Հողահավաքի ծիրին մեջ

15/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Դաշնակցություն» կուսակցությունում, արդեն մի քանի օր է, կրկին ակտիվ քննարկումներ են. Բյուրոյի նիստերն են ընթանում:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանի ասելով՝ քննարկվում են ընթացիկ կուսակցական ու նաեւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: Սակայն, պատգամավորի հավաստմամբ, նախագահ Սերժ Սարգսյանից հրաժարական պահանջելու հարց չի քննարկվում: «Մի քանի օր առաջ ենք հայտարարություն արել: Հո օրումեջ նոր հայտարարություն չե՞նք անի»,- ասում է պատգամավորը:

Մեր տեղեկություններով, սակայն, ՀՅԴ-ի ներսում լուրջ տարաձայնություններ կան Ս.Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարցի հետ կապված: Ա.Շահբազյանը «անհեթեթություն» է համարում նման տեղեկությունները: Նրա ասելով, նման լուրերը շրջանառության մեջ են դնում հատկապես իրենց կուսակցությանը վարկաբեկելու համար: Այնուամենայնիվ, նման տեղեկությունները հատկապես այս օրերին շատ համառորեն են շրջանառվում: Եվ խոսակցություն կա, որ կուսակցության հատկապես ներքին օղակներում` իշխանական բարիքներից չօգտվող ՀՅԴ-ի շարքային անդամներն իրենց ղեկավարներից պահանջում են հրաժարականի պահանջ ներկայացնել Ս.Սարգսյանին: Բայց ՀՅԴ-ի ղեկավարությունն առայժմ բավարարվում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով: «Շատ ափսոսում եմ, որ հեռուստատեսությամբ դիտեցի արձանագրությունների ստորագրման ուղիղ եթերը: Զզվանքս եկավ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ս.Սարգսյանի հրաժարականի պահանջն են պահանջում նաեւ «Դաշնակցության» սփյուռքի մի քանի կառույցների որոշ անդամներ: Բանն այն է, որ այդ կուսակցության ղեկավար անդամների մեծ մասը` թե Հայաստանում, եւ թե Սփյուռքում, գործարար հետաքրքրություններ ունեն մեր երկրում: Իսկ շատ անդամներ պարզապես վախենում են կորցնել իրենց աշխատանքը պետական գերատեսչությունների միջին ու ցածր օղակներում, որտեղ տեղավորվել են, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մաս էր կազմում:

ՀՅԴ հայաստանյան ղեկավարների բիզնեսների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի ու նրա եղբոր հյուրանոցային համալիրի ու խաղատների մասին բոլորը գիտեն: Հայտնի են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի տնտեսական հետաքրքրությունները: Ընդ որում, նա տասնյակ հեկտարներով մշակովի հողեր ունի ոչ միայն ազատագրված տարածքներում, այլ նաեւ Հայաստանում: Վերջերս Զովունի գյուղի բնակիչները ցույց տվեցին, որ գյուղից քիչ հեռու գտնվող ՊՆ զորամասերից մեկի անմիջապես պարիսպներին հարող տարածքում նախկին փոխնախարարը հսկայական հողեր ունի: Այնտեղ Ա.Աղաբեկյանը ֆերմա է հիմնել եւ թանկարժեք էկզոտիկ թռչուններ է բուծում: Երկար տարիներ ՊՆ-ում փոխնախարար աշխատած դաշնակցականը, թերեւս, գիտի, որ անընդհատ հրազենային փորձարկումներ իրականացնող զորամասին հարող տարածքում չի թույլատրվում նման գործունեություն իրականացնել, սակայն նրա նախկին պաշտոնը եւ կապերը թույլ են տվել դա անել: Ա.Աղաբեկյանը նաեւ մեծ հրաձգարան ունի Երեւանի գրեթե կենտրոնում` Մամիկոնյանց փողոցի վրա` «Ասպար» անունով: Եվ ընդհանրապես դաշնակցականներն արդեն հասցրել են ՀՀ-ի բերրի շրջաններում հսկայական հողեր սեփականաշնորհել: Արդեն հրապարակվել է, որ Թուրքիայի սահմանին մերձ հատվածում մեծ հողակտորներ ունի Վահան Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով՝ վերջինս մոտ 40 հա հող ունի նաեւ Աշտարակի Սասունիկ գյուղում: Վ.Հովհաննիսյանն այդ տարածքում նաեւ գործարան է կառուցում իրեն պատկանող հողերում աճեցրած բերքը վերամշակելու համար: Արագածոտնի նախկին մարզպետ, դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը այդ մարզում իր կուսակցության գրեթե բոլոր ղեկավարներին հսկայական հողատարածքներ է տվել: Մեր տեղեկություններով՝ Փարպի գյուղում Հրանտ Մարգարյանն ունի 10 հա հողատարածք, որտեղ կառուցել է 2 հսկայական առանձնատուն: Մեկը ծառայում է որպես ամառանոց, մյուսը օգտագործվում է կուսակցական հավաքների եւ Սփյուռքից ժամանած հյուրերի համար: Արագածոտնի մարզում հեկտարներով հողեր ունի նաեւ դաշնակցական պատգամավոր, Արագածոտնի դաշնակցական մեկ այլ նախկին մարզպետ Հրայր Կարապետյանը: Գյուղատնտեսական ու այլ ոլորտներում բիզնեսներ ունի նաեւ նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը: Ավելացնենք, որ Լոքյանն իր բոլոր հարազատներին հասցրել է տեղավորել տարբեր եկամտաբեր ոլորտներում: Նրա եղբորորդին, օրինակ, աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում: Ընդ որում, այս կուսակցության Սփյուռքի կառույցների կարկառուն ներկայացուցիչներն էլ հսկայական հողեր ունեն մեր երկրում: Սփյուռքի ու Հայաստանի դաշնակցականները հողեր ունեն նաեւ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում` Շուշիում: Ու այսօր այնքան էլ միանշանակ չէ այն կարծիքը, որ դրսի դաշնակցականները հակասություններ ունեն ներսինների հետ: «Ասում են, թե իշխանությունները դավաճանական քայլ են անում: Հանրահավաք են անում, «դավաճան» մակագրությամբ փուչիկներ են փչում, բայց մինչեւ հիմա հայ-թուրքական այս գործընթացում նրանց պայքարի ամենասուր կարգախոսը եղել է «նախագահ, մի զիջիր» խոսքը, որը Արմեն Ռուստամյանն էր ասում հանրահավաքի օրը: Եթե մի սուր խոսք ասեն, նախագահը նրանց ականջները կպոկի: «Դաշնակցությանը» մոտ կանգնած ցանկացած ոք կարող է հավատացնել, որ նրանց թե բողոքները, թե հրաժարականները Ս.Սարգսյանի հետ համաձայնեցրած են: Նրանք չեն կարող առանց իշխանությունների հետ համաձայնեցնելու որեւէ քայլ անել: Հիշեք` երբ ՀՅԴ ղեկավարները բանտերից դուրս եկան, որքան էլ հավատարիմ ծառայեցին իշխանություններին ու օգտվեցին կերակրատաշտից, նրանց վրայից մեղադրանքը չհանվեց: Այդ վիճակը իշխանությունները միշտ այդպես են պահում, որ ցանկացած պահի կարողանան օգտագործել նրանց դեմ: Այնպես որ, այս իշխանություններին ՀՅԴ-ի ընդդիմություն լինելը լուրջ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացող նախկին դաշնակցականը: