Եվրոպայի թուրքական եւ ադրբեջանական համայնքները բանակցություններ են վարում հայ-թուրքական սահմանի բացումը կանխելու ուղղությամբ: «Թուրքական կազմակերպություններն էլ ընդդիմանում են Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացմանը: Անհրաժեշտ է համբերատար գործել, որպեսզի քաղաքական խնդիրներ չառաջանան»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Բենիլյուքսում ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Էթիբար Մամեդովը, ում կարծիքով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները դեռ չեն նշանակում սահմանի բացում: Վրաստանում ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաեւն էլ ասել է, թե իրենք էլ բանակցում են Թուրքիայի խորհրդարանում շրջանների ներկայացուցիչների հետ: «Ադրբեջանական սփյուռքը հույս ունի, որ Թուրքիան ծանր վիճակում չի թողնի եղբայրական երկրին: Մենք ասել ենք, որ քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան խնդիրը, հայ-թուրքական սահմանը չպետք է բացվի»,- հայտարարել է Ալի Բաբաեւը: