Երեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի անդամակցության շուրջ հերթական տարեկան զեկույցը, որում Եվրամիությունը հորդորում է Թուրքիային արագացնել բարեփոխումները` կառույցին անդամակցելու հնարավորությունները մեծացնելու համար, ինչպես նաեւ հանդես է գալիս հատուկ կոչով Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի՝ ազատ արտահայտման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ: «Պաշտոնական Անկարան մի շարք բարեփոխումներ է արձանագրել մարդու իրավունքներին եւ քրդական փոքրամասնությանը վերաբերող հարցերում»,- նշված է Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթում: Այդուամենայնիվ, ըստ զեկույցի, Թուրքիայի իշխանությունները դեռեւս հսկայական աշխատանք պետք է կատարեն` անդամակցության հասնելու համար: Զեկույցում դեռեւս ներառված չեն Թուրքիայի քայլերը` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ինչը բավական բարձր գնահատականի է արժանացել ողջ աշխարհի, այդ թվում՝ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնի կողմից: «Ես ոգեշնչված եմ այն պատմական քայլերով, որ ձեռնարկեցին Թուրքիան եւ Հայաստանը՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այս գործընթացը պետք է որքան հնարավոր է շուտ հանգեցնի հարաբերությունների լիակատար կարգավորմանը»,- հայտարարել է Ռեհնը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ այսուհետ յուրաքանչյուր ոք կարող է փոխհատուցում պահանջել Փամուկից թուրքերի ինքնությունը վիրավորելու, մասնավորապես, Հայոց ցեղասպանության եւ քրդերի իրավունքների ոտնահարման մասին արած հայտարարությունների համար։ Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», այդ որոշման հիման վրա վեց մարդ արդեն Փամուկի դեմ հայց է ներկայացրել դատարան: «Այս փաստը որեւէ դրական բան չի ասում խոսքի ազատությունը պաշտպանելու` Թուրքիայի ջանքերի մասին»,- երեկ ասել է Օլի Ռեհնը` ավելացնելով,- Ես կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանը քայլեր ձեռնարկել այսօրինակ խնդիրներից խուսափելու համար»: Իսկ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը ողջունել է Եվրահանձնաժողովի զեկույցը՝ պնդելով, թե դա մինչ օրս հրապարակված ամենաարդարացի ուսումնասիրությունն է: Նա հայտարարել է, թե Թուրքիան հաստատակամ է մինչեւ վերջ իրականացնել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, սակայն չի մանրամասնել` արդյո՞ք Անկարան պատրաստ է կատարել նաեւ Եվրամիության պահանջը Կիպրոսի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Պետք է նկատել, որ չնայած Եվրահանձնաժողովի զեկույցը «հերթական» է, սակայն հրապարակվել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ: Այսինքն` Եվրամիությունը Թուրքիային որոշակի «քարտ-բլանշ» է տալիս: Ոչ թե ֆուտբոլային հանդիպման, այլ դիվանագիտության հարցում: