Հակաթուրքական կրքեր Ադրբեջանում

15/10/2009

Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունը առաջարկ է ներկայացրել Միլի մեջլիսին` խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, կուսակցությունը նաեւ առաջարկում է ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին եւ վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաեւ պաշտոնական Անկարան: «Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի մինչեւ ադրբեջանական հողերի ազատագրումը, դրանով Անկարան թիկունքից հարված կհասցնի Ադրբեջանին,- հայտարարել է կուսակցության առաջնորդ Ռովշան Հուսեյնովը` ավելացնելով,- Պաշտոնական Բաքուն պետք է կանխի Թուրքիայի իշխանությունների դավաճանական քայլերը, որոնք փաստացի հակասում են Ադրբեջանի շահերին»: Հուսեյնովը նաեւ ասել է, թե իր ունեցած տեղեկություններով` Թուրքիայի իշխանությունները այժմ բանակցություններ են վարում ընդդիմության հետ եւ փորձում են նրանց հետ եւս համաձայնության գալ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու շուրջ: «Մենք թուրք ժողովրդի հետ որեւէ խնդիր չունենք, մենք կտրականապես դեմ ենք արտահայտվում Թուրքիայի իշխանություններին, որոնք կանգնել են Ադրբեջանին դավաճանելու ճանապարհին»,- հայտարարել է Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցության նախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եկող շաբաթ մեկնելու է Ադրբեջան` հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ պարզաբանումներ տալու նպատակով: Պաշտոնապես, իհարկե, Դավութօղլուի այցը Բաքու ներկայացվում է որպես աշխատանքային, քանի որ հոկտեմբերի 21-22-ը Բաքվում անցկացվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը: Նշենք, որ Հայաստանը եւս անդամակցում է տարածաշրջանային այս կազմակերպությանը: