Ճգնաժամ

15/10/2009

Ճիշտը մի հատ ա

ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական բուրգի հեղինակ Բեռնարդ Մեյդոֆը, որը ներկայումս իր 150 տարվա ազատազրկումն է կրում Butner բանտում, իր կյանքում առաջին անգամ մասնակցել է բանտային կռվի։ Ինչպես գրում է «The New York Post»-ը, 71-ամյա Մեյդոֆը կռվի է բռնվել բանտախցի իր «հարեւանի» հետ… ֆոնդային բորսաների շուրջ ծագած վեճի պատճառով։ Ականատեսները վկայել են, որ Մեյդոֆին հաջողվել է ծեծել հակառակորդին։ Վերջինիս անունը չի նշվում, հայտնի է միայն, որ նա մոտ 60 տարեկան է։ Ըստ ականատեսների, «խուցընկերների» միջեւ սկզբում թեժ վեճ է բռնկվել, որի ժամանակ Մեյդոֆի հարեւանը հրել է նրան։ Դրանից էլ ամեն ինչ սկսվել է։ Կռիվը տեղի է ունեցել բանտի՝ բասկետբոլի խաղադաշտի անկյունում։ Բանտային հսկիչները չեն նկատել այն, այլապես թե՛ Մեյդոֆին, թե՛ նրա ախոյանին մենախուց կտեղափոխեին։ Իսկ հաջորդ օրը հակառակորդները հաշտվել են։ Թերթը նաեւ նշում է, որ բանտ նստելուց առաջ Մեյդոֆը վճարովի դասընթացներ է անցել, սովորելու համար, թե ինչպես իրեն «ճիշտ» պահի եւ գոյատեւի ազատազրկման վայրերում։ Հիշեցնենք, որ Բեռնարդ Մեյդոֆը Nasdaq ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի նախկին նախագահն է։ Նրան ձերբակալեցին 2008թ. դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ նրա կողմից ստեղծված «Madoff Securities» ներդրումային հիմնադրամն իրականում գործել է որպես ֆինանսական բուրգ։ Հիմնադրամի կողմից հաճախորդներին պատճառված վնասը կազմում է 50-60 միլիարդ դոլար։ Հաճախորդների թվում եղել են ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ՝ խոշոր ֆինանսական ընկերություններ։

Ամերիկյան բանկիրների «ռեկորդային բոնուսները»

Ինչպես գրում է «The Wall Street Journal»-ը, ամերիկյան բանկերի եւ ֆինանսական այլ խոշոր հաստատությունների աշխատակիցները 2009թ. ընթացքում կստանան շուրջ 140 միլիարդ դոլարի պարգեւավճարներ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Նախկին մաքսիմումը արձանագրվել է 2007թ., երբ պարգեւավճարները կազմել են 130 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ բոնուսները կաճեն 20%-ով։ 23 ամենախոշոր ֆինանսական ընկերությունների յուրաքանչյուր աշխատակցի միջին հաշվով բաժին է ընկնում ավելի քան 143 հազար դոլար։ Փոխհատուցումների շեշտակի աճը ցույց է տալիս, որ Ուոլլ-Սթրիթի ընկերությունները վերադառնում են անձնակազմի վրա կատարվող ծախսերի նախաճգնաժամային մակարդակին։ Եվ դա տեղի է ունենում անգամ այն պայմաններում, երբ գործում են պարգեւավճարների սահմանափակումներ՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։ Վճարվող բոնուսների ծավալով առաջին տեղում «Bank of America»-ն է՝ ավելի քան 30 միլիարդ դոլար։ Նրանից աննշան չափով ետ է մնում «JP Morgan Chase»-ը՝ 29 միլիարդ դոլար։ Ընդ որում, այս ընկերություններում մեկ աշխատակցին բաժին ընկնող միջին վարձատրության չափը զգալիորեն զիջում է այլ ներդրումային բանկերի եւ ֆինանսական ընկերությունների ցուցանիշներին։ Օրինակ՝ «Blackstone»-ը այս տարվա ընթացքում մեկ աշխատողի հաշվով կվճարի միջինը 4 միլիոն դոլար։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Goldman Sachs»-ն է՝ 743 հազար դոլար։ Իսկ, ասենք, «Bank of America»-ում այդ ցուցանիշը կազմում է 106 հազար դոլար։ Ամերիկյան խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների ընդհանուր հասույթը կկազմի 437 միլիարդ դոլար՝ 100 միլիարդով ավելի շատ, քան 2007թ.։ Դա բացատրվում է ամերիկյան ֆինանսական շուկայում մի շարք խոշոր միաձուլումներով։ Հիշեցնենք, օրինակ, որ 2008թ. «Bank of America»-ն ձեռք բերեց «Merril Lynch»-ը, իսկ «JP Morgan»-ը կլանեց «Bear Stearns» ներդրումային բանկը եւ «Washington Mutual» խնայողական բանկը։

Ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, բրիտանացի բանկիրները նույնպես հույս ունեն 2009թ. համար բարձր պարգեւավճարներ ստանալ։ Հարցման համաձայն, լոնդոնյան Սիթիի ֆինանսական ոլորտի կառավարիչների 40%-ը սպասում է, որ նախորդ տարվանից ցածր գումար չի ստանա։ Իսկ 39 տոկոսը համոզված է, որ այս տարի ավելի շատ են ստանալու։

«Bloomberg»-ը գնեց «Business Week»-ը

«Bloomberg» գործակալությունը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել «Business Week» ամսագրի ձեռքբերման հարցում։ Դրան նախորդել են մի քանի փուլով կայացած բանակցությունները ամսագրի սեփականատիրոջ՝ «The McGraw-Hill» ընկերության հետ։ Գործարքի գինը առայժմ չի հրապարակվում։

«Business Week» ամսագիրը հիմնադրվել է 1929թ.։ 80 տարվա պատմություն ունեցող հրատարակչությունը խնդիրներ ունեցավ համաշխարհային ճգնաժամի պատճառով։ Ցածր շահութաբերության եւ գովազդից ստացվող եկամուտների կտրուկ նվազման պատճառով ամսագիրը 2009թ. հուլիսին վաճառքի հանվեց։

Բացի «Bloomberg»-ից, որի սեփականատերը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է, «Business Week»-ով հետաքրքրված էին նաեւ «Zelnick Media» ներդրումային ընկերությունը, ինչպես նաեւ՝ «Platinum Equity» եւ «OpenGat Capital» ընկերությունները։ Վերլուծաբանների կարծիքով, «Business Week»-ի համար լավագույն գնորդը հենց «Bloomberg»-ն է, քանի որ այս գործակալությունը ամենաարդյունավետ կերպով կարող է վերականգնել բրենդի եկամտաբերությունը։

Հույները զրկվեցին մեքենաներից

Ճգնաժամի պայմաններում միջոցները տնտեսելու նպատակով՝ Հունաստանի կառավարությունը որոշել է կտրուկ նվազեցնել կառավարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների թիվը։ Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Յաննիս Ռագուսիսը։ «Կառավարությունը հույն ժողովրդից փոփոխություններ կատարելու մանդատ է ստացել, եւ կսկսի այդ փոփոխությունները ամենակարեւոր հարցից՝ ավելորդ ծախսերի կրճատումից»,- ասել է նախարարը։ Պաշտոնական տվյալներով, պետության տրամադրության տակ այսօր կա 57 հազար մեքենա։ Հսկայական այդ ավտոպարկը պահելու համար Հունաստանի հարկատուները տարեկան վճարում են 350 միլիոն եվրո։ Իսկ Աթենքի Ճարտարագիտական համալսարանի կատարած հետազոտության համաձայն, Աթենքի սահմաններում ամեն օր կատարվում է 6.5 միլիոն ավտոմոբիլային ուղեւորություն, որից 2.5 միլիոնը՝ ծառայողական մեքենաներով։ Միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսում են, որ Հունաստանի տնտեսությունը մինչեւ 2009թ. վերջը ռեցեսիայի մեջ կլինի։ Իսկ Հունաստանի Կենտրոնական բանկի գնահատականներով՝ բյուջեի դեֆիցիտը տարվա վերջին կկազմի ՀՆԱ-ի 12%-ը, ինչը 4 անգամ գերազանցում է եվրոյի գոտու երկրների համար թույլատրելի մակարդակը։ Ծառայողական մեքենաների թվի կրճատումը հոկտեմբերի 4-ի ընտրությունների արդյունքում իշխանության եկած ՊԱՍՕԿ կուսակցության ծրագրի դրույթներից մեկն էր։

Նախարարի խոսքերով, կրճատվելիք մեքենաների թիվն առայժմ հայտնի չէ։ Սակայն ցանկացած պետական հաստատություն, որն ունի 5 եւ ավելի ավտոմեքենա, պարտավոր է լինելու մանրամասն հաշվետվություն ներկայացնել դրանց օգտագործման մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող 250 մեքենաներից կվաճառվի 88-ը։ Բացի այդ, կառավարությունը նոր մեքենաների գնման համար ֆինանսավորում չի հատկացնի առաջիկա 3 տարիների ընթացքում։

Իշխանություններին անհանգստացնում է նաեւ հարցի բնապահպանական կողմը։ Այսուհետ չինովնիկները քաղաքում կարող են տեղաշարժվել միայն այնպիսի մեքենաներով, որոնց շարժիչի ծավալը չի գերազանցում 1600 խորանարդ սմ-ն։ Իսկ քաղաքից դուրս ուղեւորությունների համար օգտագործվելու են միկրոավտոբուսներ։ Շահագործման ժամկետն ավարտած պետական ավտոմեքենաները կփոխարինվեն հիբրիդային մոդելներով, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում։ Ընդ որում, մեքենաները ոչ թե կգնվեն, այլ ձեռք կբերվեն լիզինգով։

Քաղցածները շատացել են

Ֆինանսական ճգնաժամի ընթացքում աշխարհում կտրուկ մեծացել է քաղցածների թիվը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվության մեջ։ «1970 թվականից ի վեր առաջին անգամ քաղցած մարդկանց թիվն աշխարհում գերազանցեց 1 միլիարդը։ Դա պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային բնույթի այլ պատճառներով»,- նշված է փաստաթղթում։

Սովյալների թիվը, ըստ գնահատականների, կազմում է 1.02 միլիարդ մարդ։ Թերսնումից ամենից շատ տառապում են Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները (642 միլիոն մարդ), որին հաջորդում են Աֆրիկան (300 միլիոն), Լատինական Ամերիկան (53 միլիոն) եւ Մերձավոր Արեւելքը (42 միլիոն)։ Եվս 15 միլիոն մարդ, որքան էլ զարմանալի լինի, տառապում է թերսնումից՝ զարգացած երկրներում։ Ինչ վերաբերում է առանձին երկրներին, ապա ամենից վատ վիճակում են գտնվում Սոմալին, Աֆղանստանը, Եթովպիան, Իրաքը, Էրիթրեան, Սուդանը, Հաիթին, Բուրունդին, Լիբերիան, Անգոլան, Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան, Ուգանդան, Տաջիկստանը եւ Վրաստանը։

«Գազպրոմը» թափ է հավաքում

«Գազպրոմի» օրական արդյունահանման ծավալները գերազանցել են 1.4 միլիարդ խորանարդ մետրը՝ հասնելով 2008թ. հոկտեմբերի միջին օրական ցուցանիշին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Հոկտեմբերի 12-ին ընկերությունն արդյունահանել է 1.428 միլիարդ խորանարդ մետր գազ։ Դա ընդամենը 3 տոկոսով է զիջում 2008թ. հոկտեմբերի օրական միջինին։ 1.3 միլիարդ խորանարդ մետրի շեմը «Գազպրոմը» հաղթահարեց 2 շաբաթ առաջ։

Որոշ ժամանակ առաջ «Գազպրոմի» ղեկավարներից Ալեքսանդր Անանենկովը հայտարարել էր, որ 2009թ. գազի արդյունահանումը կարող է նվազել 22 տոկոսով՝ վաճառքի ծավալների կտրուկ նվազման պատճառով։ Սակայն աշխուժացող պահանջարկը ստիպել է վերանայել այս կանխատեսումը։

Այս տարվա հոկտեմբերին «Գազպրոմ Էքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարեց, որ 2009թ. երրորդ եռամսյակում «Գազպրոմի» արտահանումը վերադարձել է մինչճգնաժամային մակարդակին։ «Այս տարվա օգոստոսից սկսած՝ ամեն ամիս մենք մատակարարում ենք 1 միլիարդ խորանարդ մետրով ավելի շատ գազ, քան նախորդ տարի։ Այս ցուցանիշները գերազանցում են մեր կանխատեսումները»,- ասել է Մեդվեդեւը։

Նախորդ տարի «Գազպրոմի» (որն արդյունահանում է ռուսական գազի 80%-ը) արդյունահանումը կազմել է 550 միլիարդ խորանարդ մետր։ Սակայն հիմնական շուկաներում պահանջարկի կտրուկ անկումը այս տարվա սկզբից ստիպեց, որ աշխարհի մասշտաբով գազի խոշորագույն արտահանողը կրճատի արդյունահանման ծավալները։

Ավտոմեքենաներն ու ճգնաժամը

Ռուսաստանում ճգնաժամից ամենաշատը տուժել է ավտոարդյունաբերության ոլորտը, սակայն կառավարությունը հույս ունի հաջորդ տարի շտկել իրավիճակը։ Այդ մասին երեկ ՌԴ Պետդումայում հայտարարել է Ռուսաստանի Առեւտրի եւ արդյունաբերության նախարար Վիկտոր Խրիստենկոն։

Վերջինիս խոսքերով, մարդատար ավտոմեքենաների արտադրությունը 2009-ի տվյալներով ավելի քան 60%-ով կզիջի նախորդ տարվա ցուցանիշը։

Միեւնույն ժամանակ, մաքսային քաղաքականության ոլորտում կառավարության քայլերի շնորհիվ, հայրենական արտադրության մեքենաների վաճառքի տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ աճել է 11%-ով եւ այժմ կազմում է շուկայի 49%-ը։ Նախարարը նաեւ ավելացրել է, որ կառավարությունը շարունակելու է աջակցել տեղական ավտոարտադրողներին։ Ավտոտրանսպորտի պետական գնումների նպատակով մոտ ապագայում կհատկացվի եւս 20 միլիարդ ռուբլի։ Հասկանալի է, որ պետությունը գնելու է միայն ռուսական մեքենաներ։