Օգոստոսի 9-ին Վանաձորի Գր. Լուսավորչի 38 հասցեում, «Յունիբանկի» եւ
«Գրոսս-հոթել» հյուրանոցի առջեւ գտնվող մայթի վրա արտակարգ իրավիճակ էր:
Այն բանից հետո, երբ նախորդ օրը «Հակաստվեր» կազմակերպության
հեռուստաօպերատորը նկարահանել էր մայթի վրա դիզված մարդաբոյի հասած
աղբակույտը, աղբահավաքներն, ի վերջո, սկսել էին ժրաջանորեն հավաքել աղբը:
Իսկ աղբահավաք մեքենան, դեռ աղբի դեզին չմոտեցած՝ շրջվել-ընկել էր
ավտոճանապարհին գտնվող ցեխափոսը (որն էլ գոյացել էր անհաջող ասֆալտապատման
եւ ջրագծերի մշտական վթարների հետեւանքով): Դեպքի վայր էին ժամանել
Ավտոտեսչության եւ Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցներ: 20-30
րոպե անց մեքենան ոտքի կանգնեցրին՝ ամբարձիչ 2 կռունկների օգնությամբ:
Բարեբախտաբար, վարորդը չէր տուժել: Տարածքի բնակիչների հավաստմամբ, 3 օր
առաջ այդ փոսում էր հայտնվել նաեւ «Երազ» մակնիշի մի մեքենա: Ինչ
վերաբերում է այդտեղի սանիտարահիգիենիկ կեղտոտ վիճակին, որ պարբերական
բնույթ է կրում, ապա պատճառն այն է, որ վերջերս տեղադրված 3 աղբարկղերը
«վռնդվել» են, քանի որ ոմանց ձեռնտու չէ այն, իսկ ում ձեռնտու է՝ նա էլ
հարկադրված աղբը դատարկում է մայթի վրա: Կարծում ենք, ճիշտ կլիներ
աղբարկղերը տեղադրել բակերի ներսում, եւ ոչ թե այնտեղ, որտեղ մշտապես
բանջարեղենի բացօթյա առեւտուր է իրականացվում, դիմացի մայթին մթերային
խանութ է, մոտ տարածության վրա էլ՝ հյուրանոց եւ բանկ: Օգոստոսի 10-ի
դրությամբ տարած-ետ բերած մի աղբարկղ կրկին հայտնվել էր: