Շաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձությունը, հարկավ, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների այցն էր Հայաստան: Այն պատշաճ ընկալման չարժանացավ: Ազգս նրանց սիրտն ու հավեսը չուներ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության համարյա սկանդալային գործընթացները ստվերել են բոլոր մյուս իրադարձությունները: Այնինչ ԱՄՀ գործադիր տնօրենների հայտարարություններն արժանի էին ուշադրության: Նրանք հաստատեցին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածը Հայաստանի համար սարսափելի մասշտաբներ ունի: «2009 թ. իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 15 տոկոսով»,- հայտարարեցին տնօրենները: Հայտարարեցին ու ավելացրին. «Նվազել են արտաքին ներհոսքերը եւ հարկային եկամուտները` թուլացնելով վճարային հաշվեկշիռը եւ պետական ֆինանսները»: Պարզվում է, որ ԱՄՀ գործադիր տնօրենները հասկանում են, որ «Այս զարգացումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծել Հայաստանի բնակչության համար»: Այսքան տխուր գնահատականներից հետո ենթադրվում էր, որ տնօրենները խոսելու են մեր իշխանությունների թերացումների մասին: Խոսելու են ու մի քանի խելոք խրատներ են տալու: Բայց ոչ: Գործադիր տնօրենները գովեստի խոսքեր ուղղեցին մեր իշխանություններին: Ավելին։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ իրենց կառույցի ու Հայաստանի համագործակցությունը գերազանց են գնահատում: Այսինքն` ԱՄՀ-ի առաջին դեմքերը մեր ՀՆԱ-ի 15 տոկոսանոց անկումը որակեցին մեր իշխանությունների փայլփլուն աշխատանքի արդյունք, որովետեւ նրանք «մարտահրավերներին արդյունավետ են դիմագրավել»: Իրենց ու մերոնց գովելուց հետո տնօրեններն ակնարկեցին, որ պատրաստ են Հայաստանին նոր պարտք տալ: Ակնարկեցին ու գնացին: Դժվար չէ տնօրենների խոսքում տրամաբանական հակասությունները նկատելը: Նույնիսկ իրենց համար դժվար չէ դա: Երեւի հենց այս պատճառով է, որ շատ մասնագետներ խոր վերապահումով են գնահատում ԱՄՀ-ի գործունեությունը: Ըստ այս մասնագետների՝ ԱՄՀ-ն իր գոյության ողջ ընթացքում չի կարողացել աջակցել որեւէ երկրի տնտեսական ճգնաժամերի հաղթահարման հարցում: Ավելին՝ աշխարհում քիչ չեն մասնագետներն, ովքեր ԱՄՀ գործունեությունը բացասական են գնահատում: Նրանք պնդում են, որ ԱՄՀ գործունեության բուն նպատակը զարգացող երկրներին խանգարելն է: Տնտեսական հսկաների ֆինանսավորմամբ գործող այս կառույցի բուն նպատակը զարգացող երկրներին տնտեսական կցորդ դարձնելն է: Դրա ամենաարդյունավետ ճանապարհը զարգացող երկրներին «վարկային ասեղի վրա նստեցնելն է»: Անհեթեթ` ասենք կառուցվածքային բարեփոխումների, կամ անարդյունավետ ծրագրերի համար տրվող վարկերը ուռճացնում են տվյալ երկրի արտաքին պարտքը: Ուռճացնում եւ դրա մարումը դարձնում համարյա անհնար խնդիր: Արտաքին պարտքը մարելու համար այս երկրները ստիպված են լինում նոր պարտք վերցնել ու անմիջապես վերադարձնել, խճճվելով պարտքերի մեջ: Իհարկե, կարելի է արդարացնել ԱՄՀ-ին, ասելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ճակատագիրը: Ոչ ոք որեւէ երկրի չի ստիպում պարտք վերցնել, կամ անարդյունավետ մսխել վերցրածը: Պարզապես թույլ տնտեսություն ունեցող երկրների համար դժվար է դիմանալ էժան փող ձեռք բերելու գայթակղությանը: ԱՄՀ ներկայացուցիչները երբեք առիթը բաց չեն թողնում նշելու, որ իրենց կառույցը զուտ տնտեսական է եւ քաղաքական նպատակներ չի հետապնդում: Քաղաքական նպատակներ չհետապնդող այս կառույցի գործունեությունը մշտապես համընկնում է զուտ քաղաքական գործընթացների հետ: Հենց մեր իշխանությունները ակտիվ քաղաքականություն սկսեցին հայ-թուրքական սահմանների բացման ուղղությամբ, ԱՄՀ գործադիր տնօրենները զուտ պատահական համընկնումով ժամանեցին Հայաստան: Ժամանեցին, ՀՆԱ-ի 15 տոկոսանոց անկումը հաշվի չառնելով՝ գովեցին մեր իշխանություններին: Ասացին, որ իրենք մշտապես կողմ են բաց սահմաններին: Ակնարկեցին նոր վարկեր տրամադրելու հնարավորության մասին: Ու մեկնեցին: Մեկնեցին՝ քաղաքականության մասին ոչ մի բառ չարտասանելով: Ա՛յ այսպիսի պատահական զուգադիպություն: Զուգադիպություն, որի համանման օրինակները քիչ չեն ու շատերին հիմք են տալիս հակառակ եզրակացություն անելու: Ասելու, որ ԱՄՀ-ն ու մյուս միջազգային ֆինանսական կառույցները քաղաքական նպատակներ են հետապնդում: Հայաստան այցելած գործադիր տնօրենները մեր կառավարությանը գովեցին շատ տարօրինակ մի պահի: Հայոց նորօրյա պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը բարձրաձայն խոսեց իր սխալի մասին: «Շահող կտրոն» սիրասուն բարեփոխումը տապալվեց: Ըստ մեր կառավարության՝ տապալվեց իրենց սխալ հաշվարկների պատճառով: «Շահում եք դուք, շահում է պետությունը»,- 10 ամիս շարունակ համոզում էր կառավարության պատրաստած գովազդը: Հիմա կառավարությունն ասում է, որ «Դուք շահեցիք, բայց պետությունը կորցրեց»: Հետեւաբար, դուք այսուհետ չեք շահելու: Կառավարությունն էլ թույլ չի տա, որ շահեք: Որովհետեւ բարեփոխումի 10-րդ ամսին գլխի է ընկել, որ սխալվել է: Գլխի է ընկել ու արժանացել ԱՄՀ գործադիր տնօրենների գովասանքին: ՀՆԱ-ի 15 տոկոսանոց անկումը գովասանքի բավարար հիմք էր: Իսկ 25 տոկոսը` գուցե Նոբելյան մրցանակի ձգեր: Խառնակ ժամանակներ են: Հետեւաբար՝ գլխի չես ընկնի՝ ինչի համար գովասանքի կարժանանաս, եւ հակառակը: