Արեւմուտքի թելադրանքով

15/10/2009

Ադրբեջանական «Lider.TV» հեռուստաընկերության փորձագետ Թոֆիկ Աբասովի կարծիքով՝ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն թե հայկական եւ թե թուրքական խորհրդարաններում: «Իրադարձությունների զարգացման ուղղությանը հետեւելիս տեսնում ենք, որ թե Հայաստանը, եւ թե Թուրքիան առասպելներ են հորինում այն բարդությունների վերաբերյալ, որոնք իբր ուղեկցել են Շվեյցարիայում Արձանագրությունների ստորագրման գործընթացին: Իրականում, երկու կառավարություններն էլ` Արեւմուտքի սատարմամբ, մանրամասնորեն պատրաստվել են այս գործընթացին: Իրենք իրենց հաշվետու չեն, որ Կովկասում իրավիճակը լիակատար կերպով կարգավորելու համար հարկավոր է հաշվի առնել նաեւ Ադրբեջանի շահերը»,- հայտարարել է Աբասովը: Նրա կարծիքով, Թուրքիան գործել է Արեւմուտքի թելադրանքով, որին ներկա պահին ծայրահեղ անհրաժեշտ է միավորներ հավաքել դիվանագիտական ճակատներում: Աբասովը նաեւ հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչեւ այս տարվա ավարտը: «Ինձ թվում է, որ դա հենց այդպես էլ ծրագրված է: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները շատ լավ են ընդունել երկու երկրների հաշտությանը տանող առաջին քայլը, եւ գործընթացի հանգուցային խնդիրներից մեկն էր հանդիսանում սահմանի բացումը: Կարծում եմ, որ սահմանները կբացվեն մինչեւ այս տարվա ավարտը, իսկ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացն էլ ավելի կարագացվի: Հակառակ դեպքում ողջ լավատեսական մթնոլորտը կարող է հօդս ցնդել»,- եզրափակել է ադրբեջանցի փորձագետը: