Դիվանագիտությունը՝ որպես հաղորդակցության կարեւորագույն միջոց

14/10/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հարգելի ընթերցող, շարունակում ենք դիվանագիտական արվեստի եւ տեխնիկայի վերաբերյալ մեր հոդվածաշարը: Նոր տպագրվող նյութերում մենք որոշ չափով կանդրադառնանք քննարկվող թեմայի հոգեբանական ասպեկտներին` դրանք վերլուծելով տեսական եւ պրակտիկ տեսանկյունից:

Եթե չկա էմպատիա` զրույցն անօգուտ է

Հաղորդակցության բոլոր ձեւերի, հատկապես զրույցի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է դրանցում էմպատիայի առկայությամբ: Էմպատիան իդենտիֆիկացիայի` նույնացման հատուկ ձեւ է: Այս տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել Զիգմունդ Ֆրեյդը: Էմպատիայի օգնությամբ անվանի հոգեբանը նկարագրում է մարդու` իրեն ուրիշի տեղը դնելու եւ նրա ապրումները կիսելու հատկությունը: Այն կարելի է անվանել նաեւ շրջապատին ապրումակցելու ունակություն: Ֆրեյդի աշակերտ պսիխոանալիտիկ` հոգեվերլուծաբան Ալֆրեդ Յունգը այն անվանել է «ուրիշին զգալու ունակություն» («fellow feeling»): Խոսքը միայն զրույցի մասին չէ: Մարդկային հաղորդակցությունը, նրանց փոխգործողությունները ամբողջովին պայմանավորվում են ապրումակցումով: Փիլիսոփա Սալվադոր Վ. Դիդատոն գտնում է, որ «ապրումակցումը շրջապատի մարդկանց նկատմամբ հոգատարության, հետաքրքրություն ցուցաբերելու տարատեսակ է»: Նրա կարծիքով՝ այս հատկությունը` նմանակելով մեծերին, մարդիկ ձեռք են բերում վաղ մանկության հասակում: Տարիքի հետ էմպատիայի աստիճանական զարգացումը փաստում է նաեւ Էրիկ Էրիկսոնը, երբ ասում է. «Հենց որ ձեր մոտ ձեւավորվում է պարզորոշ եւ հստակ պատկերացում անձամբ ձեր մասին, դուք արդեն պատրաստ եք փոխկապակցվելու այլ մարդկանց հետ»:

Էմպատիան ծագում է հունարեն «pathos» բառից, որը նշանակում է տառապանքի հասնող ուժեղ, խորը զգացում, իսկ «em» նախածանցը` ուղղվածություն դեպի անձի ներաշխարհը: Էմպատիայի մեխանիզմը սկսում է գործել այն ժամանակ, երբ անհատը թափանցելով ուրիշի զգացմունքների մեջ՝ կարծես թե միաձուլվում, տարրալուծվում է դրանցում: Տեղի է ունենում անձերի հաղորդակցություն, փոխազդեցություն, փոխներգործություն, մեկի պրոյեկտումը` տեղակայումը մյուսի հետ, որի հետեւանքով մարդիկ հասնում են փոխըմբռնման: Հոգեբանները էմպատիան բնորոշում են որպես հոգեբանական բարդ եւ մի փոքր առեղծվածային երեւույթ։

Ավստրիացի նշանավոր հոգեբան Ալֆրեդ Ադլերը էմպատիան համարում է մարդկանց փոխհարաբերությունների անհրաժեշտ պայման: «Էմպատիան առաջանում է մարդկային մի էակի` մյուսի հետ խոսակցության ժամանակ: Անհնար է հասկանալ զրուցակցին՝ առանց նրա հետ նույնանալու: Երբ մենք փորձում ենք պարզել, թե որտեղից է առաջանում բոլորովին այլ մարդու նման գործելու եւ զգալու ունակությունը, հայտնաբերում ենք, որ նման հատկությունը բացատրվում է ընդհանրության բնածին զգացմունքի առկայությամբ: Հասկանալի է, որ դա տիեզերական զգացողություն է, մեր կապի արտացոլումը ողջ աշխարհակառուցվածքի հետ, դա մարդկային ցեղի պատկանելության անքակտելիությունն է»:

Ըստ ամերիկյան հոգեբան եւ հոգեբույժ Կարլ Ռոջերսի, էմպատիան այլոց զգացմունքները ճիշտ ընկալելու, դրանք կիսելու, հասկանալու եւ ընդունելու հատկություն է, անգամ՝ եթե դու համաձայն չես նրանց հետ եւ կյանքի ու երեւույթների նկատմամբ ունես տարբեր սկզբունքներ, մոտեցում եւ վարվելակերպ: Էմպատիայի մեխանիզմը կիրառելով պրակտիկ հոգեբուժության մեջ` Ռոջերսը անցյալ դարի 60-ականներին հասավ շլացուցիչ հաջողության: Նրա մեթոդը իր նշանակությամբ հոգեբուժության մեջ համարվում է հոգեվերլուծությունից հետո երկրորդը:

«Հասկացիր ինձ», «մտիր դրությանս մեջ», այս եւ նման առօրեական արտահայտություններն արտաբերելիս՝ մենք մեզ հաշիվ չենք տալիս, որ այդ պարզունակ մտքերի վրա է հենված հաղորդակցության բանալին: Բանակցել՝ նշանակում է համոզել, իսկ համոզելու համար պետք է ունենալ ադեկվատ` համապատասխան մոտեցում: «Եթե ցանկանում ես համոզել ինչ-որ բանում, անհրաժեշտ է հաշվի նստել այն մարդու հետ, որին ուզում ես համոզել»,- ասել է Պասկալը: Իսկ դիալեկտիկայի հայր Սոկրատը կյանքի վերջում հայտարարելով, որ իր դավանած պոստուլատն այն մասին, թե կյանքում ամեն ինչ կարելի է ըմբռնել բանականությամբ` ճիշտ չէ, բացականչել է. «Հասկանալ, որ ուրիշը` դա դու ես»:

Դեռեւս Քրիստոսի ծնունդից էլ առաջ աշխարհի լավագույն ուղեղները, այդ թվում՝ Զարատուստրայի հետնորդները Պարսկաստանում, Կոնֆուցիայի, Բուդդիզմի, Դաոսիզմի կողմնակիցները հազարամյակներ շարունակ ուսումնասիրել են մարդկային հաղորդակցության արվեստը, եւ միայն Հիսուսն է այն ամփոփել մեկ նախադասության մեջ. «Ամեն ինչում մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վերաբերվեն քեզ»: 20-րդ դարի տաղանդավոր գործարարներից մեկը` Հենրի Ֆորդը, իր իմպերիայի առաջընթացը փաստորեն պայմանավորում է մարդկային հարաբերություններում էմպատիայի առկայությամբ. «Հաջողության միակ գաղտնիքը,- ասում է նա,- կայանում է ուրիշի տեսակետը հասկանալու, խնդիրը ոչ միայն քո, այլեւ նրա դիրքերից տեսնելու մեջ»: Ընդ որում, շատ կարեւոր է, կարողանալ հաղորդակցության ընթացքում հնարավորինս լինել զրուցակցի «կողմից», ինչ-որ մի տեղ մոռանալ ինքդ` քեզ, ժամանակավորապես անտեսել քո հետաքրքրությունները: Մեջբերենք ֆրանսիացի գրող, մարդկային հոգեբանության նուրբ գիտակ Անդրե Մորուայի խոսքերն այն մասին, որ «եթե մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, անհրաժեշտ է ուրիշների հետ խոսել ոչ թե այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում, այլ այն մասին, թե ինչն է նրանց հետաքրքրում»:

Հուզական ինտելեկտի տեսության հիմնադիր Դէնիել Գոուլմանը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հետ շփվելիս, հաջողության հասնելու համար ձեր էմպատիայի օգտակար գործողության գործակիցը` EQ-ն, պակաս կարեւոր չէ, քան ձեր ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը` IQ-ն: Էմպատիան նա համարում է զրուցակցի խոսքերին զգայուն եւ ուշադիր վերաբերվելու հատկություն, դրանց իմաստը իսկապես հասկանալու կարողություն ու ցանկություն: Սակայն շատ կարեւոր է էմպատիան տարբերել կարեկցանքից եւ բարյացակամությունից: Լինելով հաղորդակցության ֆենոմեն, սրանք միանգամայն տարբեր կատեգորիաներ են: Իրոք, երբ դուք կարեկցում եք մարդուն, ապա նրա նկատմամբ տածում եք խղճահարություն: Երբ բարյացակամ եք` մաղթում եք նրան հաջողություն: Բայց դա ձեր զգացմունքն է: Դուք չգիտեք, թե նա ինչ է զգում, չեք ձգտում դա հասկանալ, այլ պարզապես վշտանում եք, որ նա իրեն վատ է զգում, ցանկանում եք, որ նա դուրս գա այդ վիճակից: Մինչդեռ էմպատիայի դեպքում դուք ոչ թե կարեկցում եւ համակրում եք նրան, այլ կարծես թե «մտնում եք» նրա ոգու եւ զգացմունքների մեջ, նրա «մաշկի» տակ, ձեզ դնում եք նրա տեղը:

Նախագահական ընտրություններից առաջ հրատարակած իր «Հույսի հանդգնություն: Խոհեր ամերիկյան երազանքի վերածննդի մասին» գրքում Բարաք Օբաման հատուկ տեղ է հատկացնում մարդկային հաղորդակցությունում փոխգործակցության ֆենոմենին: «Դա (փոխգործակցությունը.- Ա.Ն.) իմ բարոյական կոդեքսի անկյունաքարն է,- գրում է նա,- ես հենց այսպես եմ հասկանում «ոսկյա օրենքը»: Ոչ միայն խղճահարություն եւ կարեկցանք, այլ մեկ այլ ավելի խորը բան` ուրիշի դրության մեջ մտնելու, նրա տեսակետը հասկանալու կարողություն»: Այդ սկզբունքը Օբաման տարածում է կյանքի բոլոր ոլորտների վրա: Նա փորձում է հասկանալ անգամ իր քաղաքական հակառակորդի տեսակետը: Համաձայն չլինելով Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական քայլերի հետ, նա ասում է. «Ես ինքս անպայման պետք է փորձեմ ջանալ աշխարհին նայել Ջորջ Բուշի աչքերով, չնայած շատ հարցերում նրա հետ բացարձակ համաձայն չեմ»: Հետաքրքիր է տեսնել, որ Բարաք Օբաման էմպատիայի այս դասական օրինակը աշխատում է դնել գործնական հարթության վրա. «Անշուշտ, փոխհասկացողության զգացմունքը դեռ ամենը չէ: Չէ՞ որ մեծ հաշվով խոսքերը ինքնին ոչինչ չեն նշանակում: Ինչպես ամեն մի արժեք, այնպես էլ փոխգործակցությունը առաջին հերթին ապացուցվում է գործով»,- հայտարարում է Օբաման:

…Էմպատիայի երեւույթը ներկայումս ակտիվ ուսումնասիրվում է պրակտիկ դիվանագիտության տեսանկյունից, մինչդեռ այն ուղեկցել է մարդկանց` նրանց հարաբերությունների զարգացման ողջ ընթացքում: Երբ Արիստոտելը խոսում էր զրուցակցի բարեհաճությունը շահելու մասին, նա, փաստորեն, նկատի ուներ այն` ինչը հետագայում անվանվեց էմպատիա: Էմպատիան սերտորեն կապված է դիվանագիտական զրույցի, բանակցային դիվանագիտության եւ ընդհանրապես դիվանագետի գործունեության հետ: Պրոֆեսիոնալ դիվանագետները, որոնք ճնշող մեծամասնությամբ անթերի կրթված եւ լայն զարգացման տեր անձինք են, շատ լավ գիտեն այս ամենը եւ հաջողության հասնելու նպատակով հնարավորինս ձգտում են հաշվի առնել դիմացինի տեսակետը, իրադրությանը եւ իրադարձություններին նայել նաեւ նրա տեսանկյունից, նրա աչքերով: Շփումը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե դուք հրաժարվում եք առաջնորդվել միայն ձեր սկզբունքներով: Աշխատում եք զրուցակցին ցույց տալ, որ նրա մտքերը եւ զգացմունքները ձեզ համար նորություն են, հետաքրքիր են, անգամ` իմաստալից: Հետո արդեն ձեր մտքերը ձեւակերպում եք այն հաշվով, որ նրանից լսեք այն, ինչը կուզեիք լսել:

Տեխնիկական մի հարցի կապակցությամբ Կենտրոնի թույլատրությունը ստանալու համար ինձ հանձնարարվեց կազմել կարճ հեռագիր: Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպան Նիկոլայ Լունկովը գրեթե ամբողջովին փոխեց տեքստը, հետո տեսնելով շփոթվածությունս, մեղմ տոնով նկատեց. «գրեք այնպես, որ ձեր ցանկացածը ստանաք պատասխան հեռագրում: Դրանում է դիվանագետի վարպետությունը»:

Հեղինակի անձնական արխիվից

Զրույցի ընթացքում եղեք պարզ, անպաճույճ` խոսքով ու պահվածքով: Երբեք մի «կոտրատվեք», եւ Աստված մի արասցե, որ դուք սեթեւեթեք: Հիշեք, որ հաջողության հիմնական գրավականներից մեկը անկեղծությունն է, մեկ էլ այն, որ դուք երբեք ձեզ չհամարեք զրուցակցից ավելի խելացի ու փորձառու: Եթե այս ամենի կողքին կարողանաք հնարավորինս հաշվի նստել զրուցակցի տեսակետի հետ, ապա փոխըմբռնման հասնելու հավանականությունը խիստ կմեծանա: Սակայն դիվանագետի պրակտիկ գործունեությունում մեկմեկու լսելու, միմյանց հասկանալու, հարգելու եւ, վերջապես, փոխհամաձայնության հասնելու պրոցեսը շատ ավելի բարդ է եւ դժվարամատչելի, քան այն տեսության սահմաններում է: Ուստիեւ պահանջում է հոգեբանական մի շարք պատնեշների եւ քաղաքական-գաղափարախոսական մտածելակերպի ստերեոտիպերի` կարծրատիպերի շրջանցում, որը բարդ է, երբեմն՝ անհեռանկարային: Հավանաբար դա նկատելի ունենալով է, որ անգլիացի անվանի դիվանագետ, տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը, որի «Դիվանագիտություն» մենագրությամբ դաստիարակվել են դիվանագետների սերունդներ, էմպատիայի փոխարեն օգտագործում է «հարմարվել» բայը: Սակայն անգլերենում հարմարվել` to adapt, եւ հարմարվածություն` adaptation, հայերենի դեպքում, իմ կարծիքով, կրում է մի փոքր այլ` բացասական նյուանս: Նույնն է ռուսերենի դեպքում` պրիսպոսոբլյատ, պրիսպոսոբլենիե: Կարծում եմ՝ հազիվ թե Հայաստանի կամ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները հանձինս իրենց դեսպանների՝ կցանկանային տեսնել այլ պետությունների քաղաքական գծի հետ հեզորեն հարմարվող դիվանագետների: Չմոռանանք, որ հարմարվողականության բարձրագույն աստիճանը կոմֆորմիզմն է, որը դիվանագիտության մեջ հավասարազոր է իր երկրի շահերի անտեսման` ի օգուտ դեսպանընկալ երկրի շահերի: Սա արդեն անհարիր է դիվանագիտության օրենքների ոգուն եւ տառին, իսկ առանձին դեպքերում, նույնիսկ, կարող է սահմանակցել պետական դավաճանության հետ:

Դիվանագետի արժեքը կայանում է նրանում, որպեսզի նա կարողանա ճիշտ կողմնորոշվել էմպատիայի եւ հարմարվողականության միջեւ: Կարող է պարադոքս թվալ այն, որ էմպատիան` համարելով զրույցի անքակտելի պայման, մենք հիմա խոսում ենք նրա «վտանգավորության» մասին: Բայց դա այդպես է: Նրա հետ պետք է պարզապես զգույշ վարվել: Էմպատիա-հարմարվողականություն, էմպատիա-կարեկցանք հավասարակշռության խախտումը կարող է ունենալ անցանկալի հետեւանքներ: Էմպատիայի մեխանիզմը ճիշտ կարող է օգտագործել այն դեսպանը, որն ունի բանակցային մեծ փորձ եւ վերլուծական ունակություններ, լրիվ տիրապետում է թեմային, վայելում է հավատարմագրած երկրի ղեկավարության հարգանքը եւ իր նախարարի անվերապահ վստահությունը: Եվ, ընդհակառակը, դեսպանն ի վնաս իր երկրի շահերի` կարող է հարմարվել տեղի պայմաններին, եթե նա զուրկ է նշված բարեմասնություններից: Այս դեպքում արդեն էմպատիան աշխատում է դիվանագետի դեմ. նա կորցնում է իրողությունն օբյեկտիվ գնահատելու կարողությունը, վարդագույն ակնոցներով է նայում դեսպանընկալ երկրի իրականությանը, հետո, աստիճանաբար, տեղական հետաքրքրությունները վեր է դասում սեփական երկրի հետաքրքրություններից: Հատուկ ծառայությունները լավ իմանալով այս ամենը՝ փորձում են դիվանագետներին ներքաշել իրենց ցանցը: Պատմությանը հայտնի են նման դեպքեր, երբ այս եւ ուրիշ նախադրյալների համադրության դեպքում դիվանագետներ, անգամ դեսպաններ են հավաքագրվել այդ ծառայությունների կողմից: (Սա այլ թեմա է, որին մենք առանձին կանդրադառնանք):

Շարունակելի