«Քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զորքերը «իր օկուպացրած ադրբեջանական տարածքից», Թուրքիան չի կարող դրական դիրքորոշում ունենալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում»,- կիրակի օրը նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Նա ասել է, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կներկայացվեն թուրքական խորհրդարանին, սակայն միաժամանակ զգուշացրել է հնարավոր խնդիրների մասին: «Մենք խորհրդարան կներկայացնենք մեր ԱԳ նախարարների ստորագրած արձանագրությունները, սակայն մեր պատգամավորները դրանք վավերացնելու համար, անկասկած, հարց կբարձրացնեն հայ-ադրբեջանական խնդրի մասին,- ասել է Էրդողանը` ավելացնելով,- Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը սկսեն որոնել իրենց խնդիրների լուծումը, Թուրքիայում հանրային կարծիքը ավելի բարձր կգնահատի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը: Եվ դա կդյուրացնի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը»: