Քննադատել է

14/10/2009

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով պատասխանատու Միկլոշ Հարաշտին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` զրպարտության մեղադրանքով հինգ լրագրողների քրեական պատասխանատվության ենթարկելու եւ երկուսին ազատազրկելու համար: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Հարաշտին այդ մասին նամակ է հասցեագրել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որտեղ նշել է. «Այդ դատավճիռները է՛լ ավելի են խստացնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված քրեական հետապնդումները: Ադրբեջանում ազատազրկված հինգ լրագրող կա, որը ամենամեծ թիվն է ԵԱՀԿ անդամ երկրներում»: Հիշեցնենք, որ Բաքվի դատարանի` հոկտեմբերի 8-ին կայացրած որոշման համաձայն, Nota օրաթերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլին եւ լրագրող Ֆարամազ Ալլահվերդիեւը եռամսյա ազատազրկման են դատապարտվել` զրպարտության համար: Նույն օրաթերթի մեկ այլ թղթակից` Ռամիզ Թաղիեւը, նույն մեղադրանքով դատապարտվել է վեց ամսվա պայմանական ազատազրկման: Լրագրողների դեմ հարուցված մեկ այլ գործով դատապարտվել են Fanat.az ինտերնետային պարբերականի թղթակից Նաթիք Մուխթարը եւ խմբագիր Զահիդ Ազամաթը. նրանց նկատմամբ պատժի միջոց է ընտրվել ուղղիչ աշխատանքը: Լրագրողները, դատարանի որոշման համաձայն, պարտավորվել են շուրջ մեկ տարի սեփական աշխատավարձի 20 տոկոսը փոխանցել «Խազար Լանքյարան» ֆուտբոլային ակումբի նախագահին` վերջինիս զրպարտելու եւ արժանապատվությունը վիրավորելու համար: «Կոչ եմ անում Ձեր կառավարությանը վերանայել այդ դատավճիռները, որոնք հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, որոնք ոչ մի դեպքում չեն հաստատել լրագրողի ազատազրկումը մասնագիտական սխալների համար,- գրել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Ադրբեջանի արտգործնախարարին եւ եզրափակելով,- Ժամանակն է, որ Ադրբեջանը մեկընդմիշտ դադարեցնի այդօրինակ վարկաբեկիչ դատական գործընթացները»: