Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են աճելու, ավելի մեծանալու: Այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Այն ավելի շատ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ոչ միայն:
Այն հիվանդություն է, որը մինչեւ այժմ պաշտոնապես բժշկության կողմից ուսումնասիրված չէ` հաշվի առնելով, որ կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Միգուցե կյանքին վտանգ չի սպառնում, բայց օրգանիզմի համար վնասակարությունը ակնհայտ է, քանի որ վիտիլիգոն հստակ հիշեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների մասին, ուրեմն եւ ապացուցում, որ այն ոչ միայն տհաճ կոսմետիկական արատ է: Հստակ պարզվել է, որ այս հիվանդությունը աուտոիմունային է: Ինչ է սա նշանակում. բանն այն է, որ հաճախ իմունային համակարգում որոշակի անհարթություններ են տեղի ունենում` այն սխալմամբ սեփական օրգանիզմի բջիջները ընդունում է օտար եւ սկսում դրանց որսը: Հայտնի է մոտ 80 տեսակի աուտոիմունային հիվանդություն: Դրանց թվին են պատկանում նաեւ առաջին տեսակի շաքարային դիաբետը, Կրոնի հիվանդությունը, հեպատիտի մի քանի տեսակներ, ռեւմատոիդ արտրիտը, կարմիր գայլախտը, փսորիազը:
Վիտիլիգո հիվանդության ժամանակ անհետանում են մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, եւ առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում են այն պիգմենտները, որոնք մաշկին բնական գույն են հաղորդում: Այն աստիճանաբար վերածվում է լուրջ պրոբլեմի: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ լողափին յուրաքանչյուր քսաներորդը տառապում է այս հիվանդությամբ, այսինքն` մոտ 40 մլն մարդ: Հիվանդությունը հավասարապես հանդիպում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց մոտ: Հիվանդությամբ կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում, բայց ավելի շատ հիվանդանում են մինչեւ 20 տարեկանը: Վիտիլիգոյով հիվանդները մեծ թիվ են կազմում հատկապես Արեւմտյան Եվրոպայի երկրներում: Նույնիսկ Իտալիայում ու Իսպանիայում բացվում են հատուկ կլինիկաներ` վիտիլիգոն բուժելու համար: Երկար ժամանակ այն նույնացվում էր բորոտության հետ: Բայց վիտիլիգոն ոչ վարակիչ է, եւ ոչ էլ ցավ կամ քոր է առաջացնում: Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, բայց ոչ թե հենց ինքը` վիտիլիգոն, այլ իմունային համակարգի ոչ նորմալ աշխատանքն է ժառանգաբար փոխանցվում: Այդ պատճառով վիտիլիգոն հաճախ չի հանդիպում: Այն ոչ միայն ժառանգաբար է փոխանցվում, այլ կարող է առաջանալ նաեւ տրավմաներից` հատկապես գլխի: Օրինակ` հիվանդության շատ դեպքեր կան, որոնք առաջացել են ավտովթարից հետո:
Վիտիլիգոն բուժելը այնքան էլ հեշտ չէ, միգուցե այն պատճառով, որ այն ոչ թե մաշկի հիվանդություն է, այլ ամբողջ օրգանիզմի: Գոյություն ունեցող բոլոր մեթոդները ուղղված են մաշկի վրայից բծերը վերացնելուն: Իսկ հայտնի է, որ մաշկը գունավորող մելանին պիգմենտը մելանոտրոպային հորմոնի կողմից արտադրվում է ոչ թե մաշկում, այլ հիպոֆիզում: Մասնագետների կարծիքով՝ հենց այդ գեղձի ոչ բավարար աշխատանքն էլ բերում է հիվանդության զարգացմանը: Առայժմ հիվանդությունը բուժում են համարյա միայն ուլտրամանուշակագույն ճառագայթներով: Այս հիվանդության համար շատ օգտակար է «սառը» արեւը, իսկ ահա հարավային արեւը` վնասակար է: Հիվանդությունը հաճախ սրվում է գարնանն ու ամռանը`տաք կուրորտներից հետո: Վիտիլիգոն հաջողությամբ բուժվում է Մեռյալ ծովում ու Իսրայելում:
Այս հիվանդության դեպքում փոքրիկ բծերը կարելի է քողարկել տոնային կրեմներով կամ արեւայրուքի համար նախատեսված քսուքներով: Արեւային օրերին տանից դուրս գալիս անպայման պետք է օգտագործել արեւից պաշտպանվելու միջոցներ: Պետք է օգտագործել A, B, C, E վիտամիններ, միկրոէլեմենտներ` ցինկ, մարգանցովկա, պղինձ:
Ժողովրդական այս մի քանի միջոցները մի քիչ թեթեւացնում են հիվանդության ընթացքը.
– Ջրոսպի փոշին խառնել մեղրի հետ ու խմել 1-2 գր. օրը 3 անգամ:
– Բծերին օրը 2 անգամ քսել խավարծիլի արմատների թարմ պատրաստված հյութը:
– Բծերը կարելի է մաքրել թեյի գույնով: Դրա համար 1 թեյի գդալ թեյի գույնի վրա լցնել բաժակի 1/4 եռջուր ու եռացնել 2-3 րոպե, այնուհետեւ քամել, սառեցնել մինչեւ մաշկի ջերմաստիճանին: Այն պահել սառնարանում, ոչ 2 օրից ավելի:
– Կարելի է ընդունել սրոհունդի լուծույթ` 1:10 հարաբերությամբ` օրը 3 անգամ 1 ճաշի գդալից, ուտելուց հետո: 3-շաբաթյա օգտագործումից հետո անպայման պետք է 1 շաբաթ ընդմիջում տալ: Բուժումը տեւում է 4-6 ամիս: Միաժամանակ խորհուրդ է տրվում նաեւ կատարել արտաքին բուժում` սրոհունդի յուղով: Այն պատրաստվում է սրոհունդից եւ բուսական յուղի 1:10 հարաբերությամբ: Այս խառնուրդը 3 ժամ տաքացնում են ջրային գոլորշու վրա, հետո լավ քամում են ու քսում բծերին: Սրոհունդը բարձրացնում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ, այդ պատճառով այս պրոցեդուրայից հետո կարելի է արեւային լոգանք ընդունել: Կարելի է սկսել 1-2 րոպեից: Բուժման ընթացքը տեւում է մոտավորապես 30 օր:
– Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկի բծերը ոչ բոլորովին, բայց գոնե մասամբ վերացնելու համար, ինչպես նաեւ՝ մարսողության խանգարման դեպքում:
– 40 կանաչ ընկույզի պտուղները 2 լ ջրում եփել մարմանդ կրակին մոտ 2 ժամ, այնուհետեւ ավելացնել 0,5 կգ մեղր կամ շաքար, եփել եւս 10 րոպե ու քամել: Ստացված օշարակից ընդունել օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Միաժամանակ ուտել եփած 1 ընկույզ:
Հետազոտողները պարզել են, որ պիպերինը, որով պայմանավորված է սեւ աղացած պղպեղի բաղադրության հիմնական համն ու հոտը, կարող է մաշկի համար խթանիչ հանդիսանալ: Այն կարող է օգնել վիտիլիգոյի բուժմանը: Պարզվել է, որ պիպերինը խթանիչ է հանդիսանում մելանոցիտների համար, եւ դրանք սկսում են արտադրել մաշկի համար անհրաժեշտ պիգմենտը` մելանինը: