Ռիչարդ Բրոթիգան «Կոլաժ անորսալի ձկներով»

14/10/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Անքնություն

Գիշերային երկինքը, ասես թղթի պատճեն
կապտամառ, աստղերի կետերով ծածկված.
Նրա միջով, հանց դռան դիտանցքի, ծորում է
լույսը, լույսը ճերմակոսկր, հանց մահը
կեցած ետեւում ամենայնի.
Աստղերի հայացքի եւ լուսնի հորանջոցի
ներքո նա տառապում է անքնությունից…

Սիլվիա Պլաթ

60-ական թվականների եւ 70-ականների գրական կուռքերից մեկը, բիթնիկներից վերջինը, բանաստեղծ, արձակագիր, ըստ գրականագետներից մեկի բնորոշման՝ «Ժամանակակից Մարկ Տվենը», բանաստեղծական տասը ժողովածուների, ինչպես նաեւ տասնմեկ վեպերի եւ բազում պատմվածքների ու մանրապատումների հեղինակ Ռիչարդ Բրոթիգանը, ով 49 տարեկանում ինքնասպան եղավ, համարյա անհայտ է մնացել հայ ընթերցողին:

Ռիչարդ Բրոթիգանի բանաստեղծություններն ու արձակն առանձնանում են նուրբ, համարյա անորսալի հումորով, մանրամասների հանդեպ սեւեռուն ուշադրությամբ, շրջված տրամաբանությամբ, յուրահատուկ աշխարհայացքով, որը թույլատրում է խոսել նրան ներհատուկ «աղճատման զգացողության» մասին, ինչը, թերեւս միանգամայն այլ կերպ, հիշեցնում է Ֆրենսիս Բեկոնի նկարչությունը:

Ռիչարդ Բրոթիգանը երկար տարիների անհայտությունից հետո մեկեն համընդհանուր ճանաչման հասավ Ամերիկայում եւ Եվրոպայով մեկ՝ իր «Ձկնորսությունն Ամերիկայում» (ըստ մի այլ թարգմանության՝ «Իշխանի որսը Ամերիկայում») վեպի հրապարակումից հետո, որը կարող էր դառնալ սյուրռեալիստների մանիֆեստներից մեկում հիշատակած «ավտոմատիկ գրի» կատարյալ նմուշը: «Ձկնորսությունն Ամերիկայում» վեպը սյուրռեալիստներին անրջված եւ ահա կատարելապես մարմնավորված երազանքն է` պատկերների անսպասելի ու նրբահյուս անցումները, անտրամաբանական ու վայրիվերո, մտահնար ու ապշեցուցիչ փոխաբերությունները, միմյանց մեջ փոխներթափանցող տրամադրությունների ծորանքը, ինչ-որ գործընթացների ու վերացական հասկացությունների մարդկայնացումն ու շոշափելի դառնալը: Կարդալուց զատ, այն հարկ է ունկնդրել` տեքստի ներգործությունն այստեղ շատ բաներով բացատրվում է ռիթմիկ-շարահյուսական յուրահատկություններով, որոնք տեղ-տեղ հիշեցնում են Թելոնիուս Մոնքի անմոռանալի իմպրովիզացիաները:

Եվ «Ձկնորսությունն Ամերիկայում», եւ հատկապես «Մարգագետնի վրեժը» պատմվածքների ժողովածուն, որտեղից էլ վերցված են այստեղ ներկայացվող գործերը, կարծես թե սովորական բաների մասին են, սակայն յուրաքանչյուր պատկեր, ինչպես, ասենք, «նոնսենսի» վարպետներ Լյուիս Քերոլի եւ Էդվարդ Լիրի գործերում, միաժամանակ անդրանցական է:

«Մարգագետնի վրեժը» շատ հաճախ մանկական գիտակցության եւ ձայներանգի վերապրում է, սակայն բոլոր զուգորդումները, հիշատակվող դեպքերն ու անունները, պատկերներն ու փոխաբերությունները արդեն հասուն շրջանի փորձից են:

Ռիչարդ Բրոթիգանի այս սյուրռեալիստական կոլաժներ հիշեցնող պատմվածքներն ընթերցելիս, մտաբերվում է Լոտրեամոնի հիշատակած «Կարի մեքենայի եւ հովանոցի հանդիպումը` վիրահատական սեղանի վրա»:

Մեկ օր 1939-ին

Սա հավերժական պատմություն է, որը ես պատմում եմ իմ չորս տարեկան աղջկան: Նա դրանից ինչ-որ բան է պեղում եւ ուզում է այն լսել դարձյալ ու դարձյալ:

Երբ արդեն քնելու ժամն է, նա ասում է.

– Հայրիկ, պատմի, թե ոնց դու փոքր էիր ու մտար այն քարի մեջ:

– Լավ:

Նա իր շուրջն է բոլորում վերմակը, հանց հնազանդ ամպեր, մատը բերանն է կոխում եւ երկնագույն աչքերով ուշադիր նայում է ինձ:

– Մի անգամ, երբ ես դեռ փոքր էի, ինչպես դու հիմա, հայրս ու մայրս ինձ վերցրին զբոսախնջույքի Մայնթ-Ռեյնիի վրա: Մենք այնտեղ հասանք հին մեքենայով եւ ճամփամիջին մի եղնիկ տեսանք:

Մենք եկանք մարգագետին, ծառերի ստվերում ձյուն էր, եւ մեկ էլ այնտեղ, ուր արեւ չէր ընկնում:

Մարգագետնում վայրի ծաղիկներ էին աճում, շատ գեղեցիկ: Մարգագետնի մեջ մի վիթխարի կլոր քար էր ընկած, հայրդ մոտեցավ դրան, մեջտեղում մի ծակ գտավ ու ներս նայեց: Քարը դատարկ էր, ինչպես պստլիկ մի սենյակ:

Հայրդ սողաց քարի մեջ, նստեց ներսում ու սկսեց դուրս նայել, կապտաբիլ երկնքին ու վայրի ծաղիկներին: Հայրիկին շատ դուր եկավ այդ քարը` նա որոշեց, որ դա տուն կլինի, եւ ողջ օրը խաղում էր քարի մեջ:

Մեծ քարի մեջ նա փոքրիկ քարեր ժողվեց: Նա որոշեց, որ փոքրիկ քարերը կլինեն օջախ, կահույք եւ մնացյալ ամեն ինչը, նա ուտելիք էր պատրաստում, իսկ ուտելիքը ծաղիկներն էին:

Սա պատմության վերջն է:

Այդժամ նա իր մուգ-երկնագույն աչքերով ինձ է նայում եւ տեսնում է ինձ երեխա` ես խաղում եմ քարի ներսում, երեւակայում եմ, որ վայրի ծաղիկները` համբուրգերներ են, եւ պատրաստում եմ դրանք փոքրիկ քարի վրա, որը նման է օջախի:

Նրան այդ պատմությունը երբեք չի ձանձրացնում: Նա այն մի երեսուն կամ քառասուն անգամ լսել է եւ միշտ խնդրում է նորից պատմել:

Նրա համար դա շատ կարեւոր է:

Ես կարծում եմ, նրա համար այս պատմությունը` Քրիստաֆոր Կոլումբոսի դուռն է, որով նա հայտնաբերում է իր հորը, փոքրիկ, ինչպես ինքը:

Մոբիլիզացված հեքիաթասացը

– Դու փայտփորի՞կ ես,- հարցրի ես:

– Չէ,- պատասխանեց նա: -Ես փոքրիկ աղջիկ եմ: Որտե՞ղ էիք դուք ողջ այս ժամանակ, միստր:

Իսկ ես հանրային գրադարանի գեղարվեստական գրականության բաժնում էի եւ կարդում էի Ութսոն Թ. Սմիթ Բրաունլիի գիրքը, որտեղ նա շարադրում էր, ընդ որում՝ բավական տրամաբանորեն, որ բոլոր գրողներն ու բանաստեղծները հարկ է որ գրելը թողնեն եւ դրա փոխարեն՝ սկսեն զբաղվել աղյուս շարելով: Ես շատ տարվեցի գրքով, եւ այդ պահին ինչ-որ մեկը սկսեց խփել ոտքիս: Ինձ հետ առաջին անգամ էր նման բան պատահում, որ ես գրադարանում գիրք կարդայի, եւ ինչ-որ մեկը սկսեր խփել ոտքիս: Ինձ դա հետաքրքրեց: Ես նայեցի ներքեւ` այնտեղ կանգնած էր կանաչ զգեստով մի փոքրիկ, բաց գույնի մազերով աղջնակ, երկնագույն աչքերով, եւ ցուցամատով խփում էր ոտքիս:

– Ո՞ւր է մայրիկդ, փոքրիկ աղջիկ,- հարցրի ես:

– Խանութում,- պատասխանեց նա:

– Դու այստեղ ի՞նչ ես անում,- հարցրի ես: -Եվ չես դադարի արդյո՞ք, խնդրում եմ, խփել ոտքիս:

– Մայրիկս ինձ թողել է այստեղ կարդալու, իսկ ինքը գնացել է խանութ: Ես գիրք էի կարդում:

– Իսկ դու չե՞ս ուզում նորից գնալ ու գիրք կարդալ,- առաջարկեցի ես:

– Այն տափակ բան է:

– Եվ ի՞նչ պետք է ես անեմ:

– Ինձ հեքիաթ պատմես,- ասաց աղջիկը:

– Ի՞նչ:

– Սուս,- ասաց նա,- թե չէ բոլորին կարթնացնեք:

– Ես չեմ ուզում քեզ հեքիաթ պատմել,- պատասխանեցի ես։ -Ես ուզում եմ կարդալ այս գիրքը:

-Դուք ինձ հեքիաթ կպատմեք:

– Ինչո՞ւ ես,- հետաքրքրվեցի ես:

– Որովհետեւ ես այստեղ ստուգեցի բոլոր նրանց, որ մեծաբերան են, իսկ ձերը` ամենամեծն է:

– Իսկ ի՞նչ կլինի, եթե ես հրաժարվեմ քեզ հեքիաթ պատմել,- հարցրեցի ես:

– Առանձնապես ոչինչ,- սիրալիր պատասխանեց նա: -Ես պարզապես ինչքան ուժ ունեմ՝ կգոռամ, իսկ երբ բոլորը վազեն այստեղ, կասեմ, որ դուք իմ հայրն եք: Ինձ ասել են, որ երբ ես գոռում եմ, վրա է հասնում աշխարհի վերջը: Ես կարող եմ նույնիսկ կծել մի անմեղ պառավի: Ձեզ երբեւէ շղթայե՞լ են թիակներին, նավերի վրա, միստր:

Ես հասկացա, որ բռնվել եմ, եւ այդ պատճառով դժկամությամբ գիրքը տեղը դրեցի:

– Ես քեզ շեմին հեքիաթ կպատմեմ, դրսում,- ասացի ես պարտվածի տոնով:

– Ես գիտեի, որ դուք ինձ կհասկանաք,- ասաց աղջնակը:

Ես փոքրիկ աղջկա ձեռքը բռնած ելա գրադարանից, չկասկածելով անգամ` նա ունակ է ժխտելու Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը:

Ես նստեցի գրադարանի աստիճաններին, իսկ աղջիկն անվրդով, ասես ոչինչ էլ չէր պատահել, տեղավորվեց ծնկներիս վրա: Ես հայացքս ուղղեցի դեպի հին, բաղեղապատ քաղաքապետարանը, կտուրին թառած էին աղավնիներն ու ղունղունում էին:

– Ուզո՞ւմ ես հեքիաթ լսել աղավնու մասին,- հարցրի ես:

– Նրանցից մեկի մասի՞ն,- աղջիկը մատնացույց արեց քաղաքապետարանի կտուրը:

– Այո,- պատասխանեցի ես:

– Չէ,- ասաց նա:

– Ինչո՞ւ,- հարցրի ես:

– Որովհետեւ նրանք տխմարների նման են,- ասաց նա:

– Դե իսկ ի՞նչ հեքիաթ ես դու ուզում լսել:

– Դե այն, որտեղ կա փառավոր արյունալի սպանություն, եւ որ սեղմ լինի, ինչպես Հեմինգուեյի մոտ: Տանել չեմ կարողանում շեղումները:

– Հա՞:

– Դե շուտ արեք,- անհամբեր ասաց նա:

– Իսկ դու լսե՞լ ես Դրակուլայի մասին հեքիաթը:

– Այո,- ասաց նա,- դա մի հեքիաթ է, որ նույնքան հին է, որքան Կարպատները:

– Իսկ գիտաֆանտաստիկ հեքիաթ ուզո՞ւմ ես:

– Միայն թե ոչ պատանի տիեզերագնացների մասին,- իմաստնաբար ասաց նա:

– Կար-չկար,- սկսեցի ես,- հինգգլխանի կարիճների մի ցեղ Նեպտուն մոլորակի վրա:

– Այդ ինչ տափակություն է,- նկատեց աղջիկը: -Սկիզբը մորուքավոր է, իսկ բացի այդ, մթնոլորտը Նեպտուն մոլորակի վրա ամբողջովին սառցակպել է գետնին: Իսկ հինգգլխանի կարիճները ինչպե՞ս կարող են ապրել առանց մթնոլորտի:

Կախվեց լռության երկար մի ակնթարթ:

– Դու վստա՞հ ես, որ հեքիաթ ես ուզում լսել: -Գուցե դու վերադառնաս գրադարան եւ Նիցշե, Յունգ, կամ ինչ-որ մի այլ բան կարդաս:

– Ես հեքիաթ եմ ուզում:

Եվ ես նրան պատմեցի մի հեքիաթ գերզարգացած ինտելեկտով ընձառյուծային գորտերի մասին։ Նրանք գտել էին չորրորդ չափման մեջ ճամփորդելու հնարը եւ ողջ աշխարհը կստրկացնեին, եթե մի սխալ թույլ չտային` նրանք այնքան խորն էին թաղվել չորրորդ չափման մեջ, որ ընկան հինգերորդը, իսկ չորրորդը վերադառնալ չկարողացան, այդ պատճառով էլ Երկրին որեւէ վնաս չկարողացան հասցնել, չէ՞ որ երկիրն աշխատում է երեք կամ չորս չափման սկզբունքով: Երբ ես հեքիաթն ավարտեցի, գլուխս ցավում էր:

Փոքրիկ աղջիկը փոքր-ինչ մտածեց, եւ նրա դեմքը շատ լուրջ էր: Հետո նա ծնկներիցս իջավ ու ասաց.

– Միստր, դուք ավելի լավ է գնացեք ձեր գիրքը կարդացեք, հա՞:

Ես ծեծված խեցգետնի պես նետվեցի գրադարան: Փոքրիկ աղջկան ես այլեւս երբեք չտեսա` փառք քեզ Աստված:

«Ձկնորսությունն Ամերիկայում» վեպի կորցրած գլուխները` «Ռեմբրանդտի գետակը» եւ «Կարթագենի հոսքը»

Այս երկու գլուխները կորել էին ձմռան վերջին` 1961 թվականի գարնան սկզբին: Ես դրանք փնտրում էի, բայց ոչ մի տեղ չէի կարողանում գտնել: Գաղափար չունեմ, թե ինչու դրանք նորից չէի արտագրել, հենց որ հասկացա, որ դրանք կորել են: Ինչ էլ ասես, հանելուկ է` բայց դա չարեցի, եւ հիմա, ութ տարի անց, ես որոշեցի վերադառնալ առ այն ձմեռը, երբ ես քսանվեց տարեկան էի, եւ ապրում էի Սան Ֆրանցիսկոյում Գրինվիչ-Սթրիթի վրա, ամուսնացած էի, եւ վերջերս աղջիկ էի ունեցել, եւ ես գրեցի այս երկու գլուխները հանուն Ամերիկայի մտապատկերի եւ հետո դրանք կորցրի: Հիմա ես վերադառնում եմ այնտեղ` տեսնեմ, կկարողանա՞մ դրանք գտնել:

Ռեմբրանդտի գետակը

Ռեմբրանդտի գետակը ճիշտ այն տեսքն ուներ, ինչ նրա անունը, եւ հոսում էր լքված մի վայրում, ուր շատ գեշ ձմեռներ էին: Գետակը սկիզբ էր առնում սոճիներով շրջապատված լեռնաբերձ մարգագետնից: Դրանից հետո իսկական ցերեկային լույս, նա, թերեւս, չէր էլ տեսել, քանի որ միատեղվելով մի հոսքի մեջ, փոքրիկ մարգագետնային աղբյուրներից, լերանց եզրով ընթանալով լցվում էր սոճիների մեջ ընկողմանած գետահովտի մթին թավուտը:

Գետակը լեցուն էր փոքրիկ իշխաններով, այնքան վայրի, որ համարյա թե չէին վախենում, երբ մոտենում ջրին, կանգնում եւ նայում էիր ձկներին:

Ես երբեք չեմ բռնել նրանց` ոչ դասական, ոչ գործառնական իմաստով: Եվ ընդհանրապես գետակն այդ հիշում եմ միայն այն պատճառով, որ մենք դրա կողքին վրան էինք խփում, երբ գնում էինք եղնիկի որսի:

Ոչ, ինձ համար այդ գետը ձկնառատ չէր` մենք միայն այնտեղից ճամբարի համար ջուր էինք բերում: Իսկ կրում էր այն, հիմնականում, կարծես թե, ես: Նաեւ այդ գետակում ափսեների սարեր էի լվանում, որովհետեւ լրիվ դեռահաս էի, եւ ավելի հեշտ էր ստիպել դա ինձ անել, քան տղամարդկանց, որ ավելի տարեց էին ու իմաստուն, նրանց ժամանակ էր պետք, որպեսզի մտմտան այն մասին, թե ուր կարող են գնալ եղնիկները, ու մեկ էլ` վիսկի խմեն, որը, դատելով ըստ ամենայնի, օգնում էր որսի եւ այլ բաների մասին խորհրդածելուն:

– Է՜յ, լակոտ, գլուխդ քամակիցդ վեր քաշի ու մի բան արա էս ափսեների հետ,- այսպես էր ասում որսի երեցներից մեկը: Նրա ձայնը մինչեւ այսօր հնչում է որսորդական ձայներից գունագեղ մարմարյա արահետներում:

Ես հաճախ եմ հիշում Ռեմբրանդտի գետակը` այն նման էր նկարի, որ կախված է աշխարհի ամենամեծ թանգարանում, որի կտուրը հասնում է աստղերին, իսկ պատկերասրահներին հայտնի են գիսաստղերի առկայծումները:

Այդ գետում ես ձուկ բռնել եմ ընդամենը մի անգամ:

Սարքեր ես չունեի` միայն 30:30 «Վինչեսթեր», այդ պատճառով ես վերցրի մի ժանգոտած ծռված մեխ, դրա վրա ամրացնելով մի կտոր եղջերվի միս, եւ համարյա թե բռնեցի` ջրից ճանկեցի, բայց նա մեխից պոկվեց ու նորից ընկավ նկարի մեջ, որը նրան աչքերիցս հեռու տարավ, եւ վերադարձրեց Տասնյոթերորդ դար, ուր նրա տեղն է` Ռեմբրանդտ ազգանունով մարդու նկարակալի վրա:

Կարթագենի հոսքը

Կարթագեն գետը մռնչյունով դուրս էր պրծնում գետնի տակից, նրա ակունքը վայրի ջրհոր էր հիշեցնում: Այնուհետեւ նա գոռոզաբար հոսում էր տասնյակ մղոններ բաց գետահովտով, իսկ հետո պարզապես կորչում էր գետնի տակ: Այդ վայրը կոչվում էր Կարթագենի Հոսք:

Գետը սիրում էր բոլորին պատմել (եւ ամեն ինչը` երկինքը, քամին, ծառերը, որ աճում էին կողքին, թռչունները, եղնիկները եւ նույնիսկ աստղերը, որքան էլ դժվար է դրան հավատալը), թե ինչ մեծ է ինքը:

– Ես մռնչյունով պոկվում եմ գետնի տակից եւ մռնչյունով գետնի տակ եմ անցնում: Ես` իմ ջրերի տիրակալն եմ: Ես` իմ հայրն ու մայրն եմ: Ինձ ոչ մի կաթիլ անձրեւ պետք չի: Նայեք իմ հարթ, ուժեղ, ճերմակ մկաններին: Ես ինքս իմ ապագան եմ:

Այդպիսի խոսակցություններ էր վարում Կարթագեն գետն արդեն հազար տարի: Ինչ արած` բոլորին (իսկ բոլորը` դա երկինքն է եւ այլն) նա զզվացրել էր չուզելու աստիճանի:

Թռչուններն ու եղնիկներն աշխատում էին այդ տեղերից հեռու մնալ: Աստղերը ստիպված էին սպասողական դիրք գրավել, իսկ քամին նկատելիորեն նվազել էր, քամին բարձրանում էր միայն Կարթագեն գետից:

Նույնիսկ իշխանը, որ բնակվում էր այնտեղ, ամաչում էր գետից եւ միշտ ուրախանում էր, երբ գալիս էր մեռնելու ժամանակը: Ավելի վատ բան չկա, քան անիծյալ ամբարտավան գետում ապրելը:

Իսկ մի անգամ Կարթագեն գետը, ըստ սովորության՝ իր մեծությամբ հպարտանալիս, կես խոսքի վրա չորացավ.

– Ես տիրակալ եմ…,- եվ կանգ առավ: Աներեւակայելի էր: Գետնից այլեւս ոչ մի կաթիլ ջուր դուրս չէր գալիս, իսկ նրա հոսքը շուտով վերածվեց շիթի, որ փսլնքոտ լակոտի քիթ էր հիշեցնում:

Ըստ ջրի հեգնանքի, Կարթագեն գետի ողջ գոռոզամտությունը կորավ, եւ գետահովտին տիրեց լավ տրամադրությունը: Այստեղ նորից չվեցին երջանիկ թռչունները` նայելու, թե ինչ է եղել այս վայրի հետ` ուժեղ քամի բարձրացավ, եւ նույնիսկ աստղերը երկնքում ավելի վաղ հայտնվեցին` ներքեւ աչք ածելու եւ երանելի ժպտալու:

Այստեղից մի քանի մղոնի վրա, լեռներում մոլեգնում էր կատաղի ամպրոպը, եւ Կարթագեն գետն աղաչեց, որ տեղատարափ անձրեւը փրկի իրեն:

– Խնդրում եմ քեզ,- պաղատեց գետը, թեեւ նրա ձայնից մնացել էր լոկ շշնջոցի ստվերը: -Օգնիր: Ինձ ջուր է պետք: Իմ իշխանը մեռնում է: Միայն նայիր այս խեղճ ձկներին:

Ամպրոպը նայեց իշխաններին: Ձկները շատ գոհ էին այն բանից, որ ամեն ինչ այսպես է դասավորվել, թեպետ նրանք բոլորը շուտով կմեռնեն:

Ամպրոպը ստիպված եղավ ինչ-որ արտասովոր խճճված պատմություն մոգոնել այն մասին, թե ինչպես նա պետք է այցելի ինչ-որ մեկի տատին, ում պաղպաղակի սառնախցիկը ջարդվել է, եւ այն նորոգելու համար, չգիտես ինչու, շատ անձրեւ է պետք:

– Դե, գուցե, մի քանի ամիս հետո մեզ կհաջողվի հանդիպել: Գալուց առաջ ես քեզ կզանգահարեմ:

Իսկ հաջորդ օրը, իհարկե, 1921 թվականի օգոստոսի 17-ն էր, եւ մեքենաներով լիքը ժողովուրդ էր հավաքվել, քաղաքից եւ այլ վայրերից: Նրանք նայում էին երբեմնի գետին եւ ապշած գլուխներն էին տարուբերում: Բացի այդ, նրանք կողովներով ահագին մթերք ունեին:

Տեղի թերթում երկու լուսանկարով հոդված հայտնվեց` այնտեղ պատկերված էին երկու դատարկ անցքեր հողի մեջ, որոնք նախկինում Կարթագեն գետի ակունքն ու հոսքն էին: Անցքերը քթածակի տեսք ունեին:

Իսկ մի այլ լուսանկարում մի կովբոյ նստած էր ձիու վրա: Նրա մի ձեռքին հովանոց էր, իսկ մյուսով նա մատնացույց էր անում Կարթագենի Հոսքի խորքերը: Նա շատ լուրջ տեսք ուներ: Լուսանկարը պետք է մարդկանց զվարճացներ, եւ դա հիանալի ստացվել էր:

Դե ահա, հիմա դուք ունեք «Ձկնորսությունն Ամերիկայում» վեպի կորցրած գլուխները: Ոճով նրանք, երեւի, տարբերվում են, որովհետեւ ես ինքս էլ հիմա փոխվել եմ` ես երեսունչորս տարեկան եմ, եւ դրանից զատ, հենց ամենասկզբում էլ ես դրանք փոքր-ինչ այլ կերպ էի գրել: Հետաքրքիր է, որ 1961 թվականին ես դրանք չարտագրեցի, այլ սպասեցի 1969 թվականի դեկտեմբերի չորսին, համարյա տասը տարի, որպեսզի վերադառնամ եւ դրանք հետս վերցնեմ:

Հայացք շնային զանգակատնից

«… Գերմանական որսաշան երեք լակոտ
փախել են տնից ու մոլորվել շրջանի սահմանի մոտ»:
«Հյուսիսային շրջանի թերթ»
Հյուսիսային Սանտա Կրուզ շրջանի
քաղաքացիների համար

Ես արդեն երկու ամիս մտածում եմ այս փոքրիկ նոթագրության մասին, որ կարդացել եմ «Հյուսիսային շրջանի թերթում»: Դրանում փոքրիկ ողբերգության ուրվագծերն են: Ես գիտեմ, որ աշխարհում այնքան սարսափ է ծաղկում (Վիետնամ, սով, խռովություն, վախ, անհուսություն եւ այլն), որ երեք մոլորված թուլաները այնքան էլ չեն տպավորում, բայց ես հուզվում եմ, եւ ինձ թվում է, որ այդ սովորական իրադարձությունը օպտիկական նշանառություն է, որ միտված է առավել մեծ տառապանքի:

«… Գերմանական որսաշան երեք լակոտ փախել են տնից ու մոլորվել շրջանի սահմանի մոտ»: Հնչում է, ինչպես տող Բոբ Դիլանի երգից:

Գուցե նրանք խաղալիս, հաչելով եւ միմյանց հետեւից ընկնելով, անհետացան անտառում, ուր թափառում են մինչեւ այսօր, կծկված մինչեւ շնային կրծուկը, անընդունակ մտքով հասու լինելու, թե ինչ է իրենց հետ պատահել, քանզի նրանց ուղեղները կիպ կպած են փորերին:

Նրանց ձայները հիմա լալիս են քաղցից ու ահից, եւ խաղերի օրերն ավարտված են` անհոգ հաճույքի այն օրերը, որ նետեցին նրանց մղձավանջային անտառները:

Վախենամ, որ այս դժբախտ մոլորված շները` ստվերն է հետագա ճամփորդության, եթե մենք ուշք չդարձնենք, թե ուր ենք քշվում:

35 միլիմետրանոց ժապավենի անսահմանափակ պաշարը

Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է նա նրա հետ: Տեղ չի հասնում: Նա այնքան համակրելի է: Իսկ կինը` ոչ մի բան: «Ի՞նչ է նա գտել նրա մեջ»,- հարցնում են նրանք իրենց եւ այլոց: Նրանք գիտեն, որ բանն այն չէ, թե ինչպես է նա պատրաստում, որովհետեւ նրանից խոհարարուհի դուրս չի գա: Համարյա միակ բանը, որ նա կարողանում է փոքրիշատե տանելի դրստել` մսով ռուլետն է: Նա այն պատրաստում է ամեն երեքշաբթի երեկոյան, այդ պատճառով էլ չորեքշաբթի մսով ռուլետով սենդվիչ է մատուցում: Տարիներն անցնում են: Նրանք միասին են մնում, իսկ շուրջբոլորը բոլոր զույգերը բաժանվում են:

Սկզբնական պատասխանը, ինչպես դա հաճախ լինում է, պառկած է անկողնում, ուր նրանք սեր են անում: Նա դառնում է կինոթատրոն, որում նա պտտացնում է իր սեքսուալ անուրջների ժապավենը: Կնոջ մարմինը` կենդանի բազկաթոռների փափուկ շարքերն են, որ մոտեցնում են արգանդին` նրա երեւակայության ջերմ էկրանին, որում նա սեր է անում բոլոր կանանց հետ, որոնց տեսնում եւ ցանկանում է, ասես վաղանցիկ սնդիկավոր կինո, բայց նա այդ մասին ոչինչ չգիտի:

Կինը միայն գիտի, որ շատ սիրում է նրան, որ նա միշտ իրեն ուրախացնում է, եւ, որ նա ինքն իրեն նրա հետ շատ լավ է զգում: Նա չորսին արդեն իր տեղը չի գտնում, քանի որ գիտի, որ հինգին նա տանն է լինելու:

Նա նրա մեջ բյուր տարբեր կանանց էր սիրում: Նրա բոլոր երազանքներն իրականանում են, երբ նա պառկած է իր հպումներում, ինչպես պարզ ու գոհ կինոթատրոն, մտածելով լոկ նրա մասին:

«Եվ ի՞նչ է նա նրա մեջ տեսնում»,- շարունակում են հարցնել մարդիկ իրենց եւ այլոց: Կարելի էր եւ գլխի ընկնել: Վերջնական պատասխանը շատ պարզ է: Ամեն ինչ նրա գլխում է:

Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին

Հնչում է՝ հանց եկեղեցական երաժշտություն: Ընկերս հենց նոր վերադարձել է Նյու Յորքից, ուր նրա համար մեքենագրում էր Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին:

Նա հաջողակ գրող է, այնպես որ, վերցրել ու գտել է բացարձակապես լավագույնին, եւ դա մի կին էր, որ մեքենագրում էր Էռնեստ Հեմինգուեյի համար: Միայն այդ մտքից արդեն շունչդ կտրվում է, իսկ թոքերդ անշարժանում են համր մարմարում:

Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին:

Ցանկացած երիտասարդ գրողի մարմնավորված երազանքը` ձեռքերը նման են կլավեսինի, հայացքի կատարյալ լարումը, եւ դրան հետեւող գրամեքենայի խորազգաց դոփյունը:

Նա նրան ժամը տասնհինգ դոլար էր վճարում: Ավելին, քան ստանում է ջրմուղագործը կամ էլեկտրիկը:

Օրական 120 դոլար: Մեքենագրուհուն:

Ասում էր, որ նա անում է ամեն ինչ:

Նրան տալիս է ձեռագիրը, իսկ ետ ստանում մի հրաշք` հիանալիորեն ճշգրիտ ուղղագրություն եւ կետադրություն, այնքան հիասքանչ, որ աչքերիդ արցունք է գալիս, պարբերությունները, ասես հունական տաճարներ, եւ նա նույնիսկ քո փոխարեն ավարտում է նախադասությունները:

Նա Էռնեստա Հեմինգուեյան է:

Նա Էռնեստ Հեմինգուեյի մեքենագրուհին է: