Ի՞նչ է նեւրաստենիան

14/10/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Այս թեմային անդրադառնալու պատճառը մեզ ուղարկված նամակներից մեկն է: Այն գրում է
28 տարեկան մի կին, ով իր անունը չի նշել:

«Ես 28 տարեկան եմ: Արտաքինից երեւում եմ շատ ինքնավստահ կին: Բայց իրականում շատ սուր արձագանքում եմ այն ամենին, ինչ վերաբերում է ինձ: Այս դեպքերում ձեռքերս սկսում են դողալ, իսկ վերջին ժամանակներս սրտիս շրջանում ծակոցներ եմ զգում, չնայած որ մտահոգվելու խնդիրը կարող է պահի մանրուքը լինել: Ընկերներիս «թեթեւ նայիր» արտահայտությունն ինձ համար չէ: Ամուսնացած եմ, ունեմ ամուսին եւ 4 տարեկան երեխա, իսկ ամենավատն էլ այն է, որ նյարդային նոպաներիս թիրախն էլ հենց նրանք են դառնում: Հետո զղջում եմ, նույնիսկ` լաց լինում: Հոգնել եմ բոլորի ու ամեն ինչի առաջ մեղքի զգացում ունենալուց: Ուզում եմ ապրել հոգու հանգստությամբ»:

Նկարագրված ախտանիշներով հիվանդությունը բժշկության մեջ անվանվում է նեւրասթենիա:

Նեւրասթենիան ներկայումս բավական տարածված հիվանդություն է: Բառացի նշանակում է՝ նյարդաթուլություն, որն առաջանում է հոգեցունց գործոնի երկարատեւ ազդեցությունից եւ օրգանիզմի հյուծումից: Ինչպես բոլոր նեւրոզների, այնպես էլ նեւրասթենիայի հիմքում ընկած է ներքին հոգեկան կոնֆլիկտը: Հաճախ անձնական կյանքից հիասթափված մարդը տանը քիչ գտնվելու նպատակով ողջ օրն անցկացնում է աշխատանքի վայրում: Որոշ ժամանակ անց առաջանում է նեւրասթենիա: Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նեւրոզի պատճառն ուժից վեր աշխատանքն է, մինչդեռ` անձնական կյանքի դրաման է:

Նեւրասթենիայով տառապողները սովորաբար գանգատվում են շուտ հոգնելուց, դառնում են ցրված, ձայների, լույսի նկատմամբ գերզգայուն, հիշողությունը թուլանում է (չեն կարողանում կենտրոնանալ, որպեսզի մտապահեն դեպքերը, փաստերը), սկսվում են գլխացավեր, մարսողական համակարգի, սրտանոթային համակարգի, սեռական ֆունկցիայի խանգարումներ, անքնություն: Նեւրասթենիկները լինում են դյուրագրգիռ, անհամբեր, մռայլ, թուլակամ, դառնում են անաշխատունակ, շուտ են հոգնում: Գիշերը տանջվում են մղձավանջային երազներից, ցերեկը լինում են թմրած, քնկոտ: Մի բանով շուտ հրապուրվում են, շուտ էլ հիասթափվում: Արագորեն վճիռներ են կայացնում, արագ էլ թեւաթափ լինում: Հաճախ դյուրագրգռությունն ու անհամբերությունն ընդհանուր թուլության եւ ընկճվածության հետ հանդես են գալիս միաժամանակ:

Նեւրասթենիայի, ինչպես եւ բոլոր նեւրոզների դեպքում օրգանիզմում ախտաբանական լուրջ շեղումներ չեն նկատվում: Հիվանդին կարող է թվալ, թե ուր որ է սիրտը կկանգնի, օդի պակասից շնչահեղձ կլինի, վերջույթները շատ սառելուց կփայտանան եւ այլն: Մինչդեռ մանրակրկիտ հետազոտությունից պարզվում է, որ սիրտը, արյունատար համակարգը, շնչառական օրգանները միանգամայն առողջ են, եւ, որ այդ ամենը գերզգայունության արդյունք է միայն: Այդ պատճառով նեւրասթենիայի արտահայտվածությունը կախված է տվյալ անհատի կողմից իր վիճակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի աստիճանից:

Օրինակ` պատահում է, որ սեռական կյանքում անփորձ երիտասարդը պատահական անհաջողությունից խիստ ընկճվում է եւ տագնապով սպասում հաջորդ փորձությանը: Նման հոգեվիճակում ձախողվում են նաեւ հետագա փորձերը, եւ նա վերջնականապես «համոզվում է», որ ինքը տառապում է սեռական թուլությամբ: Անորոշ վախը, տագնապը վերածվում են ինքնաանբավարարության` առաջանում է նեւրասթենիա: Սովորաբար նման հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, ընդունում են տարբեր դեղամիջոցներ, տեղային բուժումներ, սակայն անօգուտ: Ավելին, նրանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, թե ինքը լուրջ, անբուժելի հիվանդ է: Խուճապն ուժեղանում է, եւ նա հուսալքված դիմում է հոգեբույժի օգնությանը: Երբ հիվանդի համար պարզվում են սեռական կյանքի հոգեբանական մեխանիզմները եւ իր սեռական թուլության անցողիկ, ֆունկցիոնալ բնույթը, նա միանգամից խաղաղվում է եւ հուսադրվում: Նման դեպքերում հենց սկզբից պետք է դիմել բժշկի, կանխելու համար հետագա բարդությունները:

Նեւրասթենիայի բուժումը սկզբնական էտապում պետք է ուղեկցվի ռեժիմի կարգավորմամբ` քուն, աշխատանք, հանգիստ եւ այլն: Պետք է հնարավորինս զերծ մնալ զգացմունքային գերհոգնածությունից` անհրաժեշտության դեպքում` նույնիսկ փոխել աշխատանքը: Նեւրասթենիայի ծանր դեպքերը բուժվում են ստացիոնար պայմաններում` հակադեպրեսանտներով ու տրանկվիլիզատորներով: Բուժման արդյունքը գրեթե միշտ դրական է: