մենք մինչ այդ էլ բարձրաձայնել էինք, որ եթե նախագահը համաձայնի ստորագրել արձանագրությունները, դա կնշանակի՝ հրաժարում սահմանադրական պարտականություններից, պաշտոնից ու հայրենիքից: Եվ վերջապես նախագահի հրաժարականով, կարծում եմ, որ այս պրոցեսը կարելի է կանգնեցնել»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: